Thursday, September 16, 2010

«ԴՈՒՔ ԴԻՄԵ՞Լ ԵՔ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

Հարցնում է եվրոպական դատարանի դատավորը ադրբեջանցի քրդերին
«Ազգ» 16-9-2010- Երեկ ԼՂ հիմնահարցի լուծման համար նշանակալից օր էր: Առաջին անգամ Ղարաբաղի բնակիչների հարցը տեղափոխվեց միջազգային իրավունքի դաշտ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Ստրասբուրգ) լսում էր երկու գործ` «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» եւ «Մինաս Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի»: Առաջինով Ադրբեջանի` ազգությամբ քուրդ 7 քաղաքացիներ` Չիրագովն ու մյուսները, գանգատվում էին, որ Հայաստանը չի թույլատրում իրենց վերադառնալ նախկին բնակության վայր` Լաչին, որտեղ թողել են իրենց տները, ունեցվածքը, ավտոմեքենաները: Ադրբեջանցի քրդերը նաեւ նշել էին, որ իրենք մոտ ապագայում որեւէ հույս չունեն, որ հնարավորություն կստանան իրենց գույքը տնօրինելու: Չիրագովն ու մյուսներն իրենց հայցը հիմնավորել էին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության առաջին հոդվածի (սեփականության պաշտպանության իրավունք), 8-րդ հոդվածի (անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 13-րդ հոդվածի(իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) եւ 14-րդ հոդվածի (խտրականության արգելում) հիման վրա: Միջազգային դատարանում Ադրբեջանի կառավարությունը ներկայացնող թիմը` բացի պաշտոնական ներկայացուցիչ Ասքյարովից, ամբողջովին բաղկացած էր օտարերկրացի մասնագետներից:
«Մինաս Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» հայցը ներկայացրել էր ԼՂՀ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանը : Նա, ներկայացնելով հայրենի գյուղից հարկադրաբար հեռանալու հանգամանքները եւ տեղեկացնելով հայրենի տուն վերադառնալու իր պահանջն Ադրբեջանի մերժելու փաստը, վիճարկում է թիվ մեկ արձանագրության 1-ին հոդվածի, 8-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի խախտումները, ինչպես նաեւ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելում), 8-րդ եւ 9-րդ հոդվածների (կրոնի ազատություն) խախտումները: Սարգսյանը, վկայակոչելով Բաքվի եւ Ջուղայի հայկական գերեզմանատներն ավերելու փաստերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) գանգատվել է նաեւ Ադրբեջանի գործադրած վանդալիզմից: Մինաս Սարգսյանը իր գանգատում փաստարկում է նաեւ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի (խտրականության արգելում) խախտումը, քանի որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են եղել հենց էթնիկ հայերի դեմ:
ՀՀ կառավարությունը ներկայացնող թիմը ամբողջովին բաղկացած է հայաստանցի մասնագետներից` Գեւորգ Կոստանյանի գլխավորությամբ:
«Չիրիգովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի»
Եթե ուշադիր կարդանք հենց միայն հայցի անվանումը, ապա ակնհայտ կլինի նրա անհիմն լինելը. ինչպե՞ս, ի՞նչ լծակներով կարող է ՀՀ-ն վերահսկել, տնօրինել, ղեկավարել ԼՂՀ-ն եւ նրա շրջակա տարածքը: «ԼՂՀ-ն եւ նրա հարակից տարածքները չեն գտնվում ՀՀ իրավասության եւ վերահսկողության ներքո», դատարանում հայտարարել է Կոստանյանը: ՀՀ կառավարության ներկայացուցիչը, ընդգծելով, որ օրենքի պահանջներին համաձայն ու ժողովրդի կամարտահայտության հիման վրա անկախություն հռչակելով, ԼՂՀ իշխանություններն այսօր արդյունավետ վերահսկում են վերոհիշյալ տարածքները, «իսկ ՀՀ-ն այնտեղ որեւէ իշխանություն չի իրականացնում»: «Հիմնվելով վերոհիշյալի վրա, մենք կարծում ենք, որ ադրբեջանցի դիմումատերերի գանգատը չի տեղավորվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջների տիրույթում եւ դատարանի կողմից դիտարկման ենթակա չէ»: Բնականաբար ադրբեջանական կողմը չի համաձայնել պնդումներին, թե «ՀՀ-ն չի վերահսկում ԼՂ-ի տարածքը»: Այդ առումով, սակայն, դատարանի դատավոր հոլանդացի Էգբերտ Մայերը դիպուկ եւ տրամաբանական հարց է ուղղել հարեւան երկրի ներկայացուցիչներին. «Իսկ այդ պարագայում ինչո՞ւ է հրադադար հաստատելու համար եռակողմ պայմանագիր կնքվել»... Ադրբեջանական կողմը այս եւ հետագա մի քանի հարցեր նույնպես թողել է անպատասխան: Մեկ այլ` իսպանացի դատավոր Լուիս Լոպես Գուերան հետաքրքվել է ադրբեջանցիներից. «Դուք ձեր տները վերադառնալու խնդրանքով դիմե՞լ եք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին»: Գուերային ադրբեջանցիները պատասխանել են հետեւայլ կերպ. «Մենք Ադրբեջանին չենք դիմել, քանի որ երկիրը չի վերահսկում այդ տարածքները, չենք դիմել Հայաստանին, քանի որ, ինչպես պարզվեց, այդ երկիրը նույնպես չի վերահսկում այդ տարածքները». «Դուք դիմե՞լ եք Լեռնային Ղարաբաղին», անպատասխան դարձած հարցը կրկնել է իսպանացի դատավորը: Ի դեպ, ադրբեջանական կողմը բազմիցս զգուշացվել է դատարանից` «հարցերին պատասխանել ճշգրիտ եւ կոնկրետ»:
Հարեւան երկրի պատվիրակության օտարերկրացի փաստաբաններին ուղղված իր հարցում հայազգի դատավոր Ալվինա Գյուլումյանը հետաքրքրվել է. «Դուք գիտե՞քՙ երբ է Ադրբեջանում ընդունվել Հողային օրենսգիրքը»... Սա նույնպես «նետենք անպատասխանների շարքը»: Հավելենք նաեւ, որ ադրբեջանական պատվիրակությունը, փաստորեն, ոչ միայն աչքի է ընկել հարցերն անպատասխան թողնելով, այլեւ առհասարակ անպատասխանատու պահվածքով: Զավեշտ է անգամ, բայց փաստ. հիմնական գանգատվող Էլհան եւ Ադիշիրի Չիրագովները Բաքվից ժամանել են Եվրոպա, սակայն Ստրասբուրգ չեն հասել. նրանք Փարիզից մեկնել են ոչ թե Ստրասբուրգ, այլ Դյուսելդորֆ: Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ անգամ պնդում են, որ Չիրագովները պարզապես, օգտվելով Շենգենի վիզայի առկայությունից... փախել են: Իսկ դատավարությանը ադրբեջանական հայցվորներից մասնակցում էին միայն Ակիֆ Հասանովն ու Ֆեհրեդին Փաշաեւը: «Ադրբեջանական գործի» քննության ավարտին դատարանը կողմերից հետաքրքվել է, թե ինչպե՞ս կարող է ազդել ընթացիկ դատավարությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վրա. «Նշեմ, որ խաղաղ կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ որեւէ շահագրգիռ կողմի, կառույցի, ինստիտուտի եւ մարմնի միջամտությունը կարող է ավելի դժվարացնել առանց այն էլ դժվարին բանակցային գործընթացը», պատասխանել է Կոստանյանը:
Նախքան «Մինաս Սարգսյանն ընդեմ Ադրբեջանի» գործի քննության սկսվելը Կոստանյանը փոխանցել է հայաստանյան լրատվամիջոցներին, որ «ադրբեջանցիների պաշտպաններն ու երրորդ կողմ հանդիսացող Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները չհերքեցին Հայաստանի ներկայացրած փաստարկները: Նրանց պնդումները էմոցիոնալ էին, իրավական առումով, կրկնում եմ, նրանք չհերքեցին մեր ներկայացրած փաստարկները»:
Քննության ժամանակ, ի պատասխան դատավոր Ա. Գյուլումյանի հարցի, թե Ադրբեջանը ճանաչո՞ւմ է հայ փախստականների վերադարձի իրավունքը, Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչ, այդ երկրի նախագահի աշխատակազմի աշխատակից Չինգիզ Ասքյարովը մասնավորապես ասել է. «Այո՛, Ադրբեջանի կառավարությունը ճանաչում է հայ փախստականների վերադարձի իրավունքը»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: