Thursday, October 28, 2010

Ստյոպա Սաֆարյան. Հայաստանն ընկավ «մադրիդյան» թակարդը

News.am. 28-10-2010- Իշխանությունները պետք է հասկանան, որ այն ինչ է տեղի ունենում ԼՂ խնդրի շուրջ, չի բխում Հայաստանի շահերից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, մեկնաբանելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունը` Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո:
«Ակնհայտ է, որ Հայաստանին ճնշում են, ձգտելով հասնել նրան, որպեսզի դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում նախագահների մակարդակով որեւէ փաստաթուղթ ստորագրվի»,- հայտարարեց Սաֆարյանը, որպես ճնշում գործադրող համարելով միջազգային հանրությանը:
«Փաստաթուղթը կրելու է ակնհայտ հակահայկական բնույթ»,- կարծիք հայտնեց նա:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարի խոսքով, ԼՂ խնդիրը շատ զգայուն է եւ նմանատիպ ճնշումները դրսից կարող են հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների:
Հարցին, թե ներկա իրավիճակում ինչպես պետք է վարվեր ՀՀ իշխանությունները, Սաֆարյանը կարճ պատասխանեց. «Պետք է ճանաչեն ԼՂՀ անկախությունը»: Նա նաեւ հավելեց, որ լինելով գործընթացի ներսում, իշխանությունները, երեւի, չեն տեսնում վտանգը:
«Այսօրվա դրությամբ Հայաստանը բանակցում է այն մասին, թե ինչպես անել, որ Ադրբեջանը հասնի իր ցանկացածին: Ինձ այդպիսի բանակցություններ պետք չեն: Մյուս կողմից, Հայաստանը չունի ԼՂՀ-ի անունից հանդես գալու մանդատը, որպեսզի լիիրավ պաշտպանի նրա իրավունքները»,-հայտարարեց պատգամավորը:
Սաֆարյանի խոսքով, Հայաստնն ընկել է «մադրիդյան» թակարդը, որը ամեն րոպե կարող է փակվել:

No comments: