Thursday, October 28, 2010

Հայաստանում գրանցված հանցագործություններն աճել են 10 տոկոսով

Tert.am. 27-10-2010- ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որի ընթացքում ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը հանրապետության հանցավորության իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել։
Այս տարվա ինն ամիսներին հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 10,0%-ով կամ 1073 դեպքով։ Գրանցված հանցագործություններից 3172-ը կամ 26,9%-ը կատարվել էր նախորդ տարիներին։ Զուգահեռ աճել է նաև հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, ինչը ոստիկանությունը վարչարարության բարելավման հետ է կապում։
Նույն ժամանակահատվածում 100 000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հանրապետությունում կազմել է 367 (2009թ. ինն ամսում՝ 333): Հանցավորության մակարդակը առավել բարձր է եղել Երևանում, Լոռիում, առավել ցածր՝ Գեղարքունիքում, Սյունիքում և Արագածոտնում:
Հանցավորության ընդհանուր կառուցվածքում աճել է հասարակական կարգի և անվտանգության, մարդու, բնակչության առողջության, տնտեսական գործունեության, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռը: Փոխարենը նվազել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժինը։
Այս տարվա ինն ամիսներին 42,7%-ով նվազել է հանրապետությունում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը։ Նույն ժամանակահատվածում արձանագրվել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության 356 դեպք, ինչը 11,9%-ով ավելի է, քան 2009թ. ինն ամիսներին։
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճին զուգահեռ հանրապետությունում այս տարվա ինն ամիսներին աճել է նաև քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը (2009թ. ինն ամսում՝ 7549, 2010թ. ինն ամսում՝ 8624)։
Աճել է նաև հանցագործություն կատարած կանանց թիվը՝ նախորդ տարվա 940–ի փոխարեն կազմելով 1076։
Նույն ժամանակահատվածում քրեական պատասխանատվության կանչված անչափահաս հանցագործների թիվը նվազել է 31-ով (372-ից 341), իսկ վերջիններիս կողմից կատարված հանցագործությունների թիվը` 1-ով (383-ից 382)։

No comments: