Monday, September 27, 2010

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը սատարում է շփման գծից դիպուկահարների հետքաշմանը

Սեպտեմբերի 25-ին Նյու-Յորքում Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին:
Բան Կի Մունը բարձր է գնահատել Հայաստանի դերակատարությունը ՄԱԿ-ի նպատակների իրականացման գործում և մասնակցությունը Հազարամյակի զարգացման նպատակների գագաթաժողովին:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ինքը սատարում է շփման գծից դիպուկահարների հետքաշմանը, ինչը զգալիորեն կնպաստի զինադադարի ամրապնդմանը: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ կիսում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետը և հույս հայտնել, որ Ադրբեջանը ևս կընդունի այս կապակցությամբ բազմիցս արված առաջարկությունը:
Ներկայացնելով մեկ տարի առաջ Հայաստանի արտգործնախարարի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջև կայացած հանդիպումից ի վեր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման ճանապարհին տեղի ունեցած զարգացումները` Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հայ-թուրքական կարգավորման գործընթացին ցուցաբերած անվերապահ աջակցության համար:
Ավարտելով այցելությունը Նյու-Յորք` Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Բոստոն, ուր նախատեսված է նրա ելույթը Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում և հանդիպումը հայ համայնքի հետ:

No comments: