Tert.am. 27-10-2010- Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին հիմնանորոգվում է նախկին դիարբեքիրցի հայերի և Դիարբեքիրի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։ Նախորդ տարվանից մեկնարկած շինաշխատանքները կավարտվեն հաջորդ տարի, ֆինանսավորման 70 տոկոսը հայերն են հատկացրել։Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխատող Քրիստինե Մելքոնյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 23-ին Սուրբ Կիրակոսում հայերի կողմից արված աղոթքը Դիարբեքիր քաղաքապետարանի և Պոլսո հայոց պատրիարքարանի նախաձեռնությունն էր։
Թուրքագետը հիշեցրեց, որ Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը խոստացել է նաև եկեղեցու հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո այնտեղ պատարագ մատուցել։
Մասնագետի խոսքով՝ հայերի համար շատ կարևոր է Թուրքիայի հայկական եկեղեցիների վերանորոգումը, բայց դա նաև Թուրքիայի տնտեսության զարգացմանն է նպաստում։ «Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու վերանորոգումից հետո թուրքերը հասկացան, որ հայկական եկեղեցիների վերականգնումը նպաստում է այդ տարածքների զարգացմանը»,- ընդգծեց նա։
Պատմաբան Ռաֆիկ Թադևոսյանն էլ նշեց, որ այսօր Դիարբեքիրում ընդամենը մի քանի հայկական ընտանիք է ապրում։ Նա հիշեցրեց, որ Դիարբեքիրը Արևմտյան Հայաստանի 6 նահանգներից էր և իր տարածքով ավելի մեծ էր, քան ներկայիս Հայաստանը։ Նրա խոսքով՝ Դիրաբեքիրում նախքան Հայոց Մեծ եղեռնը ապրել է 296 հազար մարդ, որից 105 հազարը եղել են հայեր։ Թուրքերն այստեղ փոքրաթիվ են եղել։
Պատմաբանի խոսքով՝ Սուրբ Կիրակոս եկեղեցին հայկական մեծ եկեղեցիներից մեկն է, ավելի մեծ է, քան Աղթամարի Սուրբ խաչը։ Ըստ նրա՝ դրա վերակառուցման և այնտեղ աղոթք անցկացնելու վերաբերյալ թուրքերը մեծ շոու չկազմակերպեցին և շատ աղմուկ չբարձրացրեցին, քանի որ Սուրբ խաչի պատարագի ժամանակ հայերի ցուցաբերած վերաբերմունքը նրանց դաս եղավ։
Թադևոսյանը նաև ընդգծեց, որ հայերը Թուրքիայի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների վերանորոգոման դեպքերը պետք է սառնասրտորեն ընդունեն։ «Արժանապատվորեն և սառը պետք է մեզ պահենք, որովհետև դա թուրքերի ուշացած պարտքն է մեր նկատմամբ»,- ասաց պատմաբանը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment