Wednesday, September 15, 2010

Եթե համագործակցության նոր բանաձև չգտնենք, հայ ժողովուրդը հերթական անգամ կպարտվի. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ես ամենայն բարիքն եմ մաղթում ընդդիմադիր մեր գործընկերներին։ Հույս ունեմ, որ այդ ակտիվացումը կլինի ապագայամետ, կլինի անցյալի քննադատության արդյունք և անհրաժեշտ ճշգրտումներ կմտցնի թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերների վերաբերյալ», - Tert.am-ին տված հարցազրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով Հայ ազգային կոնգրես առաջիկա հանրահավաքին։
«Ցանկացած կառույցի գնահատականը պետք է տա այդ կառույցի անդամը, համակիրը, և ես շատ դրական եմ համարում, որ ՀԱԿ-ում վերջապես եղան մարդիկ, որ ելնելով ժողովրդավարական արժեքներից որոշակի ինքնաքննադատություն արեցին։ Սա առաջխաղացման գրավականն է, և հույս ունեմ, որ այս նույն ոգով կշարունակեն։ Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ի մաս կազմող ուժերը ևս պետք է ճշտեն իրենց թե՛ ներքին, թե՛ արտաքին խնդիրների առաջնահերթությունը, որովհետև արդեն հատել ենք այն սահմանը, որտեղ յուրաքանչյուր քաղաքական միավոր շատ հստակ պետք է իր տեսակետը ներկայացնի թե՛ արտաքին, թե՛ ներքին հարցերի վերաբերյալ, իր մոտեցումը և իր հավատամքը»- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն` ընդգծելով, որ ՀԱԿ-ը ևս պետք է կարողանա հստակեցնել ներքին և արտաքին հարցերի առնչությամբ իր մոտեցումները։
Մեր հարցին, թե հնարավո՞ր է այս նոր փուլում` նախընտրական ընթացքում «Ժառանգություն»-ՀԱԿ համագործակցություն, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց.
««Ժառանգությունը» միշտ հնարավորություն տեսնում է ոչ միայն ՀԱԿ-ի, և խորհրդարանական գործընկեր Դաշնակցության, այլ ավելի լայն հասարակական հատվածի հետ։ Վերջին մեր համագումարում շեշտը դրվեց քաղաքացիական հասարակության, հասարակական հատվածի զորաշարժի վրա, որովհետև մենք եկել ենք այն համոզման, որ ընդդիմությունն իր տարբեր հոսանքներով առանձին և հասարակական կազմակերպություններն առանձին չեն կարող քաղաքական արդյունքի, ժողովրդավարական տրանսֆորմացիայի բերել երկիրը, և անհրաժեշտ է ավելի լայն համագործակցություն»։
Համագործակցության հարցում «Ժառանգության» հիմնադիր առաջնորդն այն համոզմանն է, որ «ՀԱԿ-ն առաջին հերթին պետք է ճշգրտի իր մոտեցումներն այս հարցում։ Ես կարող եմ «Ժառանգության» անունից ասել, որ «Ժառանգությունն» այն արժեքն է, ինչ որ կա` ոչ ավելին, ոչ պակաս, և միշտ սպասարկել է հասարակական զորաշարժին, միասնությանը` շատ անգամ ի հաշիվ իր կուսակցական ինքնության, բայց այս անգամ «Ժառանգությունն» իր ինքնությունը պահելով պետք է կարողանա կարևոր կամրջողներից մեկը լինել հասարակական և քաղաքական դաշտերի միջև։ Մենք հույս ենք տածում, որ քաղաքական մեր գործընկերները դուրս կգան ինքնակարևորման այս շրջանից և կհասկանան, որ հայ ժողովուրդն ապրելու է քաղաքական հերթական պարտությունը, եթե մենք նոր բանաձև չգտնենք մեր համագործակցության համար»։

No comments: