Thursday, October 14, 2010

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

«ԱԶԳ», 14-10-2010 - Վերջին շաբաթներին տեղական եւ միջազգային մամուլում հայ-թուրքական հարաբերությունների քննարկումը նոր թափ ստացավ: Առաջին հերթին դա պայմանավորված էր Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու իրադարձություններով, ապա նաեւ Անիի մայր տաճարում հոկտեմբերի 1-ին Դեւլեթ Բահչելիի գլխավորությամբ թուրք ազգայնականների իրականացրած նամազով: Հայ-թուրքական հարաբերություններին է անդրադարձել նաեւ Daralahayt.com արաբական կայքէջը:
Հոդվածագրի բնորոշմամբ, Սուրբ Խաչի իրադարձությունները համառոտ կերպով նկարագրում են Թուքիայիՙ արտաքին քաղաքական իրարամերժ այն ուղեգիծը, որ որդեգել է «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունն իշխանության գալուց հետո: Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված թուրքական կողմի քայլերը բխում էին «զրո խնդիր հարեւանների հետ» սկզբունքի տրամաբանությունից: Հոդվածի հեղինակը նշում է, որ (շուրջ) մեկ տարի առաջ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն այն ժամանակ որակվեցին «պատմական», մինչդեռ մեկ տարի անց երկկողմ հարաբերությունների բարելավման տեսակետից պատմական որեւէ արդյունքի չհանգեցրին: Երբ Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխում ստորագրում էր հայտնի արձանագրությունները, այդ նույն օրերին վարչապետ Էրդողանը հայտարարում էր, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանն այնքան ժամանակ, քանի դեռ չկա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը: Չնայած ստորագրված արձանագրություններում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հիշատակում չկար, վարչապետ Էրդողանը փորձում էր փոխկապակցել այս երկու խնդիրներըՙ ձգձգելով Թուրքիայիՙ Մեջլիսում արձանագրությունների հաստատման գործընթացը, մինչդեռ Թուրքիայի օրենսդիր «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը մեծամասնություն էր կազմում: Այդպիսով, Էրդողանը կարծես անհնար էր դարձնում «զրո խնդրի հարեւանների հետ» սկզբունքի իրագործումը:
Ավելին, թուրքական կողմը սխալվել էր Ադրբեջանի հետ կապված հաշվարկում: Թուրքական իշխանությունները կարծում էին, թե հնարավոր կլինի բարելավել Հայաստանի հետ հարաբերություններըՙ պահպանելով Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերությունները: Սակայն Ադրբեջանն այդ գործընթացն ու արձանագրություններն ընկալեց իբրեւ «եղբայր» Թուրքիայի կողմից «դավաճանություն»ՙ սպառնալով դադարեցնել գազի արտահանումը Թուրքիա, վերանայել Թուրքիայի քաղաքացիների համար գործող վիզային ազատ ռեժիմը, սահմանափակել պաշտոնական Անկարայի հետ ռազմավարական համագործակցությունը նաեւ այլ ոլորտներում:
Հոդվածագիրն ընդգծում է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ թեեւ դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեցին, իսկ հայ-թուրքական սահմանը չբացվեց, այնուհանդերձ Թուրքիան դեռ չի վերականգնել Ադրբեջանի կողմից կորցրած «վստահությունը»: Ըստ հեղինակիՙ դրա վկայությունը կարելի է համարել այն հանգամանքը, որ վերջերս ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Ադրբեջան կատարած այցի ընթացքում կողմերը ստորագրեցին մի փաստաթուղթ, ըստ որիՙ ադրբեջանական գազը եվրոպական շուկաներ է հոսելու Ռուսաստանի տարածքով: Մինչդեռ նախկինում ադրբեջանական գազը Եվրոպա էր հասնում Թուրքիայի միջոցով:
Հոդվածագիրը նշում է, որ թուրքական կողմի մյուս սխալ հաշվարկն այս գործընթացում այն էր, որ Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում զիջումների կգնային հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման եւ հայ-թուրքական սահմանի բացման: Սակայն դա տեղի չունեցավ, իսկ այսօրվա իրավիճակը պաշտոնական Երեւանին բերեց այն համոզմանը, որ բանակցությունների ընթացքում Թուրքիան անկեղծ չի եղել իր վճռականության մեջ, իսկ այդ քայլին գնացել էՙ հակազդելու միջազգային հանրությանՙ մասնավորապես պաշտոնական Վաշինգտոնի եւ Եվրոմիության կողմից գործադրվող ճնշմանը:
Հոդվածագիրն այնուհանդերձ լավատեսորեն է տրամադրվածՙ համարելով, որ Թուրքիայում իրավիճակը շատ դանդաղ քայլերով, բայց փոխվում է:

No comments: