Thursday, September 16, 2010

Wall Street Journal. ՄԻԵԴ-ի որոշումն իսկական ապտակ էր Էրդողանին

HayNews.am. 16-9-2010- Ամերիկյան Wall Street Journal պարբերականն իր հերթական համարում անդրադարձել է «Ակօս» թերթի խմբագրապետ, պոլսահայ հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանության ժամանակ թուրք իշխանությունների անգործության պատճառով Թուրքիայի դեմ կայացրած Եվրոպայի մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշմանը՝ բավական հետաքրքիր մեկնաբանություն անելով:
«Մարդու իրավունքների պաշտպանությունը և ազգային փոքրամասնությունների վիճակը բարելավել խոստացող վարչապետ Թայյիփ Էրդողանի համար այս որոշումն իսկական ապտակ էր»,-նման կերպ է բնորոշել ՄԻԵԴ-ի որոշումն ամերիկյան պարբերականը: WSJ-ն իր համարում նաև մանրամասնում է ՄԻԵԴ-ի որոշումը և որոշ տեղեկություններ հաղորդում հայազգի լրագրողի մասին:
Հիշեցնենք, որ 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև թուրք ազգայնականների կողմից արձակված կրակին զոհ դարձած Հրանտ Դինքի (սեպտեմբերի 15, 1954 թ, Մալաթիա-հունվարի 19, 2007 թ., Ստամբուլ) սպանության մեջ մեղադրվում է թուրք ազգայնական Օգյուն Սամասթը, ինչպես նաև նրան սպանության դրդող Յասին Հայալը և Էրհան Թունջելը: Սկզբում նշվում էր, որ սպանությունն իրականացրել է Սամասթը, սակայն ավելի ուշ կասկածներ առաջացան, որ հայ խմբագրապետի սպանությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև հենց Թունջելը: Նշենք նաև, որ թուրքական դատարանը պարտավորվել է Դինքի սպանության գործի շրջանակներում քննել էրգենեքոնականների նախագծած «Ճաղավանդակ» գործողությունների պլանը, որում առանձին գլուխ էր հատկացվել Դինքի սպանությանը: Երկար ժամանակ ձգձգվող դատական գործընթացի պատճառով Դինք ընտանիքի փաստաբանները դիմել էին Եվրոպայի մարդու իրավունքների դատարան՝ պահանջելով պատժել Թուրքիային՝ Դինքի սպանությունը չկանխելու համար: Եվրոպական դատարանը բավարարել էր հայցը, Թուրքիային մեղադրել ապրելու և խոսքի ազատության իրավունքը ոտնհարելու մեջ և պարտադրել էր փոխհատուցում վճարել: Իսկ Թուրքիայում մինչ այժմ ընթացող դատական գործընթացը բազմիցս ենթարկվել է քննադատությունների՝ դանդաղության և մեղավորներին պատժելու բավարար կամք չցուցաբերելու համար:

No comments: