Wednesday, September 15, 2010

Պայքարի հանգրվան. Արա Քոչունյանը մեկնաբանում է Դինքի գործով ՄԻԵԴ կայացրած որոշումը

Panorama.am. 14-9-2010- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, որի համաձայն բավարարվում է Հրանտ Դինքի ընտանիքի հայցն ընդդեմ թուրքական կառավարության, պայքարի հանգրվան է: ՄԻԵԴ կայացրած որոշումն այսօր հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես գնահատեց Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Քոչունյանը: Այս մասին հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը Ստամբուլից:
«Դինքի սպանությունից հետո սա ընդհանուր պայքարի հանգրվան է, որը թուրքական կառավարության կողմից անուշադրության չպետք է մատնվի: Հրանտի սպանությունից հետո մի անգամ ևս փաստվեց, որ այդ սպանության դեպքը ընդվզեցուցիչ, անընդունելի հանգամանքների մեջ երևաց»,- հավելեց Քոչունյանը:

Նա նկատեց, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքական կառավարությունը չի բեկանելու ՄԻԵԴ կայացրած որոշումը, որի իրավունքն ունեցել է:

«Այդպիսով ցույց են տալիս, թե բարի կամք են ցուցաբերում, բայց ինչ էլ անեն, բարի կամք ցուցաբերելու անհրաժեշտությունը մնում է», - նկատեց Քոչունյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՄԻԵԴ-ը մեղավոր է ճանաչել Թուրքիային բազում սպառնալիքներից հետո Հրանտ Դինքի անվտանգությունը հավուր պատշաճի չապահովելու և Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նրան մեղադրելու համար:

Եվրադատարանը Թուրքիային մեղադրել է Մարդու իրավունքների համաձայնագրի 2 կետերի խախտման մեջ` պարտադրելով Դինքի ընտանիքին վճարել 105 հազար եվրո փոխհատուցում, իսկ դատական ծախսերի համար` 28 հազար 595 եվրո:

No comments: