Tuesday, October 5, 2010

Ցեղասպանությունը ժխտող պատմաբանը Թուրքիային կոչ է անում շրջանառությունից հանել ՔՕ 301-րդ հոդվածը

Tert.am. 5-10-2010- Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածը Հայոց ցեղասպանության փաստի դեմ պայքարում դժվարացնում է հենց թուրքերի գործը: Այս մասին, թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, Վաշինգտոնում Թուրք-ամերիկյան կոալիցիայի գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության փաստը ժխտող Մասաչուսեթս համալսարանի պրոֆեսոր Գյունթեր Լևին:
«Այդ պայքարում (Հայոց ցեղասպանության փաստի դեմ,- Tert.am) հաջողությունը կախված է Թուրքիայից: Իսկ քանի դեռ շրջանառության մեջ է 301-րդ հոդվածը, դա դժվարացնում է գործընթացը, որովհետև ձեզ ասելու են, որ դուք վախենում եք ազատ ուսումնասիրություններից: Եվ այդ հարցում նրանք իրավացի են լինելու: 301-րդ հոդվածն այդ հարցում որևէ կերպ չի կարող նպաստել Թուրքիային»,-հայտարարել է Լևին:
Անդրադառնալով Միացյալ Նահագներում Հայոց ցեղասպանության փաստի առնչությամբ առկա տեսակետներին` Լևինը հայտարարել է. «Ամերիկյան ԶԼՄ-ներում, ակադեմիական շրջանակներում գերակշռում է այն տեսակետը, որ տեղի ունեցածը Ցեղասպանություն է: Ես դա սխալ եմ համարում»:
Այն հարցին, թե արդյո՞ք ինքը պարտվել է Ցեղասպանության դեմ մղած պայքարում, Մասաչուսեթս համալսարանի պրոֆեսորն ասել է. «Բնականաբար, որևէ պարտության մասին խոսք լինել չի կարող: Մեծ առաջընթաց է ապահովվել, բայց անելու դեռ շատ բան կա: Սակայն մոտենում է 2015թ., և դժվարություններ կարող են առաջ գալ: Այդ տարեթվի հետ կապված մտահոգություններ ունեմ»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ամերիկյան Southern Poverty Law Center (SPLC) իրավաբանական գրասենյակը ներողություն էր խնդրել Հայոց ցեղասպանության փաստը ժխտող` Մասաչուսեթս համալսարանի պրոֆեսոր Գյունթեր Լևիից, վերջինիս «թուրքական գործակալ» անվանելու համար:
Այն բանից հետո, երբ պրոֆեսոր Գյունթեր Լևին հրատարակել էր «Հայկական կոտորածներն Օսմանյան Թուրքիայում. խնդրահարույց Ցեղասպանություն» խորագրով աշխատությունը SPLC-ն Լյուիիին մեղադրել էր Անկարայից ֆինանսավորում ստանալու համարև անվանել «թուրքական գործակալ»:

No comments: