Saturday, September 18, 2010

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսեանի հարցազրոյցը ,ազգէ օրաթերթին

- Պրն. Կիրակոսեան, Մակ-ի Գլխաւոր ասամբլէայի վերջին նստաշրջանում Ադրբեջանի նախաձեռնած հերթական բանաձեւի նախագիծը հանուեց քննարկումից` թողնուելով յաջորդ նստաշրջանին: Ինչպէ՞ս կը մեկնաբանէիք նման քայլը, երբ բանաձեւի նախագծի քննարկման յետաձգումը ներկայացւում է որպէս ԵԱՀԿ համանախագահող երկրների ճնշման արդիւնք:

- Նախ` պէտք է յստակութիւն մտցնել այս հարցադրման մէջ: Խօսքն այստեղ ոչ թէ բանաձեւի նախագծի քննարկումը Մակ-ի Գլխաւոր ասամբլէայի յաջորդ նստաշրջան տեղափոխելու մասին է, այլ` քննարկումից ընդհանրապէս հանելու: Խօսքը ոչ թէ բանաձեւի, այլ օրակարգի կէտի 65-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին է: Մակ-ում բանաձեւի նախագծի յետաձգում մէկ այլ նստաշրջանի հնարաւոր չէ: Տուեալ նախագիծը քուէարկութեան չդրուելու պարագայում` համապատասխան նստաշրջանի աւարտից յետոյ այլեւս դադարում է գոյութիւն ունենալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ինչպէս նաեւ միջազգային հանրութեան գերակշիռ մասը դէմ են արտայայտուել ԼՂ հակամարտութեան կարգաւորման ներկայիս ձեւաչափի փոփոխմանն ուղղուած որեւէ քայլի եւ միանշանակ սատարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Բնականաբար, Ադրբեջանի նման ապակառուցողական կեցուածքը, աջակցութիւն չգտնելով անդամ երկրների կողմից, բացասաբար պիտի անդրադառնար վերջինիս հեղինակութեան վրայ, այն ոչ միայն թոյլ չէր տայ Բաքուին ինչ-որ դիւիդենտներ ստանալ, այլեւ` հակառակը: Դա էլ հիմնականում պատճառ դարձաւ Ադրբեջանի կողմից բանաձեւը քուէարկութեան չներկայացնելու համար:

- Արդեօք այդ նախագծի գոյութիւնը յաջորդ նստաշրջանի օրակարգում չի՞ կարող օգտագործուել որպէս ճնշման լծակ Հայաստանի նկատմամբ:

- Ինչպէս բազմիցս նշուել է, Մակ-ի Գլխաւոր ասամբլէայի բանաձեւերը խորհրդատուական բնոյթ են կրում: Աւելին, մի բանաձեւ, որը Մակ-ի անդամ երկրների գերազանցող մեծամասնութեան աջակցութիւնը չի վայելում, չի կարող որեւէ ազդեցութիւն ունենալ, առաւել եւս` լծակ լինել: Այնուհանդերձ, Հայաստանը մշտապէս շեշտել է, որ զանազան միակողմանի փաստաթղթերի առաջադրումը տարբեր ատեաններում, եւ Մակ-ը բացառութիւն չէ, որտեղ հաշուի չեն առնւում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքը եւ ազատ սեփական կեանքը տնօրինելու ցանկութիւնը, միայն բացասաբար է անդրադառնում բանակցային գործընթացի վրայ` ստեղծելով անհարկի խոչընդոտներ ու ձգձգումներ: Դրա մասին է խօսում նաեւ անցեալի փորձը: Այս տեսակէտից եւս որեւէ նման թերարժէք փաստաթուղթ չի կարող դառնալ ճնշման լծակ ոչ Հայաստանի, ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի վրայ:

- Հնչում են տարբեր մեկնաբանութիւններ եւ գնահատականներ, թէ Մակ-ում նման իրավիճակը Հայաստանի արտաքին քաղաքականութեան պարտուողականութեան արդիւնք է: Միեւնոյն ժամանակ, անգամ այս բանաձեւի նախագիծը քուէարկութեան դրուելու դէպքում, անկասկած էր, որ կ'ընդունուի: Ինչպէ՞ս է Հայաստանը փորձում շտկել իրավիճակը:

- Կարծում եմ, սխալ է Մակ-ի Գլխաւոր ասամբլէայում ինչ-որ նախագծի անցնել-չանցնելը կապել արտաքին քաղաքական յաջողութեան կամ անյաջողութեան հետ: Նախ, ցանկացած երկիր իրաւունք ունի բանաձեւի նախագիծ ներկայացնել: Այլ խնդիր է, թէ նշեալ նախաձեռնութիւնը որքանով է սատարւում միւս պետութիւնների կողմից, եւ որքանով է այն առաջ մղում միջազգային գործընթացները: Ցաւօք, լինում են նաեւ ձեւական բնոյթի նախագծէր, որոնք աւելի շատ նպատակ ունեն ինչ-ինչ քուէներ շահելու, բայց որոնց օգտակարութիւնը խիստ կասկածելի է: Պարզապէս գործող ընթացակարգերի արդիւնքում դրանք կարող են ընդունուել, փաստացիօրէն մնալով թղթի վրայ: Նոյն Մակ-ում տարբեր երկրների դէմ տարբեր ժամանակներում բանաձեւէր են ընդունուել, սակայն դրանով նշուած պետութիւնների վարկանիշն ամենեւին չի նուազել, իսկ արտաքին քաղաքականութիւնը վնաս չի կրել: Արտաքին քաղաքական յաջողութիւնները, կարծում եմ, պէտք է գնահատել արդիւնքով, այլ ոչ թէ աղմկահարութեամբ: Եւ կոնկրէտ այս դէպքում ճիշտ հակառակն էր. ադրբեջանցիների հանած աղմուկի պարագայում հէնց իրենք էին յայտնուել ոչ շահեկան վիճակում:

- Ին՞չ է արուել Հայաստանի ԱԳ նախարարութեան կողմից բանաձեւի հնարաւոր բացասական ազդեցութիւնը կանխելու համար:

- Հնարաւոր բացասական ազդեցութեանն արդէն նախորդ հարցի ժամանակ անդրադարձ արուեց: Ինչ վերաբերում է գործադրած ջանքերին, ապա հանրապետութեան նախագահը, արտգործնախարարը եւ նախարարութիւնը անհրաժեշտ աշխատանք են իրականացրել միջազգային հանրութեանը ադրբեջանական այդ քայլի ապակառուցողական էութեան մասին իրազեկելու ուղղութեամբ: Դրա արդիւնքում է, որ այդ բանաձեւի նախագիծը հանուել է քննարկումից: Մի քանի օրերի ընթացքում մեր դիւանագիտական ներկայացուցչութիւնները 600-ից աւելի հանդիպումներ են ունեցել այլ երկրների ներկայացուցիչների հետ, արտգործնախարարը հարիւրաւոր հեռախօսազրոյցնէր է ունեցել իր գործընկերների հետ, 200-ից աւելի նամակներ է ուղարկել իր գործընկերներին, միջազգային կառոյցների ղեկավարներին: Այսինքն` բոլոր հնարաւոր ջանքերը գործադրուել են բանակցային գործընթացը անխաթար պահելու համար:

No comments: