Wednesday, October 27, 2010

Այսօր գերխնդիրը ստատուս քվոյի պահպանումն է. Վահան Շիրխանյան

Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ Աստրախանում տեղի է ունենալու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում: ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն այդ հանդիպումից բեկում չի սպասում: Նրա կարծիքով՝ այսօր մեր գերխնդիրը պետք է լինի ստատուս քվոյի պահպանումը:

-Պարոն Շիրխանյան, աստրախանյան հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ ունեք։
-Որևէ քաղաքական և տնտեսական, ներքին և արտաքին նախադրյալ այսօր չկա, որպեսզի մենք նշենք, որ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցող հանդիպումը կարող է բերել բեկումնային փոփոխության։ Այդպիսի նախադրյալներ չկան, իսկ եթե դրանք չկան, ինչ-որ լուրջ բաներ ակնկալելն իմաստ չունի։ Աստրախանում կայանալիք հանդիպումը հերթական հանդիպում է, որից ես ո՛չ լավ, ո՛չ էլ վտանգավոր որևէ զարգացում չեմ ակնկալում։

-Կա տեսակետ, որ Ռուսաստանի ակտիվացումը Մինսկի խմբի ազդեցության նվազման նշան է, չնայած Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է։ Համաձա՞յն եք այդ տեսակետին։
-Ես մի անգամ այս կապակցությամբ ասել եմ, որ Մինսկի խումբը պաշտոնականացված և լեգիտիմացված չէ, քանի որ Մինսկի համագումարը, որի հիման վրա պիտի կայանար խումբը և ունենար համագումարի մանդատը, այդպես էլ չկայացավ։ Սակայն երկար տարիներ Մինսկի խումբն աշխատել է, որի արդյունքն այն է, որ ստատուս քվոն պահպանվել է։ Սա է կարևորը։ Ըստ իս՝ Հայաստանի համար այսօր կարևորը ստատուս քվոյի պահպանությունն է, քանի որ այդ վիճակի ցանկացած փոփոխություն հղի է ծանր հետևանքներով, ընդ որում՝ ոչ միայն հակամարտող կողմերի, այլև ողջ տարածաշրջանի համար։ Այնպես որ՝ այսօր գերխնդիրը ստատուս քվոյի պահպանումն է, և բոլորովին կարևոր չէ, թե դա ում շնորհիվ է արվում՝ Մինսկի խմբի աշխատանքների՞, Հայաստանի դիվանագիտությա՞ն, թե՞ Ռուսաստանի ջանքերի։

-Համաձա՞յն եք այն պնդումներին, որ ժամանակն աշխատում է հայկական կողմի դեմ, և ռազմաքաղաքական հավասարակշռությունը փոխվում է հօգուտ Ադրբեջանի։
-Իհարկե, համաձայն չեմ, որ ռազմաքաղաքական հավասարակշռությունը փոխվում է հօգուտ Ադրբեջանի։ Եթե խոսքը վերաբերում է Ադրբեջանի՝ տարեցտարի մեծացող ռազմական բյուջեին, ապա դա անտեղի մտահոգվել է, դա չի կարող հանգեցնել ռազմական հավասարակշռության փոփոխության։ Ինչ վերաբերում է ռազմաքաղաքական հավասարակշռությանը, ապա առկա իրավիճակի փոփոխություն չեմ ակնկալում, քանի որ Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցությունը և Ադրբեջան-Ռուսաստան հնարավոր համագործակցությունը տեղի են ունենում այլ մակարդակների վրա։ Ես մոտակա տարիների ռազմաքաղաքական հավասարակշռության փոփոխություն Հայաստանի և Ադրբեջանի միջև չեմ տեսնում։

-Մեզանում հաճախ են հնչում հայտարարություններ, որ տարածաշրջանում կայունության պահպանման հիմնական գործոններից մեկը հայկական բանակն է։ Հաշվի առնելով վերջին շրջանում բանակում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները՝ ինչպե՞ս կգնահատեք նրա բարոյահոգեբանական վիճակը:
-Անկախ ամեն բանից՝ հայկական բանակն այսօր շարունակում է մնալ բարձր բարոյահոգեբանական վիճակում և այն իր մարտունակության աստիճանով զգալիորեն ավելի բարձր է եղել և շարունակում է ավելի բարձր մնալ հարևան պետությունների զինված ուժերից։

-Ձեր կարծիքով՝ ինչո՞վ են պայմանավորված բանակում տեղի ունեցող այս ողբերգական դեպքերը: Արդյոք սա նո՞ր երևույթ է հայկական բանակում։
-Ինձ համար դա ցավալի թեմա է։ Այն, ինչ կատարվեց բանակում, նորություն չէ։ Ցավոք, դա ո՛չ առաջինն էր, ո՛չ էլ վերջինը, դա ունի շարունակական բնույթ՝ և՛ հայոց բանակի, և՛ ցանկացած այլ բանակի համար։ Բանն այն է, որ բանակը Հայաստանի ամենախոշոր կառույցն է՝ մարդկային թվի, ֆինանսատնտեսական, կազմակերպչական և շատ այլ առումներով։ Բանակի անձնակազմը վեց ամիսը մեկ 25 տոկոսով փոխվում է, և բնականաբար այն ամենը, ինչ կա հասարակության մեջ, հոսում է դեպի բանակ, ուստի միամիտ է պատկերացնել, որ բանակը զինվորական կառույց է, որտեղ մեկ հրամանով հնարավոր է ամեն բան կարգի գցել։ Բանակը համալրվում է հասարակությունից, և հասարակության արատները, դրական որակները մշտապես տեղափոխվում են բանակ։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ բանակում նման բաներ չլինեին, սակայն աշխարհի փորձը ցույց է տալիս, որ դա անհնար է։ Բանակում առկա խնդիրները լուծելու համար պետք է բանակի հրամանատարությունը շատ ավելի լուրջ վերաբերվի սպայական կազմի պատրաստմանը, ընտրությանը, եղած թերությունների վերհանմանը, պատիժների խստացմանը։ Այս ամենից բացի՝ պետք է շատ լուրջ ուշադրություն դարձվի սպայական կազմի նյութական ապահովմանը, որպեսզի նրանք այլ աղբյուներից որևէ կախում չունենան։

-Բանակում տեղի ունեցող իրադարձությունների հասարակայնացումն ի՞նչ կերպ կարող է անդրադառնալ բանակի մարտունակության և բանակի նկատմամբ ունեցած հասարակության վստահության վրա։
-Բանակում տեղի ունեցած վերջին ողբերգական իրադարձություններն իրենք իրենցով չեն կարող ազդել բանակի մարտունակության վրա, սակայն այս ամենում կա վտանգ։ Խնդիրն այն է, որ տեղի է ունենում բանակի վարկաբեկում։ Սա անթույլատրելի է։ Բանակի համատարած վարկաբեկումը վտանգավոր է, քանի որ այդ կերպ վարկաբեկվում ու թուլանում է ոչ միայն բանակը, այլև հասարակությունը, պետությունը։ Այս ճանապարհով հասարակության մեջ ավելանում է անվստահության աստիճանը բանակի հանդեպ, անվստահության աստիճանն ավելանում է նաև ծնողի մոտ, որն իր երեխային պետք է վաղը բանակ ուղարկի, անվստահության աստիճանը բարձրանում է զինվորի մոտ՝ իր հրամանատարի հանդեպ։ Սա վտանգավոր է և այն բանակին հասցնում է մեծ հարված, իսկ այդ հարվածը միայն բանակինը չէ, այն Հայաստանի ամեն մի քաղաքացունն է։ Բանակն այսօր ունի կոնկրետ խնդիր՝ ապահովել պետության արտաքին անվտանգությունը և հարվածել բանակին, նշանակում է՝ հարվածել սեփական անվտանգությանը։

-Այդ դեպքում, ըստ Ձեզ, ավելի ճիշտ է չլուսաբանե՞լ այն, ինչ կատարվում է բանակում։ Ո՞րն է ճիշտ միջոցը բանակում ստեղծված խնդիրները հաղթահարելու համար։
-Ես իմ մտահոգություններն ունեմ բանակի վերաբերյալ և այդ մտահոգություններն անձամբ փոխանցել եմ պաշտպանության նախարարին, մենք շատ բաների մասին ենք խոսել, և ես այդ հանդիպումից գոհ եմ։ Սա բանակում եղած թերությունները վերհանելու և դրանց լուծում տալու համար ավելի արդյունավետ եղանակն է, քան մամուլով մի զորամասում տեղի ունեցածը ողջ բանակի վրա տարածելը։ Խոսքը վերաբերում է խնդիրների ընդհանրացմանը։ Ես չեմ ասում բանակի խնդիրների մասին չպետք է խոսել, ոչ, ընդհակառակը, բանակի մասին քննադատություններ բոլոր երկրներում կան, և մեզ մոտ էլ պետք է լինեն, սակայն այդ քննադատությունները պետք է լինեն անձնավորված։ Եթե որևէ հրամանատար կատարել է հանցագործություն կամ խախտում, այդ հրամանատարի մասին պետք է խոսել, սակայն այդ մեկի արած սխալը չպետք է տարածել ողջ բանակի և հրամկազմի վրա։ Վերջին երկու-երեք ամսում մեր մամուլում հենց սա է արվում, իսկ դա բանակը քայքայելու ամենահաջողված տարբերակն է, քանի որ այդ մեթոդով անվստահությունը հասնում է այն աստիճանի, որ ծնողը հրաժարվում է իր զավակին բանակ ուղարկել, իսկ զինվորը հրաժարվում է կատարել հրամանը։ Կարծում եմ՝ մենք սրան չէ, որ ձգտում ենք։ Այսօր Հայաստանը, լինելով ծանր տնտեսական պայմաններում, շրջապատված թշնամիներով և կիսապատերազմական վիճակում, ունի բանակ, որը որպես կառույց, Հայաստանի այլ կառույցների հետ համեմատած, ամենակայացածն է, և այն վնասել չի կարելի։

-Ասացիք, որ վերջին երկու-երեք ամսվա ընթացքում որոշ լրատվամիջոցներ զբաղված են բանակի թուլացման գործընթացով։ Ըստ Ձեզ՝ դա միտումնավո՞ր, ինչ-որ մեկի պատվերո՞վ է արվում, թե՞ բանակային կյանքը լուսաբանելու կուլտուրայի պակասի հետևանք է։
-Ես չեմ կարող բացառել արտաքին պատվերը, քանի որ Հայաստանը քաղաքական նախագծերի այնպիսի մի խաչմերուկում է, որտեղ տեղի է ունենում շատ հզոր ուժերի շահերի բախում։ Այս առումով որևէ բան չեմ կարող բացառել, քանի որ բանակն այն կառույցն է, որը տարածաշրջանում ապահովում է կայունություն։ Այսինքն՝ եթե որևէ մի ուժ շահագրգռված է այդ կայունությունը փոխել անկայունության, նա բնականաբար պետք է աշխատի քայքայել, թուլացնել բանակը։ Կարծում եմ՝ եթե այս գործընթացը շարունակվի, պետք է փնտրել, թե որտեղից է գալիս վտանգը։
«Կապիտալ» օրաթերթ

No comments: