Panorama.am. 27-10-2010- Ընդամենը տասն օր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շատ հստակ գնահատականներ տվեց ադրբեջանական ֆաշիզմին, հայատյացության և պատմական կեղծիքների Ադրբեջանի պետական քաղաքականությանը: «Նույնիսկ դժվար է որոշել թե որտեղ է ավարտվում գիտությունը և սկսվում խամաճիկությունը:Արցախի դեպքում բերվում է այն «փաստարկը», որ որոշ տեղանուններ ադրբեջաներեն են (գոնե ասեն թուրքերեն կամ պարսկերեն) և ոչ հայերեն: Ինչպե՞ս կարող էր 200-300 տարի առաջ ադրբեջանական անվանում ունենալ բնակավայրը: Ահա այսպիսի «գիտական փաստարկներով» դաստիարակվում է մի ողջ սերունդ, որը վաղը «հերոսաբար պիտի ազատագրի «պատմական ադրբեջանական հողերը»: Եվ այդ սերնդին այդպես էլ թույլ չեն տա տեղեկանալ, որ երկրամասի Արցախ հայկական անունը վկայված է Քրիստոսի ծննդից առաջ 8-րդ դարում, և վկայել է Երևանը հիմնադրող Արգիշտի 1-ին արքայի որդին` Սարդուրի 2-րդը, որ Քրիստոսի ծննդից առաջ առաջին դարում այն օտարերկրյա աշխարհագրագետներին հայտնի էր, ինչպես Ստրաբոնն է գրում, որպես Հայաստանի Արցախ նահանգ, որի հեծելազորը ամենախոշորն էր, որ սկսած հինգերորդ դարից ներկայիս Ստեփանակերտի տեղում` Վարարակն հայկական բնակատեղին էր, որի անվանումը զուտ հայկական է և նշանակում է «Վարար աղբյուր», և որ երկրամասի բնակչությունը հազարամյակների ընթացքում միատարր էր, այնտեղ ապրում էին բացառապես հայեր, ինչը հաստատում են նույնիսկ 18-րդ դարի թուրքական պաշտոնական աղբյուրները:
Միայն 18-րդ դարի երկրորդ կեսից այստեղ սկսում են բնակվել աննշան քանակությամբ թուրք-մահմեդական քոչվոր ցեղեր, որոնց թվաքանակը անցյալ դարի սկզբներին հասավ հազիվ բնակչության ընդհանուր թվի հինգ տոկոսին: Այդ սերնդին այդպես էլ թույլ չեն տա իմանալ, որ հազարավոր պատմական մատյաններում, որտեղ խոսվում է Արցախ հողի ու նրա քաջարի մարդկանց մասին, Ադրբեջան բառ չկա, որովհետև չէր կարող լինել: Իսկ այդ բառը որևէ տեղ առաջին անգամ հայտնվել է ընդամենը մեկ դար առաջ: Կրկնում եմ` ընդամենը մեկ դար առաջ»:
Թվում է` ավելի հանրամատչելի դժվար է բացատրել: Սակայն, ինչպես ասում են, հասկացողին մին ասա, չհասկացողին` հազար ու մի: Ահա, կեղծիքների հերթական չափաբաժինն է վերստին «արտադրել» Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը` աստրախանյան եռակողմ հանդիպման նախօրեին հարցազրույց տալով մի քանի լրատվամիջոցների: Դեռ մի կողմ թողնենք հարցազրույցի զավեշտախառն այն հատվածները, որտեղ փոքրիկ Ալիևը զբաղված է ընտանեկան փառաբանումներով` նախ իր հորը, ապա և սեփական կնոջը: Իսկական սուլթանական վիճակներ: Իրենք` իրենց սուլթանատն ու հակաժողովրդավարական ու հակաժողովրդական բարքերից տառապող ժողովուրդը: Սակայն Ալիևը վերստին աղավաղել է ամենապարզ ճշմարտությունները ԼՂ հակամարտության և պատմական Արցախի առումով: համաձայն ենք նրանց հետ, ովքեր գտնում են, որ անիմաստ է Ալիևին ու ալիևշչինային որևէ բան բացատրելը. Դե, միևնույն է` տեղ չի հասնում: Բայց մենք կփորձենք մի անգամ ևս հանրամատչելի բացատրել` ավելի շատ հավատալով, որ Ադրբեջանում քիչ չեն հասկանալու ունակ մարդիկ, ում ուղղակի սեփական իշխանություններն անընդհատ խաբում են:
Եվ այսպես, Ալիևը հերթական անգամ մեղադրում է Հայաստանին բանակցություններին ոչ կառուցողական մոտեցում ցուցաբերելու մեջ: Ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ: Եվ սա ասում է մի մարդ, ով հաջորդ իսկ օրը շտապում է հերթական բանակցության: Սա ասում է մի մարդ, ով ողջ աշխարհին հայտնի է իր ռազմատենչ հռետորականությամբ: Նորից հիշենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը. «Բոլորի համար էլ պարզ է, որ Արցախի հիմնախնդրի լուծումը պետք է գտնվի խաղաղ բանակցությունների ճանապարհով: Ամբողջ աշխարհն այսօր բացառում է ռազմական ուղին, միայն Ադրբեջանն է, որ (իրենց խոսքերով) «երբեք չի ժխտում հարցի լուծման ռազմական ճանապարհը»: Հավելենք, որ հենց Ալիևն էր, որ նախորդ երկու եռակողմ հանդիպումներից հետո կազմակերպեց սահմանային սադրանքներ, ավելին` նման սադրանքի այս անգամ գնաց աստրախանյան հանդիպման նախօրեին:
Հաջորդ միտքն իսկական «գոհար» է: Իլհամ Ալիևն ասում է. «Ադրբեջանի տարածքը, որը ճանաչված է համաշխարհային հանրության կողմից, մոտ 20 տարի օկուպացիայի տակ է գտնվում»: Նախ` փաստենք, որ խոսվում է ընդհանրապես Ադրբեջանի տարածքի մասին ընդհանրապես, այլ ոչ թե ինչ-որ մասերի: Ըստ երևույթին, Ալիևը փոքր-ինչ շտապել է: Հաջորդը` ինչպես մեզ հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, կարծես թե փոքրիշատե նորմալ կրթություն ստացած այդ մարդը պետք է որ հասկանար` ճանաչումը ոչ թե իրավական, այլ քաղաքական ակտ է: Ուրեմն, ըստ պարոն Մանասյանի, ճանաչելը դեռ չի նշանակում, որ ինչ-որ տարածք իրավաբանորեն պատկանում է տվյալ երկրին: Բայց զավեշտն այսքանով չի ավարտվում: Ալիևը հերթական անգամ պնդում է, թե Ղարաբաղը պատմականորեն միշտ եղել է իրենց տարածքը:
«Ինչ է նշանակում «մեր տարածքը», երբ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունն առաջացել է միայն 1918թ., իսկ մինչ այդ ներկայիս Ադրբեջանի տարածքում Ադրբեջան անունով պետություն, տարածք ու ադրբեջանցի ազգ չի եղել: Ուրեմն, Արցախը պատմականորեն չէր կարող պատկանել մի պետության, որն ուղղակի գոյություն չի ունեցել», -ասաց պրոֆեսոր Մանասյանը` հավելելով, որ հայկական հասարակական կազմակերպություններից մեկը սահմանել է 5մլն դոլարի մրցանակ նրան, ով կկարողանա նշյալ տարածքում 20-րդ դարից առաջ ցույց տալ Ադրբեջան անունով երկիր կամ ուղղակի աշխարհագրական տարածք, առավել ևս` ազգություն:
Այստեղ տեղին է հիշել ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի շատ դիպուկ դիտարկումը, թե Հայաստանում կուսակցություն կա, որն ավելի մեծ տարիք ու պատմություն ունի, քան Ադրբեջանը:
Բայց կարծես շատ մեծ ուշադրություն դարձրինք կեղծիքի հերթական չափաբաժնի վրա: Ավարտենք: Ավարտենք դարձյալ ՀՀ նախագահի խոսքերով` առանց մեկնաբանության.
«Ադրբեջանը զարմանում ու զայրանում է, որ միջազգային հանրությունը և եռանախագահող երկրների նախագահները հրապարակայնորեն ճանաչում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ավելին` Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտումը Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի վերաբերյալ և դրա արդյունքները պետք է պարտադիր իրավական ուժ ունենան բոլորի համար: Ադրբեջանի հուսահատական ջղաձգումների մեխը հենց այստեղ է: Նրանք իրենց ժողովրդին չեն նախապատրաստել նման որոշումներ կյանքի կոչելու համար: Դատելով հռետորաբանությունից` կարծես դեռ չեն էլ պատրաստվում»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment