Tuesday, October 5, 2010

Ադրբեջանցի դիվերսանտի դին վերադարձնելու Ռուսիո պատրիարքի միջնորդությունն ընթացքի մեջ է

News.am. 5-10-2010- Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողության ժամանակ սպանված ադրբեջանցի զինվորի դին Ադրբեջանին վերադարձնելու Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինի միջնորդությունն ընթացքի մեջ է։ Այս մասին հոկտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
«Պատրիարք Կիրիլին ծանուցվել է, որ հայկական կողմը մշտապես բարյացկամություն է դրսեւորում, մինչդեռ ադրբեջանական կողմը չի վերադարձրել 6 հայ ռազմագերիներին։ Այն փաստը, որ 5 հայորդու կյանք խլած դիվերսանտին հերոսի կոչում են շնորհում՝ այն էլ առանց նրա մարմնի վերադարձի, ցույց է տալիս, որ Ադրբեջանում գերիշխող են ռազմատենչ տրամադրությունները»,- ասաց նա:
Նշենք, որ սեպտեմբերին Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը Գարեգին Բ Կաթողիկոսին էր ներկայացրել Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեի խնդրանքը` միջնորդելու ՀՀ իշխանություններին` Ադրբեջանին վերադարձնելու հուլիսի 19-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի դիրքերի վրա հարձակված դիվերսիոն խմբի անդամ Մ. Իբրահիմովի դին։

No comments: