Wednesday, October 27, 2010

Սերգեյ Մարկով. Որեւէ մեկը գիտի՞, թե ինչպես լուծել Ղարաբաղի խնդիրը

News.am. 27-10-2010- Ադրբեջանի ռազմավարությունը նրանումն է, որ այդ երկիրը մեծացնում է իր ռազմական պոտենցիալը եւ ցանկանում հասնել բացարձակ առավելության Հայաստանի համեմատությամբ: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, քաղաքագետ Սերգեյ Մարկովը: Նրա խոսքով, այդկերպ Ադրբեջանը առանց լայնամասշտաբ ռազմական գործողությունների կկարողանա Հայաստանին զգալի զիջումներ պարտադրել:
«Կարեւոր է հիշել, որ 20 տարի առաջ հարցը լուծվել է եւ լուծվել է ռազմական ճանապարհով: Այն ժամանակ առավելությունը Հայաստանի կողմում էր: Սակայն այս 20 տարում ուժերի հավասարակշռությունը արմատապես փոխվել է եւ հիմա Ադրբեջանը շատ ավելի ուժեղ է»,- հայտարարել է փորձագետն ու հավելել, որ չնայած դրան, մոտ ժամանակներս պատերազմ չի լինի: «Ադրբեջանը աղաղակում է պատերազմի մասին, սակայն այդ երկրի քաղաքական էլիտան հրաշալի հասկանում է, որ պատերազմը կփլուզի երկրի հիմքերը եւ քաոսի կվերածի այն: Ոչ ոք չի հետաքրքրվի մի երկրով, որը պատերազմի մեջ է: Այն, ինչով ուժեղ է Ադրբեջանը, ուղղակի կփոշիանա»,- ընդգծել է Պետդումայի պատգամավորը:
Անդրադառնալով հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը, Մարկովն ասել է, որ դրանից ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի առումով ոչ մի բարելավում սպասել պետք չէ:
«Հանդիպումները, խոսակցությունները, կարծիքների փոխանակումները նպաստում են լարվածության մակարդակի նվազմանը, սակայն ոչ ավելին: Հիմա պետք է մտածել ոչ թե բարելավումների, այլ այն մասին, թե ինչպես անել, որ ավելի վատ չլինի»,- նշել է Մարկովը:
Հարցին, թե որքա՞ն է հավանականությունը, որ ԼՂ հակամարտության բանակցությունները հաջող ավարտ կունենան, փորձագետը պատասխանել է հարցով. «Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է լուծել ԼՂ խնդիրը: Որեւէ մեկը գիտի՞, թե ինչպես լուծել այն»:
Մեկնաբանելով վերջերս Բրուքինգի ինստիտուտի Եվրասիայի հարցերով փորձագետ Ֆիոնա Հիլի հայտարարությունը, թե Ադրբեջանն ակտիվորեն հենց պատերազմի է պատրաստվում, Մարկովը նշել է. «Ֆիոնա Հիլն ապրում է երջանիկ երկրում եւ շատ քիչ բան գիտի հակամարտությունների մեջ ներգրավված ժողովուրդների գիտակցության մասին»:

No comments: