Wednesday, October 27, 2010

Այսօր հոկտեմբերի 27–ի ողբերգական դեպքերի տարելիցն է

1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած արյունալի դեպքերից անցնել է 11 տարի։
Տասնմեկ տարի առաջ այս օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խումբը ներխուժեց Աժ նիստերի դահլիճ ու սառնասրտորեն գնդակահարեց 8 մարդու։ Սպանվածների թվում էին Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը։ Սպանվեցին նաև պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ:
Այս գործով դատավարությունը տևեց շուրջ 4 տարի։ Ի վերջո 2003թ. դեկտեմբերի 2-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին ցմահ ազատազրկման դատապարտեց։
Դատաքննության ընթացքում հիմնավորվել ու ապացուցվել է, որ Ազգային ժողովում սպանություններն իրականացրել են Հունանյան եղբայրները:
Կարեն Դեմիրճյանին, Յուրի Բախշյանին, Ռուբեն Միրոյանին սպանել է Նաիրի Հունանյանը, իսկ Վազգեն Սարգսյանին, Հենրիկ Աբրահամյանին, Լեոնարդ Պետրոսյանին, Միքայել Քոթանյանին և Արմենակ Արմենակյանին՝ Կարեն Հունանյանը:
Հանցախմբի անդամ Համլետ Ստեփանյանը, ով անմիջականորեն չէր մասնակցել Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած իրադարձություններին, դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման: Նա այս տարվա մայիսի 15-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանկարծամահ էր եղել։
Ավելի վաղ ինքնասպանություն էր գործել խմբի անդամներից Վռամ Գալստյանը, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել։

No comments: