Saturday, September 25, 2010

ՊԵՏՔ Է ՍՏԻՊԵԼ ՓՈԽԵԼ ԽԱՂԻ ԿԱՆՈՆԸ

Տիգրան Պասկեւիչյան. Հրապարակախոս

-Պարոն Պասկեւիչյան, քաղաքական խավից ի՞նչ պահանջներ ունի հասարակությունը: Շատերն այն կարծիքին են, որ մենք դեռ պետք է ճշտենք` ինչ բան է քաղաքական խավը, որովհետեւ չունենք քաղաքականություն:
-Ճիշտ է, նախ հասկանանք՝ ի՞նչ բան է քաղաքական խավը կամ դասն՝ ինչպես ասում են ուրիշները։ Ես կարծում եմ, նման բան մեզանում գոյություն չունի։ Քաղաքական խավը պետք է ձեւավորվեր ընտրության միջոցով, իսկ ընտրություն Հայաստանում, ինչպես գիտեք, չկա։ Եթե վերջին 10-12 տարիներին ընտրությունները մշտապես կեղծվել են, ինչպե՞ս, ինչի՞ շնորհիվ պետք է ձեւավորվեր այդ խավը։ Սա պետք է հասկանալ, հետո նոր մտածել, թե հասարակությունն ուրիշ ի՞նչ պահանջ կարող է դնել։

-Այդ դեպքում, ովքե՞ր են զբաղվում քաղաքականությամբ, ովքե՞ր են ներկայացնում քաղաքական դաշտը։
-Ես ասացի, որ քաղաքական խավ չկա։ Կան քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, առանձին խմբեր, որոնց մի մասը կոչվում է իշխանություն, մյուս մասն՝ ընդդիմություն, բայց խավ՝ որպես այդպիսին, չկա։ Այդպես Հայաստանում կան կենսամակարդակով միջին խավի չափանիշներին համապատասխանող առանձին մարդիկ, ընտանիքներ, բայց միջին խավ չկա, չէ՞։

-Իսկ այդ չձեւավորված քաղաքական խավից կամ քաղաքական գործիչներից հասարակությունը որեւէ պահանջ ունի՞: Որքան էլ քաղաքական խավ Հայաստանում ընտրությունների միջոցով չի ձեւավորվել, բայց այս կամ այն պահանջներ հասարակական ճնշման արդյունքում բարձրացվում են նախաձեռնությունների միջոցով, մասնավորապես օտարալեզու դպրոցների վերաբացմանը, մի շարք բնապահպանական խնդիրների դեմ եւ այլն:
-Այդ նախաձեռնությունները լոկալ քաղաքացիական խմբերից են դուրս գալիս: Եթե մենք ասում ենք հասարակություն, նախ պետք է սահմանենք՝ հասարակությունն ի՞նչ է, հասկանանք ծավալը, մակերեսը, խորությունը։ Բայց նույնիսկ հասկանալուց առաջ իմ պատկերացումը շատ հստակ է։ Հասարակության կամ ժողովրդի կամ համայնքի պահանջը ԱՆԿԵՂԾ, ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ անցկացնելն է։ Սա ենթադրություն չէ, այլ համոզմունք, որը ձեւավորվել է անցած քսան տարվա փորձի գնահատմամբ։ Ոչ հացի, ոչ կարագի կամ ձեթի գնի թանկացումը, ոչ նույնիսկ բանակում կամ ոստիկանությունում տեղի ունեցող ապօրինությունները, ոչ մի խնդիր հասարակությանը ոտքի չի հանել, բացի կեղծված ընտրություններից: Այսինքն՝ պետք է արձանագրենք, որ ժողովուրդն արթնանում է այն ժամանակ, երբ իր ամենաբնական իրավունքը` ընտրելու իրավունքը խախտվում է:

-Չե՞ք կարծում, որ պարզապես մինչեւ ընտրություններ հասարակության մեջ գումարվում են բոլոր պահանջները, հետո դրանք արտահայտվում կեղծված ընտրությունների միջոցով:
-Մարդիկ շատ լավ հասկանում են, որ բոլոր տեսակի խնդիրները կարող են լուծում գտնել, եթե երկրում լինի օրինական իշխանություն։ Սոցիալական բունտը մշտապես իր տեղը զիջում է արդարության որոնմանը։

-Ի վերջո, ըստ Ձեզ, ինչպե՞ս է հնարավոր ձեւավորել քաղաքական խավ:
-Դրա ձեւավորման համար անհրաժեշտ են մի քանի գործիքներ` անկեղծ, արդար ընտրություններ, ազատ ԶԼՄ-ներ (հատկապես՝ հեռուստատեսություն) եւ քաղաքացիական նախաձեռնություններ: Այս դեպքում միայն կհայտնվեն նոր դեմքեր։ Երբ մարդիկ ասում են՝ ընդդիմության մեջ նոր դեմքեր չկան, չեն էլ նկատում, որ նոր դեմքերը բացառված են նաեւ իշխանության մեջ։ Իշխանությունը, մենաշնորհելով վերը ասածս գործիքներից երկուսը՝ ընտրական մեխանիզմն ու ԶԼՄ-ները, արգելակել է ոչ միայն ընդդիմության, այլեւ հենց իր սերնդափոխությունը։ Իսկ եթե գեներացիա տեղի չի ունենում, քաղաքական խավն ինչպե՞ս է ձեւավորվելու։

-Հանարհավաքները կարո՞ղ են քաղաքական խավի ձեւավորման համար հարթակ հանդիսանալ:
-Գիտե՞ք, հանրահավաքների դերը ես ոչ թերագնահատում եմ, ոչ էլ՝ գերագնահատում։ Դրանք ավելի շուտ նախընտրական եւ հետընտրական գործիք են։ Հանրահավաքներով գուցե հնարավոր լինի հասնել ընտրությունների եւ ԶԼՄ-ների նշանակության վերականգնմանը, բայց հանրահավաքներն ինքնին համարժեք գործիք չեն։

-Ըստ էության, Ձեր ասած ընտրությունների անցկացման պահանջը հենց արդարացի կարգի հաստատումն է: Թեեւ մեզանում նույնիսկ համարվում է, որ արդարությունը չէ համընդհանուր պահանջ: Մանվել Սարգսյանն այն կարծիքին է, որ արդարացի կարգ պետք է ոչ թե պահանջել, այլ կառուցել:
-Համաձայն եմ։ Եկեք արդարությունը համեմատենք ջրի հետ։ Իմ կարծիքով, ինչպես առանց ջրի, այնպես էլ առանց արդարության ապրել հնարավոր չէ։ Երբ մարդը տեսնում է՝ ջուր կա, մտածում է այն մոտեցնելու մասին։ Ավազան է կառուցում, խողովակներ է անցկացնում, ծորակ տեղադրում եւ այլն։ Հիմա արդարությունը կա, բայց չկա այն մոտեցնելու, այսպես ասենք, ենթակառուցվածքը։ Մարդիկ շատ լավ հասկանում են, որ արդարությանը հանդիպել հնարավոր է միայն այդ ենթակառուցվածքի միջոցով։ Դրա համար էլ ամեն անգամ ոտքի են կանգնում ու պահանջում արդար ընտրություններ։

-5000 դրամով գնում ընտրում են, կատարում իրենց պատկերացրած արդար ընտրությունը, այս դեպքում էլ ի՞նչ իրական արդարություն:
-Դա ոչ մի կապ չունի արդարության հետ։ Դուք խոսում եք խաղի գոյություն ունեցող կանոնների մասին։ Երբ մարդուն անընդհատ ներշնչում են, որ իր ձայնը ոչինչ չի նշանակելու, որ իր ձայնով ոչինչ չի փոխվելու, նա մտածում է այդ պահին շահ ստանալու մասին եւ ասում՝ ինչու ոչ։ Մեկ ուրիշն էլ նույն ներշնչանքի ազդեցության տակ պարզապես չի գնում ընտրության։ Կան մարդիկ, ովքեր փող չեն վերցնում, բայց հարեւանին կամ բարեկամին լավություն անելու համար գնում ու ընտրում են նրանց ուզած մարդուն։

-Ըստ էության, Ձեր ասածը փակուղային իրավիճակ է, քանի որ մենք տեսնում ենք, որ ընտրությունների միջոցով փոփոխությունների հասնելուն արդեն ոչ ոք չի հավատում:
-Պետք է ստիպել, որ իշխանությունները փոխեն խաղի կանոնները։ Այդ գործում պետք է ներգրավել նաեւ միջազգային կառույցներին։ Նրանց պետք է ասել՝ մենք գիտենք, թե ինչն է խանգարում ազատ, արդար, անկեղծ ընտրության անցկացմանը եւ, ահա, առաջարկում ենք անել այս-այս-այս քայլերը։

-Իսկ հասարակության մեջ այսօր ի վերջո արդար ընտրությունների պահանջ կա՞:
-Կարծում եմ, ուրիշ պահանջ չկա։

-Իսկ կարո՞ղ է քրեաօլիգարխիկ խավը դրսեւորել քաղաքական կամք:
-Քրեաօլիգարխիկ խավը պետք է մնա ժողովրդի մուրճի եւ միջազգային կառույցների սալի արանքում։ Միայն այդ դեպքում իշխանությունները կամ կհեռանան, կամ ստիպված կլինեն փոխել իրենց աշխարհայացքը։ Ինչո՞ւ եմ ասում՝ աշխարհայացք, որովհետեւ, օրինակ, Սերժ Սարգսյանի համար (նա մի քանի անգամ խոսել է դրա մասին) ժողովրդավարականի տիպարը 2007-ի ԱԺ ընտրություններն են։

-Դուք նշեցիք ճնշումները, դրանք ի՞նչ տեսակ պետք է լինեն, այնպես, ինչպես պայքարում են նախաձեռություննե՞րը:
-Հասարակական բոլոր խմբերը պետք է գան փոխհամաձայնության։ Բոլոր խմբերը պետք է հասկանան, որ առանց անկեղծ, արդար ընտրության, առանց դրա միջոցով իշխանություն ձեւավորելու ոչինչ չի փոխվելու։ Բոլորը պետք է հասկանան ակունքին հասնելու անհրաժեշտությունը։ Ես խոսում եմ նորմալ, առողջ խմբերի մասին, ոչ թե նրանց, ովքեր գտել են կարկանդակից փոքրիկ բաժին պոկելու ձեւն ու գոհ են դրանից։ Կարծում եմ, կռահեցիք՝ ո՞ւմ մասին է խոսքը։

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

No comments: