Thursday, September 16, 2010

Հրանուշ Հակոբյանը հիշել է սփյուռքին, որին իշխանությունը դիտում է որպես «կթան կով»

News.am. 15-9-2010- Սփյուռքի նախարարության ստեղծումից հետո վերջապես այդ կառույցը կառավարության նիստերին հիշեցրել է իր մասին՝ վաղը կքննարկվի եւ, հավանաբար, կհաստատվի «Հայկական սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման մեխանիզմների ու տվյալների միասնական համակարգի ստեղծման» ծրագիրը։ Վերնագիրը բավական խոսուն է, որը ցույց է տալիս Սփյուռքի ներուժի բացահայտման ու օգտագործման նախկին աշխատանքների անարդյունավետությունը կամ դրանց լիակատար բացակայությունը։ Սակայն ծրագիրը թերթելով՝ այնտեղ ոչ մի նոր բան չեք գտնի։ Հիմնականում խոսք է գնում տվյալների բազայի, այդ նպատակով՝ էլեկտրոնային միասնական շտեմարանի, համահայկական մասնագիտական ցանցերի ստեղծման մասին։ Նախարարությունը խոսք է տալիս ապահովել սփյուռքահայերի մասնակցությունը համազգային խնդիրների լուծման գործում, սերտ կապեր հաստատել սփյուռքի եւ Հայաստանի մասնագիտական կազմակերպությունների միջեւ, դիմակայել սփյուռքի ուծացմանը եւ այլն։ Սակայն մի՞թե այդ ամենը թվարկելու համար արժեր հատուկ ծրագիր հաստատել, որն, ըստ էության, նախարարության հիմնական գործառույթների կրկնությունն է։

Ըստ էության՝ Հրանուշ Հակոբյանի քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում նախորդ տասնամյակի քաղաքականությունից, ըստ որի՝ սփյուռքը դիտարկվում է որպես «կթան կով», որպես օգտագործման ենթակա նյութ։ Փոխվում են գուցե օգտագործման եղանակները եւ մասշտաբները, բայց ոչ ռազմավարության էությունը։ Իհարկե՝ սփյուռքը մեծ ներուժ ունի եւ այն պետք է օգտագործել։ Բայց սփյուռքը նաեւ օգնության կարիք ունի եւ նրան պետք է օգնել։ Բայց որպեսզի մենք կարողանանք փոխադարձաբար միմյանց օգնել, առաջին հերթին պետք է բարելավենք Հայաստանի տնտեսական, քաղաքական եւ մշակութային միջավայրը։

Սփյուռքահայ գործարարների ներդրումները Հայաստանում համարյա զրոյական մակարդակի վրա են։ Հատուկենտ մարդիկ միայն, որ կարողանում են իշխանությունների հետ լեզու գտնել, այստեղ ներդրում են իրականացնում։ Հայաստանի իշխանություններն իրենք իրենց հռչակել են հայության տարբեր հատվածների միջեւ միջնորդներ, բայց ավելի շատ սեպ են խրում, քան միավորում են։ Եթե Հայաստանի ներդրումային միջավայրը բարելավվի, ապա հատուկ ծրագրեր պետք չի լինի կազմելու՝ սփյուռքի ֆինանսական հոսքերը Հայաստան ուղղելու համար։ Բայց այնպես է ստացվել, որ սփյուռքը Հայաստանի իշխանություններին պետք է որպես ոչ թե գործընկեր, այլ դոնոր՝ որպես դրամաշնորհների, հովանավորչությունների եւ բարեգործությունների աղբյուր։ Այդ նպատակով էլ սփյուռքի հետ հարաբերությունների անկյունաքարը դարձել է ցեղասպանության հարցը։ Սփյուռքի բարեգործական ու քաղաքական կազմակերպությունների համար դա էական նշանակություն ունի, թեեւ ֆինանսական ու գործարար շրջանակներն, ընդհակառակը, հետաքրքրված են հայ-թուրքական տնտեսական կապերի ընդլայնմամբ։

Կառավարության ընտրությունն առայժմ կանգ է առել բարեգործների վրա, թեեւ, եկեք խոստովանենք՝ սփյուռքն ավելի լայն հասկացություն է։

Սամվել Ավագյան

No comments: