Tuesday, October 5, 2010

«Ժառանգությունը» հետաձգեց ԼՂ անկախության ճանաչման օրինագծի քվեարկությունը

Tert.am. 5-10-2010- «Կարծում եմ, որ կգա այդ բարի ժամանակը, երբ բոլորս կասենք՝ հիմա ԼՂ անկախության ճանաչման ժամանակն է»: Խորհրդարանում ՀՀ կողմից ԼՂ անկախության ճանաչման մասին «Ժառանգության» օրինագծի քննարկման ավարտին այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշեց, որ իր համոզմամբ, ԼՂ անկախության ճանաչումը չի ազդելու ԼՂ բանակցությունների վրա, «և խնդրում եմ, որ դուք հարգեք նաև այդ կարծիքը»:
Նրա խոսքով՝ այժմ ԼՂ անկախության ճանաչման հարցը դրված է համազգային սեղանին: Նա խնդրանքով դիմեց օրենսդիրներին՝ հարցը դարձնել համապետական քննարկման առարկա: Եզրափակիչ ելույթի ավարտին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք հետաձգում են օրինագծի քվեարկությունը մինչև հաջորդ քառօրյա:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ես առաջարկեցի Րաֆֆի Հովհաննիսյանին, որ հետաձգի, և նա համաձայնեց, և դա ճիշտ որոշում էր, կանոնակարգը դա թույլ է տալիս: Մենք կփորձենք այս 15 օրվա ընթացքում հանդիպել ընդդիմության հետ, քննարկել և ընդհանուր հայտարարի գալ»:

No comments: