Saturday, October 30, 2010

ԻՆՉ ԵՂԱՎ ԱԴՐԲԵՋԱՆԱՀԱՅԵՐԻ ՆԱՄԱԿԸ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ

«Լրագիր» 30-10-2010- Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեն հոկտեմբերի 12-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակ էր ներկայացրել բաց նամակ ուղղված Մինսկի խմբի երեք համանախագահներին: Կազմկոմիտեի քարտուղարը հոկտեմբերի 20-ին զանգահարել է երևանյան գրասենյակ պարզելու նամակի ճակատագիրը: Պատասխանել են, որ իրենք կապ չունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ու այդ պատճառով նամակը ուղղարկվել է այլ տեղ, թե ուր` չգիտեն, միայն գիտեին, որ նրանց վարորդը եկավ ու նամակը տարավ:
Կազմկոմիտեի պահանջին` տալ գոնե հեռախոսահամար, ուր ուղարկվել է նամակը, նրանք պատասխանեցին, որ չգիտեն, հեռախոսահամարը կարող են հաջորդ օրը ներկայացնել: Հաջորդ օրը ստացված հեռախոսահամարով զանգին պատասխանեց մի, հավանաբար, հայուհի, որը նույնպես չգիտեր, թե ինչ գրասենյակում է ինքը աշխատում, բայց գիտեր որ ադրբեջանահայերն իրենց հարցերի պատասխանները այդ գրասենյակում ստանալու համար, նախ, պետք է տիրապետեն խոսակցական ռուսերենի կամ անգլերենի ու, ապա, զանգեն հաջորդ օրը:
Եկավ հաջորդ օրը, մի տղամարդ եվրոպական առոգանությամբ ռուսերենով ասաց, որ իրենք ԵԱՀԿ կից Ղարաբաղյան կոնֆլիկտով զբաղվող գրասենյակ են, բայց քանի որ նամակը ուղղված էր Մինսկի խմբի համանախագահներին, իրենք այդ նամակը չեն բացել, չեն կարդացել և բովանդակությանը ծանոթ չեն, պետք է նամակը ուղարկեն Մինսկի խումբ, ապա հարցրեց, թե ինչ լեզվով է այն գրված:

Կազմկոմիտեի քարտուղարը պատասխանեց, որ բնականաբար հայերենով, ինչին հետևեց ԵԱՀԿ գրասենյակի աշխատակցի անսպասելի բացականչությունը` Ну здрасти!: Կազմկոմիտեի քարտուղարը հիշեցրեց, որ դեռևս միջազգային կազմակերպությունները ադրբեջանահայ փախստականներին չեն վճարել նրանց նամակները թարգմանելու համար, և ավելի ճիշտ է, որ ԵԱՀԿ գրասենյակի աշխատակիցը նկարագրի, թե ինչ է սպասվում նամակին, հաշվի առնելով որ նամակի ճակատագիրն անընդհատ հրապարակային քննարկվելու է: ԵԱՀԿ գրասենյակի աշխատակիցը դեմ չէր հրապարակային քննարկմանը և հավաստեց, որ մինչև եկող ամսվա կեսերը նամակը տեղ հասցված կլինի: Այս մասին տեղեկացնում են Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեից:

No comments: