Tuesday, October 12, 2010

ԲԱՔՈՒ-ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ ԻԴԻԼԻԱ

«Լրագիր» 11-10-2010- Օգոստոսին հայ-ռուսական հարաբերությունների բումից հետո Կրեմլի կերպարը մշտապես վառվում է հայկական հորիզոնում: Այս ամիս Երեւանում տեղի ունեցան ռուսաստանցի “հայրենակիցների”, ինչպես նաեւ մեծ աղմուկ հանած տեղեկատվական անվտանգության համաժողովները:
Այդ ֆոնին հետաքրքիր է օլիգարխ-պատգամավորներից մեկի հայտարարությունը, որը հայտարարեց, որ Հայաստանում օրենքի ընդունումը, որով բարձրանում է ակցիազյին հարկը, “իրականացվել է այն երկրների ճնշմամբ, որտեղից ներկրվում է օղին”: Այլ կերպ ասած, Ռուսաստանի: Ստացվում է, որ Ռուսաստանը Հայաստանի նախագահի վրա ուղղակի ազդեցություն ունի ոչ միայն արտաքին քաղաքական հարցերով, այլ նաեւ խորհրդարանի վրա` առօրյա հարցերով: Ինչ աստիճանի պետք է ինքզինքը համարես Ռուսաստանին ենթակա, որպեսզի բարձրացնես տեղական օղու ակցիզները, կրճատելով այդպիսով դրա արտադրությունը, միայն թե չտուժեն ռուսաստանյան օղի արտադրողները եւ նրանք, ովքեր այնտեղից ալկոհոլ են ներկրում:

ԱՄՆ Համաշխարհային Անվտանգության Ինստիտուտի ռուսաստանյան եւ ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը Արմինֆոյին հայտարարել է. “Այսօր Հայաստանը շատ մեծ կախվածության մեջ է հայտնվել Ռուսաստանից: Այն երաշխիքները, որոնք Ռուսաստանը տվել է Հայաստանին նրա անվտանգությունն ապահովելու, տնտեսական զարգացման եւ գոյատեւման համար, ինչ որ փուլում արգելակ են հանդիսանում երկրի ինքնուրույն զարգացման համար”: Ինչպես ասում են, առանց մեկնաբանության:

Եվս մեկ “աղմկոտ” տնտեսական գործընթաց. Ավտոսիրողների պարտադիր ապահովագրություն: Ապահովագրությունը բավական շահավետ գործընթաց է, դա հսկայական կապիտալ է, որը կարելի է օգտագործել ինչ նպատակով ասես: Եվ ահա Ռուսաստանում, իսկ նրանից հետո նաեւ Հայաստանում, որոշել են ստեղծել այդպիսի կապիտալ: Թեեւ ապահովագրության գործընթացն ուժի մեջ կմտնի միայն հաջորդ տարի հունվարից, Երեւանի կենտրոնում արդեն ի հայտ են եկել Ռոսգոսստրախի ցուցանակները: Ակնհայտ է, որ հայտնի ապահովագրական ընկերությունը ցանկության դեպքում կարող է գրավել Հայաստանի ողջ ապահովագրական շուկան: Եվ կստացվի այնպես, ինչպես ասում է պարոն Զլոբինը` Ռուսաստանից կախվածությունը կդառնա տեղական արտադրության արգելակ:

Ի դեպ, Ռոսգոսստրախի տերերը` Դանիլ եւ Սերգեյ Խաչատուրովները, ճանաչվել են Ռուսաստանի ամենահարուստ հայերը:

Ոչ պակաս էքսպանսիվ են Ռուսաստանի երկաթուղիները: Հայաստանն ու Թուրքիան ոչ մի կերպ չեն կարողանում նստել բանակցության սեղանին, իսկ Ռուսաստանն արդեն նորոգում է երկաթուղային գծերը , կառուցում է լոգիստիկ կենտրոններ հայ-թուրքական սահմանին: “Ամենակարճ ճանապարհը Եվրոպայից Ասիա ընկած է Հայաստանով”, հայտարարել է Հարավկովկասյան երկաթուղիների տնօրեն Շովկեթ Շայդուլինը: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի կարծիքը չեն հարցնելու, կգա ժամանակը, եւ նա կդառնա տարանցիկ երկիր:

Վերջին շաբաթվա թերթերում կարելի է շատ տեսնել նման օրինակներ: Եվ առաջանում է հարց` իսկ ունի արդյոք Հայաստանն ազդեցություն Ռուսաստանի քաղաքականության վրա, թեկուզ տեղային մակարդակում: Ռուսաստանի խորհրդարանում մի քանի հայ պատգամավորներ կան: Աշխատո՞ւմ է արդյոք նրանց հետ Հայաստանը: Թերեւս ոչ, այլապես նրանցից մեկը, Բաղդասարովը, ժամանակ առ ժամանակ հանդես չէր գա Հայաստանի ու Վրաստանի միջեւ հակամարտություն սադրող հայտարարություններով: Իսկ երկրորդը, ինչ որ Եղիազարյան, չէր մեղադրվի տնտեսական մեքենայություններում եւ ստիպված չէր լինի հեռանալ Ռուսաստանից: Իմիջիայլոց:

Ինչպես ասել էր Լուկօյլի տնօրեն Ալեքպերովը, ադրբեջանցիներին Ռուսաստանի Դումայում լոբբի պետք չէ: Մեր համար աշխատում է գլխավոր լոբբիստը` Ռուսաստանի նախագահը, ասել էր նա: Թերեւս հայերը նույնպես հասկանում են, որ Ռուսաստանի խորհրդարանի հետ աշխատելն իմաստ չունի:

Այնպես որ, Հայաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը միանգամայն արժանի են իրար: Երկրների հարաբերություններում ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք բաժանել են բիզնեսն իրար մեջ երկրների ղեկավարները:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: