Tuesday, October 12, 2010

«ԵԿԵՔ ԲԱՑԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԸ»

Կարսի «Գրանդ Անի» հյուրանոցում հայտարարել է «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահըՙ դիմելով կառավարությանը
«ԱԶԳ», 12-10-2010- Հոկտեմբերի 10-ին ոչ խորհրդարանական «Հզոր Թուրքիա» կուսակցության գլխավոր նախագահ Թունա Բեքլեւիչը ուղեւորվել է Կարս, որտեղ էլ «Գրանդ Անի» հյուրանոցում մամուլի ասուլիս է տվել: Ասուլիսում Բեքլեւիչը, դիմելով երկրի օրենսդիր եւ գործադիր իշխանություններին, հետեւյալ կոչն է արել. «Կարսից կոչ ենք անում կառավարությանն ու Մեջլիսում ներկայացված կուսակցություններին, ասելով, որ եկեք բացենք այս սահմանադուռը, որպեսզի սահմանի բացման հարցը ավելի մեծ խնդիր չդառնա Թուրքիայի համար»:
Այնուհետեւ նա, «Սոնսանիե» կայքէջի վկայությամբ, ավելացրել է. «Մեր «Հզոր Թուրքիա» կուսակցությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի հետ մի շարք նախագծերի իրականացմանը, որոնցից մի քանիսը առնչվում են սահմանի բացմանը: Հատկապես կարեւորում ենք սահմանի բացման հարցում բարենպաստ հասարակական կարծիքի ձեւավորումը: Կարսը բախվում է տնտեսական բազում խնդիրների: Իմ կարծիքով, քաղաքը նմանվել է երակները խցանված մարմնի: Այստեղ բժշկական միջամտություն է հարկավոր: Եվ այդ միջամտությունը պետք է հանգեցնի սահմանի բացմանը: Նախնական փուլում սահմանի բացման եւ կողմերի հաշտեցման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելը մեր առաջնահերթ խնդիրներից են: Հիշեցնենք, որ Կարսի բնակչությունը քաղաքական հակվածություն է դրսեւորելու նրանց նկատմամբ, ովքեր սահմանը կբացեն կամ կնպաստեն բացմանը: Քանի դեռ սահմանը փակ է, կարսեցի երիտասարդությունը գործազուրկ, եւ Կարսում տնտեսությունը չի զարգանում, ապա սահմանի բացմանը հակադրվողները շարունակելու են հակադրության համար քաղաքական գին վճարել: Մինչեւ սահմանի բացումը ձեռք ձեռքի տալով միասին պայքարելու ենք: Հույս ունեմ, որ սահմանը 2011-ին կբացվի»:
Հ. Չ.

No comments: