Wednesday, October 27, 2010

ՈՒՄ ԿՀԱՐԿԱԴՐԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

«Լարագիր» 27-10-2010- “Հարկադրել խաղաղության” եզրը Հայաստանում վերջին երկու շաբաթում կիրառել են արդեն երկու անգամ: Նախ Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, թե 1994-ից սկսած հայկական բանակը զբաղված է նրանով, որ խաղաղություն է հարկադրում Ադրբեջանին:
ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե Աստրախանում Հայաստանին կարող են հարկադրել խաղաղության` մեզ համար ոչ ձեռնտու մադրիդյան սկզբունքներով:
Եւ եթե պաշտպանության փոխնախարարի դեպքում ամեն ինչ պարզ է` բանակը զսպում է Ադրբեջանի փորձերը` ռազմական ճանապարհով լուծելու խնդիրը, ապա Արմեն Ռուստամյանի խոսքերը դժվար է միանշանակ գնահատել:
Նախ, եթե մադրիդյան սկզբունքները այդքան ձեռնտու չեն Հայաստանին, ինչու Դաշնակցությունը չի պահանջում հրաժարվել դրանցից եւ ընդհանրապես բանակցություն չվարել: Բացի այդ, եթե այդ սկզբունքների հիման վրա բանակցությունը բերելու է Հայաստանի համար ոչ ձեռնտու լուծումների, հանուն ինչի է Դաշնակցությունը հայտարարում, թե ԼՂՀ ճանաչումը կարող է խանգարել բանակցային գործընթացին: Թող խանգարի: Թե՞ մենք ուզում ենք, որ մադրիդյան սկզբունքներից հրաժարվի Ադրբեջանը, որպեսզի նրան մեղադրենք ապակառուցողականության մեջ:

Սակայն, Ադրբեջանը կարող է համաձայնել, առավել եւս, որ այդ երկրի ԱԳՆ ղեկավարը հստակ հասկացրել է, որ մադրիդյան սկզբունքները ելնում են իր երկրի շահերից: Եւ երկրորդ, նույնիսկ եթե Ադրբեջանը հրաժարվի, եւ բանակցության ներկայիս փուլը տապալվի, Հայաստանի համաձայնությունը կնշանակի, որ հաջորդ փուլը սկսելու է նույն սկզբունքներից:

Իշխող Հանրապետական կուսակցությունն այն կարծիքին է, որ նախ Աստրախանում, ապա նաեւ Աստանայում խաղաղության են հարկադրելու ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին: ՀՀԿ պատգամավորներն արդեն հայտարարել են, որ ԵԱՀԿ պետք է դատապարտի Բաքվի միլիտարիստական պահվածքը: ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարել է, թե նման Ադրբեջանի հետ իմաստ չունի բանակցություն վարել: Ավելին, հայտարարվել է, թե Աստրախանի հանդիպումը ի պատասխան Իլհամ Ալիեւի հայտարարությունների Սերժ Սարգսյանի կոշտ ելույթի արձագանքն է:

Սա նման է բանակցությունից Հայաստանի հրաժարվելու նախապատրաստության, թեեւ տրամաբանությունը հուշում է, որ դժվար թե հայկական իշխանությունը գնա նման վճռական քայլի ինքնուրույն: Սակայն Հովիկ Աբրահամյանի խոսքերն այն մասին, որ Սերժ Սարգսյանը կարող է Աստրախանից վերադառնալուց հետո հրահանգել ճանաչել ԼՂՀ անկախությունը, խոսում է նման հնարավորության մասին: Եվ մնում է պարզել` արդյոք բանակցությունից հրաժարվելու նախաձեռնությունը գալիս է Ռուսաստանից, եւ արդյոք Ռուսաստանը համաձայնեցրել է այդ որոշումը ԱՄՆ հետ:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: