Tuesday, October 19, 2010

ՀԱՅԱՍՏԱՆ. ՀՕՇՈՏՈՒՈՂ ԵՐԿԻՐ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ

Տասնվեց թուականի աշնանը ներքին կարգով յայտնի դարձաւ որ ռուսական բանակը հեռանալու է Վանից։ Բանակի հրամանատարը գեներալ Վորոնովն էր։ Նրան յայտնի էր կայսրութեան՝ «Հայաստան առանց հայերի» կարգախօսը։
Սերգէյ ԳՈՐՈԴԵՑԿԻ
Բանաստեղծ (1884-1967), «Ռուսսկոյէ սլովո» թերթի զինուորական թղթակից

ԿԱՅՍՐՈՒԹԵԱՆ ԿԱՐԳԱԽՕՍԸ ՄՆՈՒՄ Է ՈՒԺԻ ՄԷՋ
ՄԵՐ ՈՉ ՀԵՌՈՒ ԱՆՑԵԱԼԻՑ

Սովետական իշխանութեան տարիներին այդ կարգախօսը իրականութիւն էր դարձել նախ՝ 1920-50 թուականների զանգուածային աքսորներով եւ յետոյ արտաքուստ թաւշէ ձեռնոցներով։ 60-ականներից հայաթափութիւնը կատարւում էր «բարեկամաբար»։ Ընտանիք պահելու համար ծայր բռնեց «խոպանչիների» ընթացքը դէպի Ռուսաստանի խորքերը։ Հայրն ու որդիները իրենց կամքով էին հեռանում երկրից՝ ամառային մի քանի ամիսներին սիբիրական հեռաստաններում վաստակելու, լաւ վաստակելու նպատակով։ Նրանք գոմեր եւ շտեմարաններ էին կառուցում կոլխոզների համար եւ վաստակում էին առձեռն ու խոշոր գումարներ։ Սկզբում նրանք վերադառնում եւ վաստակը տուն էին հասցնում։ Երկու-երեք տարի անց որդիները այդ հեռաւոր գիւղերում ամուսնանում, ընտանիք էին ստեղծում եւ արդէն միայն հայրն էր վերադառնում Հայաստան։ Եւս չորս-հինգ տարի անց հայրը նոյնպէս մի երկրորդ ընտանիք էր ունենում հեռաստաններում…

Մենք անհանգստանում էինք եւ փորձում էինք որեւէ կերպ պատասխան ունենալ, թէ ինչո՛ւ նրանք իրենց գիւղերում կամ շէներում վաստակելու եւ լաւ վաստակելու հնարաւորութիւնը չունեն։ Ինչո՞ւ «մասնաւոր աշխատանքը» անհնար է Հայաստանի մէջ, բայց խրախուսւում է ռուսական հեռու-հեռաւոր եւ խուլ գիւղերում։ Որեւէ յստակ պատասխան չունեցանք… Իսկ Մարգո Ղուկասեանը, հետեւողական ու մարտնչող, տաղանդաւոր ու խելացի լրագրողը «Գարուն» ամսագրի էջերում տագնապ բարձրացրեց Հայաստանը հայաթափելու այս երեւոյթի առիթով։ Երեւոյթը նա ներկայացնում էր կենցաղային «անմեղ» երանգներով։ Այնպէս որ՝ հետապնդումներ չեղան։

Այնուհանդերձ, հայաթափումը հնարաւոր չեղաւ կանխել։ Ի վերջոյ, հասարակութեանը ներշնչուեց, թէ դա ոչ թէ արտագաղթ է, այլ ընդամէնը տեղաշարժ՝ «սովետական անծայրածիր հայրենիքում»։ Ի դէպ, ճիշտ այդպէս էլ ինձ էին համոզում սփիւռքահայ իմ բարեկամներից ոմանք, երբէք չհամաձայնելով, թէ Կրեմլի այդ քաղաքականութիւնը հետապնդում է կայսրերական կարգախօսը իրականացնելու հետեւողականութիւնը։

Եթէ Հայաստանի համար իրականացւում էր ռուսական կայսրութեան հայաթափումի ծրագիրը, ապա սովետական կայսրութեան համար «կոմունիզմի կառուցման» նպատակով ազգային մեծածաւալ խմբերի տեղաշարժերը գաղութացուած բոլոր ժողովուրդներին համաձուլող խառնարանի մէջ դիմազրկող ու ապազգայնացնող մի գործողութիւն էր, որի էութիւնը բացայայտօրէն հրապարակուեց անցեալ 70-ականներին պաշտօնական այն յայտարարութեամբ, թէ «ստեղծուել է պատմական մի նոր հանրութիւն՝ սովետական ժողովուրդ»։ Ոչ մեր խելացիները եւ ոչ էլ իր «ազգայնական կոմունիստ» եւ պետական մտաւորական եղերամայրը ծպտուն անգամ չհանեցին այս շնականութեան առիթով։ Ընդհակառակը պաշտօնական հայրենասէրները էլ աւելի եռանդով սկսեցին երգել «ժողովուրդների բարեկամութիւն եւ սովետական հայրենասիրութիւն»…

Իսկ աւելի ուշ… ես արդէն նկատի ունեմ անցեալ դարավերջը, երբ Հայաստանի գլխին մէկը միւսի ետեւից պայթեցին նորանոր աղէտներ… Ռուսական աւանդական, բայց անուանափոխուած կայսրութիւնը սկսեց բացայայտօրէն երերալ, եւ արդէն կասկած չկար որ, ի վերջոյ, փլուզուելու է: Հոգեվարքը սպասուածից շատ աւելի կարճ տեւեց:

Ինչը եւ օրինաչափութիւն էր՝ հոգեւարքի մէջ գտնուող հսկան իր չափողութեան համեմատ փորձանք եւ պատուհասներ պատճառեց կայսրութեան բոլոր ժողովուրդներին։ Բայց իմ խօսքը հայերիս մասին է լինելու:

… Մեզ պատուհասելն սկսուեց բանակի բացայայտ ներխուժումով։ Մայրաքաղաքի մէջ յայտարարուեց ռազմական պարետային կարգավիճակ։ Երեք հոգի քով-քովի՝ արդէն կասկած էին հարուցում եւ ձերբակալւում էին։ Այնուհետեւ գեոֆիզիկական զէնքի կիրառութիւն… Հետեւանքը՝ մինչեւ այսօր երբեմնի Լենինականի, Սպիտակի եւ շրջակայքի աւերակները… Իսկ աղետեալները դեռ ապրում են ժամանակաւոր ծածկերի տակ… Հոգեվարքի մէջ գտնուող հսկայի պակասը լրացրեցին «անկախութեան» թիկնոցներով քօղարկուած ապիկարները, ովքեր քաջատեղեակ եւ ականատես լինելով ժողովրդի հզօր պոռթկումին, ինչը կարող էր նաեւ իրենց քշել-տանել իր յորձանքով, ստեղծեցին խաւարի, ցրտի ու անօթութեան մի վարչակարգ։

Խորտակուող Հայաստանից մարդիկ իրենց փրկութիւնը որոնեցին օտար երկրների մէջ։ Եւ մինչ սփիւռքի «հայրենասէր» շրջանակները Կրեմլի նկատմամբ իրենց «առաջադիմական» նուիրուածութեամբ եւ խրախուսուելով «անկախացած» երկրի վարչակարգի կողմից, անողօք մի հալածանք սկսեցին պանդուխտների դէմ, նոյն «անկախացած» երկրի նոյն իշխանութիւնները ամէն կերպ քօղարկում էին այն գործողութիւնները, որպիսիք կատարւում էին հայ ժողովրդի «հաւերժական ու միակ բարեկամ» Մոսկուայի կողմից։

Երեւանի ռուսական դեսպանատունը «ներքին կարգով» հրաւիրեց «անկախացած» երկրի քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիութիւն ստանալու։ Եւ խանութների դիմաց տասնեակ մետրերով հացի համար կանգնած հերթերին աւելացաւ նաեւ ռուսական անձնագրեր ստացողների շատ աւելի երկար մի «պոչ»։ Մոսկուան «անկախացած» Հայաստանի մէջ ապահովում էր իր քաղաքացիների ներկայութիւնը, որոնց շահերը պաշտպանելու համար պատրաստ էր ամէն պահի իրականացնել ռազմական մի ներխուժում։ Այս «իմաստուն» ծրագիրը մասամբ իրականացաւ 2008-ին Վրաստանը մասնատելու գործողութեամբ։

Ու որքան սփիւռքի «հայրենասէր առաջադիմականները» աղմկեցին «հայրենիք լքողների», «հայրենիք դաւաճանողների» դէմ, եւ այդ աղմուկն էլ ներդաշնակեցին իրենց չարամտութեամբ, ոչ միայն լռութեամբ, այլեւ բացայայտ խրախուսանքով էին ոգեւորում հարիւր հազարաւոր «ռուսական քաղաքացիների», որոնք ճամբայ ելան դէպի Հիւսիս։

Կը նշանակի մեր հայերը աշխարհագրութիւն վատ գիտէին։ Մի քանի տասնեակ հազարները գնացին Արեւմուտք՝ կարծելով արեւը այդ կողմից է ծագում, հարիւր հազարաւորներն էլ հաւատացին մեր տիրացու Նահապետին, որ պնդում է, թէ արեւը ծագում է Հիւսիսից։

Բայց խնդիրը աշխարհագրական չէր, այլ… հայրենական։ Արեւմուտք գնացողները լքում էին հայրենիքը, իսկ Հիւսիսային պանդուխտները, անշուշտ, մնում էին հայրենիքում։ Հայի այն հայրենիքում որի սահմանները Կարպատեան լեռներից ձգւում էին դէպի Խաղաղ ովկիանոս եւ Հիւսիսային բեւեռից մինչեւ Արաքս գետ… Մի խօսքով նրանք եւ սփիւռքի սովետասէրներն էլ համոզուած են որ, յիրաւի, իմպերիան իրենցն է եւ Ս. Կապուտիկեանը կամ Հր. Մաթեւոսեանը գոնէ այս անգամ սխալուել են, թէ «կորցրել են իրենց այդ իմպերիան»։ Ի վերջոյ Տիկնանց մի Տիկին եւ Արանց մի Այր նոյնպէս իրաւունք ունեն ամբողջ իրենց կեանքը արդար ապրելով, գոնէ մէկ անգամ սխալուել։

Բայց մենք, որ մեր Երկրի ճշմարիտ տէրերն ենք եւ մերժում ենք օտարի գերին լինել, պարտաւոր ենք մերժելով՝ մերժել այդ իմպերիան, որ իբրեւ այդպիսին մեզ իբրեւ գաղութ նուաճել է գրեթէ երկու դար առաջ, բայց լկտի ստախօսութեամբ եւ աշնանային սատկող ճանճի համառութեամբ դեռեւս մեր ականջի տակ բզզում է ու բզզում, թէ իբրեւ հայերն իրենց «կամքով են կցուել Ռուսաստանին»։

ԾՐԱԳՐՈՒԱԾ ՀԱՅԱԹԱՓՈՒՄԻ ԱՐԱԳԸՆԹԱՑ ՓՈՒԼԸ

Հայաստանը հայաթափելու նպատակով ծաւալուող իրադարձութիւնները տեղի են ունենում նախագահական վարչակազմի ու նախարարական արկածախնդիրների բարեմաղթանքներով։ Այն յայտարարութիւնը որ արեց լենինեան կոմերիտմիութեան ծոցում հասունացած «վսեմափայլ տիկին նախարար» Հրանուշ Յակոբեանը, մի–երկու նախադասութեամբ նպաստում եւ խրախուսում է իրականացուող ոճրագործութիւնը։

«Վերջերս,- կարդում ենք մի լրատուութեան մէջ,- Հայաստանի Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան յայտարարեց, որ Սփիւռքի մէջ հայ է ան, որ ինքզինք հայ կը զգայ: „Լեզուն, կրօնքը, ծագումը այնքան կարեւոր չեն, ինչքան զգացողութիւնը“- ըսաւ Յակոբեան, նախարարութեան հիմնադրման երկրորդ ամեակին նուիրուած մամլոյ ասուլիսին ընթացքին: Նախարար Յակոբեան դիտել տուաւ, որ Սփիւռքի 7 միլիոննոց զանգուածը կարելի է համախմբել հետեւեալ հարցերով՝ Ղարաբաղեան հարցի կարգաւորում, Ցեղասպանութեան միջազգային ճանաչում, Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւն ու հզօրացում, Սփիւռքի ուծացման դէմ պայքար, Հայապահպանում եւ Հայոց եկեղեցւոյ շուրջ համախմբում»:

Կոմերիտական խանդավառութեամբ այս յայտարարութեան մէջ Հայաստանը կառավարող վարչախմբակի համար «հայապահպանումը» այլեւս չի պայմանաւորւում ո՛չ հայոց լեզուով, ո՛չ քրիստոնէական դաւանանքով եւ ո՛չ էլ հայեցի ծնունդով։ Բաւական է միայն «զգացողութիւնը»։ Բայց այդ «զգացողութիւնն» էլ պայմանաւորուած է միայն հայերէնով, միայն հաւատքով եւ, անշուշտ, ծնունդով։ Այս տարրական ճշմարտութիւնը յայտնի չէ տիկնոջը, որի պիոներական, կոմերիտական ու կոմունիստական դաստիարակութեամբ ձեւակերտուած է նրա ապազգային-աթեիստական էութիւնը։ Եւ լինելով Հայաստանի մէջ ծաւալուող հայաթափութիւնը նախապատրաստող եւ խրախուսող իշխանութեան քարոզչական խօսափողը, իր օրիորդական երբեմնի անմեղ միամտութեամբ կարծում է, թէ մի որեւէ օտար ընտանիքի մէջ ծնուած եւ իր ծագումով նիգերիացի, գերմանացի կամ չինացի մէկը տարաշխարհի մէջ հայ կարող է սեպուել նա, ով որոշել է իրեն «այդպիսին զգալ»։

Հայաստանի իշխանութիւնները համոզուելով որ վաղուց կորցրել են իրենց հեղինակութիւնը, հայութեանը կոչ են անում «համախմբուել Հայոց եկեղեցւոյ շուրջ»։ Նրանց խորին համոզուով հայոց լեզուն եւ դաւանանքը բնաւ պարտադիր չեն «Հայոց եկեղեցու շուրջ» համախմբուելու համար։ Աւելին, նրանք կարծում են, թէ եկեղեցին ինչ որ համակարգ է կամ գաղափար, որի շուրջ համախմբւում են։

Բայց կարեւորը այս տգիտութիւնները չեն։ Բանն այն է որ դիւանակալական (բիւրոկրատական) լեզուի պաճուճանքներով ու տրամաբանական խաթարումներով եւ հասարակութեան մտածողութեան ընդարմացուած վիճակը չարաշահելով աշխուժօրէն իրականացւում է ռուս-հայկական դաւադրութիւնը։

Մեզ արդէն յայտնի է այն մօտալուտ հեռանկարը, երբ Ռուսաստանի ազգբնակչութեան թիւը աղետալի անկում է ունենալու։ Հետեւաբար Կրեմլը իրականացնում է իր դեռեւս գաղութային հանրապետութեան հաշուին զանազան շրջանների ազգաբնակչութեան թիւը ոչ միայն աւելացնելու, այլեւ հեռանկարի մէջ ծնելիութիւնը աւելացնելու ծրագիրը։

Այս նպատակով Երեւանի մէջ ստեղծուած է Ռուսաստանի վերաբնակեցման ներկայացուցչութիւն։ «Կամաւորութեան» սկզբունքով հայաթափութիւն իրականացւում է Հայաստանի քաղաքացիներին խոստանալով տուն, աշխատանք, նպաստ, ճանապարհածախս եւ, ի հարկէ, քաղաքացիութիւն (եթէ ժամանակին չեն ստացել)։ Ընդ որում, եթէ մեկնողները ցանկութիւն ունենան Հայաստան այցելել, ապա միայն ու միայն իբրեւ Ռուսաստանի քաղաքացիներ։ Այսինքն, օտարացումը իրականացւում է նաեւ առանց այդ էլ խիստ պայմանական սահմանի նոյնքան պայմանական օրէնքների պահպանութեան պայմանով։

Լրագրող Տաթեւ Մեսրոպեանը («Ժամանակ») հարցազրոյցներ է ունեցել տարբեր պատասխանատուների հետ։ «Նրանք հաւաքում են իրենց քաղաքացիներին»,- լրագրողի հարցին պատասխանել է Հայաստանի պետական վերաբնակեցման ծառայութեան պետի տեղակալ Ի. Դավթեանը։ Եւ բացատրել, որ մեկնողները ի հարկէ կարող են նաեւ վերադառնալ.- Բայց մինչ այդ պէտք է միգրացիոն ծառայութեան կատարած ծախսերը փոխհատուցեն, քանի որ պետութիւնը նրանց վրա ծախս է կատարել: Ճանապարհածախս, տուն, աշխատանք է տրամադրել: Կոպիտ ասած` սա համաձայնութիւն է, եթէ մարդը չի ցանկանում շարունակել ապրել այնտեղ, նրան ոչ ոք զոռով չի պահում: Պարզապես պետք է պարտքերը մարի, նոր վերադառնայ»։

Հայաստանում Ռուսաստանի վերաբնակեցման ներկայացուցչութեան գլխաւոր մասնագէտ Վիկտոր Կուզմինը նոյնպէս հաստատել է, որ Ռուսաստանը իսկապէս իրականացնում է մեր համոզումով՝ որակեալ հայաթափութեան ոճրագործութիւնը: Հայրենազրկուած ընտանիքներին բնակեցման են ուղարկում Կալինինգրադի (Քեոնինսբերգ), Վորոնեժի, Լիպետսկի, Տյումենի եւ այլ 23 շրջաններ։ Սեպտեմբերի 15-ի տուեալներով Ռուսաստան են վերաբնակեցուալ 4808 հոգի։

Կրեմլի այս ծրագիրը, որ Վանի հայաթափման ժամանակակից եւ կատարելագործուած մի տեսակն է, մշակուել ու հաստատուել է չորս տարի առաջ եւ իր բարեյաջող աւարտին է հասնելու մինչեւ Ռուսաստանի նախագահի ընտրութիւն՝ 2012 թուականին։ Այդ պատճառով է որ մինչեւ հիմա գաղթը կազմակերպուել է առանց շեփորահարուելու, այսպէս ասած՝ «ներքին կարգով»։ Բայց նախագահ Մեդվեդեւը հայաստանեան այցելութեան ընթացքին, վստահելի աղբյուրների համաձայն, Սերժ Սարգսյանին անձամբ պատուիրել է քայլեր ձեռնարկել այդ յիրաւի թշնամական ծրագիրը լայնօրէն տարփողելու համար։

Այս օրերին Հայաստանում՝ Ռուսաստանի Միգրացիոն ծառայութեան շէնքում շաբաթը երեք անգամ սեմինարներ են կազմակերպւում Հայաստանի քաղաքացիների հետ։ Ամէն հաւաքոյթին մասնակցում են առնուազն երեսուն հոգի եւ նրանք համաձայնում են ընտանիքով օտարութիւն գնալու առաջարկին:

Ամէն շաբաթ՝ 90 ընտանիք։ Միջին հաշուով 450-500 հայ մեկնում է երկարատեւ հոգէվարքի մէջ գտնուող կայսրութեանը մարդկային աւիշով նրա վախճանը երկարաձգելու։

«Ի դէպ, պարզվում է, որ Հայաստանում Ռուսաստանի Միգրացիոն ծառայութեան ներկայացուցիչ Սվետլանա Ստեպանովան զայրացած է,- պատմում է Տաթեւ Մեսրոպեանը,- քանի որ վերջին շաբաթուայ ընթացքում լրատուամիջոցները եւ կազմակերպութիւնները յայտարարութիւններով են հանդէս գալիս, թէ հայերին վերաբնակեցնում են Ռուսաստանի շրջաններում։- Այնուհետեւ Ստեպանովան ճշտում է, թէ «Մենք ոչ ոքի չենք ստիպում, որ մասնակցեն այդ ծրագրին, բայց մենք պարտավոր ենք ընդառաջել այն քաղաքացիներին, ովքեր նման որոշում են ընդունել»։

Իսկապէս, որքա՜ն դիւրին է օտար քաղաքացիութիւն ընդունելը դեռեւս Հայաստանում եւ որքան հրապուրիչ է այս տեղահանման դիմաց աշխատանք, նպաստ, ուսում, ինչպես նաեւ տեղափոխման ճանապարհածախս ստանալու հեռանկարները մի երկրի կողմից, որտեղ պետական բոլոր ձեռնարկներին յատկացուած ֆինանսական միջոցները անհետանում են անապատով հոսող գետի ջրերի պէս՝ մինչեւ ծով հասնելը։

«Բնականաբար, լավ օրից չենք ցանկանում մեկնել: Խելքը ունենք, ուժը ունենք, աշխատելու ցանկությունը ունենք, բայց չենք կարողանում ընտանիք պահել: Այս երկիրը մի քանիսի սեփականությունն է դարձել»,- բացատրում են անհեռանկար օտարութեան մեկնողները։

ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԱՍՆԱԿԻՑԸ

Արդէն դարից աւելի է որ հետեւողականօրէն իրականացւում է Հայաստանը առանց Հայի տիրելու ռուս-թուրքական ոճրագործ ծրագիրը։ Հիմա այդ նոյն ծրագիրը վերջնականապէս իրականացնելու գործին 1991-ից ի վեր լծուած են «անկախ» Հայաստանի բոլոր երեք վարչախմբակները։ Քսանամեայ վաղեմութիւն ունեցող այն շնական՝ ցինիկ բացատրութիւնը, թէ «որքան երկրից շատ լինեն հեռացողները, այնքան լաւ» - գուցէ շատերն են մոռացել, բայց մենք յիշում ենք։

Մենք յիշում ենք նաեւ այն աղտոտ մեղադրանքները բոլոր նրանց հասցէին, ովքեր տնաւեր լինելով՝ հաստատւում էին եւրոպական երկրներում եւ Միացեալ Նահանգներում՝ տարիներ տառապելով, մինչեւ կը ստանային իրենց «գրին քարտ»ը. յիշում ենք նաեւ քար լռութիւնը Երեւանի մէջ նոյն օրը քաղաքացիութիւն ստանալով՝ Ռուսաստան մեկնողների նկատմամբ։ Քանի որ «Հայուն միակ յոյսը Ռուսաստանն է։ Ռուսաստանէն երես դարձնենք նէ՝ Հայաստանը կ’երթայ ձեռքներես»։ Իսկ վերջերս էլ բանն այնտեղ է հասել որ կրեմլեան տիրոջ այցելութեամբ ոգեւորուած՝ համարձակւում են «հայրենասիրաբար» ներշնչելու փորձ անել մեզ, թէ «Ի՛նչ դրօշ ալ որ ըլլայ Մոսկուային վրայ, նոյն պէտք է ըլլայ Հայաստանի մէջ»։ Եւ զարմանալին այն է որ մեր անտարբերութեամբ, մեր թմրած վիճակը շահարկելով ԿԳԲ-ի գործակալները առանց խպնելու են իրենքիրենց բացայայտում այդ յայտարարութիւններով։

Ես բնաւ չեմ նկատում Հայաստանի մտաւորականութիւն կոչուած խառնամբոխին, որ Գրողների, Նկարիչների, Կոմպոզիտորների, Կինոմիութիւնների մէջ ծուարած, ծախում են Երկիրը։ Նրանք գոյութիւն չունեն ոչ իբրեւ քաղաքացիական պատասխանատուութիւն ունեցող եւ ոչ էլ գեղարուեստի մէջ պարկեշտութեան արժէք ներկայացնող մարդիկ։ Նրանք զանազան Գագոների, Լֆիկների, Գռզոների եւ աւելի փոքր տրամաչափ ունեցող կրծողների եւ Կրեմլի դրածոյ անցեալ եւ ներկայ երեք նախագահների հետ արդէն երկու տասնամեակ է, ինչ խորտակում են Երկիրը։

Բայց որտե՞ղ են Հայրենիքին նուիրեալ պաշտպանները։ Չէ՞ որ նրանք կան, տեսնում են այս արհաւիրքը որ պայթել է Հայաստանի գլխին… Դեռ ի՞նչ է պէտք է լինի որ մեր լեռներով մէկ արձագանգուի տիրական մեր ՈՉ-ը…

Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ

2010, Հոկտեմբեր, Փարիզ

No comments: