Saturday, September 18, 2010

«ԱՅԱ ՍՈՖԻԱՆ 1500 ՏԱՐԻ ՈՐՊԵՍ ԱՂՈԹԱՐԱՆ Է ԾԱՌԱՅԵԼ, ԻՍԿ ՀԻՄԱ ԾԱՌԱՅՈՒՄ Է ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ»

Հայտարարել է Թուրքիայի մշակույթի նախարարըՙ ի պատասխան տաճարում եկեղեցական արարողություն կազմակերպելու հույների պահանջին
«ԱԶԳ», 18-09-2010- Սեպտեմբերի 19-ին նախատեսվում է պատարագի մատուցում Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում: Պատարագը կմատուցվի առանց խաչի տեղադրման: Թուրքական իշխանություններն այդ փաստը բացատրում են ժամանակի սղությամբ, ինչպես նաեւ կղզի վերամբարձ կռունկ տեղափոխելու դժվարությամբ, ասելով, որ 200 կգ կշռող խաչը առանց դրա անհնար է բարձրացնել եկեղեցու գմբեթը:
Սեպտեմբերի 15-ին կայքէջում CNN-Turk-ը նշում է. «Ստամբուլի հայոց պատրիարքարանի պատրաստած 100 կգ-նոց խաչը փոխադրվեց նախ Վանի թանգարան, որտեղից էլ Աղթամար կղզի»: Այսինքն, խաչի տեղադրումից հրաժարվելը վերամբարձ կռունկը կղզի տեղափոխելու դժվարությամբ բացատրելու համար թուրքական իշխանությունները դիտավորյալ կրկնապատկել են խաչի քաշը: Նրանց միեւնույն դիտավորությամբ տուրք են տվել Կ. Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհուրդն ու պատրիարքի տեղապահ Արամ արք. Աթեշյանըՙ դարձնելով խաչը նմանապես 200 կգ: Մինչդեռ 2007-ից տեղադրմանը սպասող այդ խաչը պատվիրել էր Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքը, հետեւաբար խաչի իրական քաշը դեռեւս պատրաստման օրից պետք է հայտնի լիներ պատրիարքի ամենապատիվ տեղապահին եւ պատրիարքարանի հոգեւոր խորհրդին:
Համենայն դեպս, նախքան Սուրբ Խաչի պատարագը, օգոստոսի 15-ին թուրքական իշխանությունների թույլտվությամբ պատարագ էր մատուցվել Տրապիզոնի հույն ուղղափառ եկեղեցու Սումելա վանքում: Թեեւ ծայրահեղ ազգայնականները, քեմալականների անվերապահ աջակցությամբ, պատարագի մատուցման համար դատապարտել էին վարչապետ Էրդողանի կառավարությանը, թե պատարագն ընդամենը նախերգանք է, հույներին շուտով կտրվի նաեւ Տրապիզոնում վերաբնակվելու իրավունք, որպեսզի վերականգնեն Պոնտոսի կայսրությունը, այնուամենայնիվ, Սումելայում պատարագի մատուցման, իսկ Սուրբ Խաչում թույլտվության կառավարական որոշումները ոգեւորել էին ԱՄՆ-ում գործող «Այա Սոֆիա տաճարի ծիսականների միջազգային միության» նախագահ Կրիս Սպիրուին :
Սեպտեմբերի 11-ին, ինչպես նշել էր թուրքական NTV-ն, նա նամակով դիմել է վարչապետ Էրդողանին եւ նրան հայտնել սեպտեմբերի 17-ին տաճարում եկեղեցական արարողություն կազմակերպելու միության անդամների ցանկությունը: Ի դեպ, այս 250 հոգանոց խումբը կազմված է հունական ծագումով ամերիկացիներից: Սպիրուն նամակում արարողությանը հրավիրել է նաեւ վարչապետ Էրդողանին, կառավարության անդամներին եւ կրոնական գործերի վարչության պետ Ալի Բարդակօղլուին:
Այա Սոֆիայում ժամերգություն կազմակերպելու այս պահանջը թուրքական կառավարությունը որակել էր սադրանք, իսկ մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հանդես էր եկել հայտարարությամբ. «Որեւէ կրոնի հանդեպ չենք կարող զիջողամտություն դրսեւորել: Այա Սոֆիան 1500 տարի գործել է որպես աղոթարան: Այսուհետեւ կշարունակի ծառայել համայն մարդկությանը: Մենք Այա Սոֆիան կպահպանենք որպես աշխարհի առանձնահատուկ տաճար: Ոչ ոք հատուկ թույլտվություն չի ստանա»:
Մինչդեռ թուրքական NTV-ի վկայությամբ, 2006-ին, երբ Այա Սոֆիա էր այցելել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը, ծայրահեղ ազգայնամոլ «Մեծ միասնություն» կուսակցության 40 անդամներ, ինչպես նաեւ կուսակցությանը կից գործող «Ալփերեն» օջախների ներկայացուցիչները Այա Սոֆիայում նամազի էին կանգնել, ապա եւ թուրքական դրոշ պարզել տաճարում ի նշան բողոքի:
Ավելացնենք, որ այս կուսակցությունն ու օջախները, որոնք խառնված են Հրանտ Դինքի սպանության մեջ, Այա Սոֆիայում նամազ անելու բազմաթիվ նոր փորձեր են արել: Այդ փորձերը հատկապես ակտիվացել են Տրապիզոնի Սումելա վանքում մատուցված պատարագից հետո: Սակայն տաճարը, որպես թանգարան, Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության իրավասության տակ է, իսկ նախարարությունը, նկատի առնելով այն, որ 1935-ին թանգարանի է վերածվել, ուստի տաճարում նամազ կամ ժամերգություն չի թույլատրվում:
Ինչ վերաբերում է «Այա Սոֆիա տաճարի ծիսականների միջազգային միության» նախագահ Կրիս Սպիրուի նամակին, ապա թուրքական «Ինտերհաբեր» կայքէջի վկայությամբ, սեպտեմբերի 16-ին միության անդամները, բախվելով Թուրքիայի դիվանագիտական բուռն ճնշումներին, հրաժարվել են տաճարում եկեղեցական արարողություն կազմակերպելու մտադրությունից: Այդ ընթացքում միության նախագահ Սպիրուն «Անադոլու» գործակալությանն ասել է, որ թուրքական իշխանություններից պատասխան են ստացել, որտեղ Այա Սոֆիայում ժամերգության կազմակերպումը բնութագրվում է սադրիչ պահանջ, ավելացնելով. «Այս գրությունը մեզ զրկում է Թուրքիա մուտք գործելու հնարավորությունից: Մինչդեռ մենք ընդամենը պատրաստվում էինք աղոթել Այա Սոֆիայում: Օգտվելով առիթից նշենք, որ 2005-ին ԱՄՆ-ում ստեղծված «Այա Սոֆիա տաճարի ծիսականների միջազգային միությունը» գործում է 1453-ին Կոստանդնուպոլսի գրավումից հետո սուլթան Մեհմեդ 2-րդի հրամանով մզկիթի վերածված հունական այս տաճարի նախկին կարգավիճակը վերականգնելու առաջադրանքով»:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: