Saturday, September 25, 2010

Ահմադինեժադն այցելել է Սառա Շուրդին

Tert.am. 25-9-2010- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հանդիպել է շուրջ մեկ տարի իրանյան բանտում անցկացրած ամերիկացի զբոսաշրջիկ Սառա Շուրդի հետ։ Այս մասին հայտնում է Associated Press –ը։
Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 24–ին Նյու Յորքում, ուր Ահմադինեժադը ժամանել էր ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու նպատակով։
Շուրդ ընտանիքի մամուլի քարտուղարը հաստատել է հանդիպման լուրը, սակայն հանդիպման բովանդակությանը չի անդրադարձել։
Հիշեցնենք, որ Սառան երկու այլ ամերիկացիների հետ ձերբակալվել էր 2009թ. Հուլիսին Իրանի և Իրաքի սահմանին։ Նրանք մեղադրվում են ապօրինաբար սահմանը անցնելու և լրտեսության համար։ Զբոսաշրջիկները տեղեկացրել էին, որ իրենք մոլորվել և պատահական են հայտնվել Իրանի տարածքում։
2010թ. սեպտեմբերի սկզբին հայտնի էր դարձել, որ իրանական իշխանությունները համաձայնել են ազատ արձակել Սառային։ Սկզբում ասվում էր, որ Ահմադինեժադն էր պատվիրել ազատ արձակել Սառային՝ մարդասիրական նկատառումներից ելնելով, հետո տեղեկություն տարածվեց, որ իրանական իշխանությունները կես մլն դոլար գրավ էին պահանջել։
Ընտանիքը չէր կարողացել գրավը վճարել, իսկ ամերիկյսն իշխանությունները հրաժարվել էին։ Այդուհանդերձ, սեպտեմբերի 14–ին հայտնի դարձավ, որ Սառան գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Ամերիկյան իշխանությունները այս տեղեկությունը ոչ հերքել, ոչ հաստատել էին։
Մյուս երկու բանտարկյալները՝ Շեն Բաուերը և Ջոշուա Ֆետալը դեռ գտնվում են Իրանի բանտում։

No comments: