Monday, September 20, 2010

Թուրքիան առաջադիմել է. եկեղեցին դարձնում է ոչ թե անասնագոմ, այլ թանգարան

Tert.am. 19-9-2010- «Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի այս խորհրդանշական վայրում շարունակենք այն պատարագը, որն 95 տարի առաջ ընդհատվեց Վանում՝ Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում։ Ընդհատվեց Թուրքիայի կառավարության կողմից», – այսօր այս մասին Ծիծեռնակաբերդում ասաց «Միասին» շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանը։

Նա նշեց, որ ժամանակակից Թուրքիան և այդ երկրի կառավարությունը չի փոխվել։ Այս կոնտեքստում շարժման ղեկավարը հիշեցրեց, որ վերջերս թուրքական ժամանակակից կառավարությունը ոստիկանների միջոցով թույլ չտվեց «Հայ ասպետ» հեռուստախաղի պատանի մասնակիցներին աղոթել եկեղեցում։
Նա նկատեց, որ թուրքերը վերանվանել են Աղթամարը Աքդամար, ինչը թարգմանաբար նշանակում է«Սպիտակ երակ»։ «Սակայն յուրաքանչյուր մարդ, ով գոնե մի փոքր պատկերացում ունի Աղթամարի մասին, կարող է փաստել, որ այս վայրը որևէ կապ չունի «սպիտակ երակի» հետ», – ասաց նա։
Միաժամանակ, նա նշեց, որ այսօր էլ Եղեռնը շարունակվում է։ «Ի՞նչ է այն, եթե ոչ Եղեռնի շարունակություն։ Նրանք փորձում են միջազգային հանրությանը մոլորեցնել, փորձում են խոչընդոտել Ցեղասպանության միջազգային ճանաչումը», – հավելեց նա։
Հակոբյանի խոսքով, Թուրքիան փորձում է ցույց տալ, թե դարձել է ավելի ժողովրդավարական։ «Իհարկե, ժողովրդավար են. չէ՞ որ արդեն անասնագոմի փոխարեն եկեղեցին գոնե թանգարան են դարձնում։ Մեր ունեցած սեփականությունը, որը բռնի ուժով մեզանից խլել են, արդեն գոնե պարտքով մեկ օրով ուզում են մեզ տալ», – ասաց նա։
Շարժման ղեկավարը նշեց, թե հարկ է, որ բոլոր մասնակիցները Ծիծեռնակաբերդից ևս մեկ անգամ ասեն ժամանակակից Թուրքիային՝ ամո՛թ։ Այս խոսքերից հետո, ակցիայի բոլոր մասնակիցները գոչեցին. «Ամո՛թ, ամո՛թ»։

No comments: