Tuesday, October 12, 2010

Արցախն Իրանի համար կլինի փրկության օղակ. իրանագետ

Tert.am. 11-10-2010- «Իրան–Ադրբեջան քաղաքական հարաբերությունները կարելի է դիտարկել Իրան–Ադրբեջան–Թուրքիա եռակողմ հարաբերությունների շրջանակներում, որովհետև վերջիվերջո Ադրբեջանում Իրանի կողմից գնում է մրցակցություն Թուրքիայի շահերը հնարավորինս թուլացնելու և իր շահերը հնարավորինս ամրապնդելու ուղղությամբ»,– այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց իրանագետ Մհեր Բաղդասարյանը։
Իրանագետի խոսքով, 2000թ. հետո՝ ԱՄՆ ադրբեջանամետ քաղաքականությամբ պայմանավորված Իրան–Ադրբեջան հարաբերություններում «վայրիվերումներ» են տեղի ունենում, ինչի վկայությունը կարելի է համարել նաև վերջին շրջանում Իրանում ադրբեջանցիների ձերբակալությունները։ «Այս համատեքստում, բնականաբար, Հայաստանի և Արցախի դերը Իրանի համար մեծանում է, որովհետև Հայաստանը համարվում է պանթուրքիստական ծրագրերի իրականացման խանգարիչ օղակը, որին դեմ է նաև Իրանը»,– հայտարարեց իրանագետը։
Մհեր Բաղդասարյանի խոսքով՝ «Իրանին ձեռնտու չէ, որպեսզի Արցախի ազատագրված տարածքներում հայտնվեն խաղաղապահներ, երրորդ երկրի ներկայացուցիչ ուժ լինի Իրանին սահմանակից տարածքում»։
«Իրականությունն այն է, որ Իրանին ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը, որովհետև համենայն դեպս ներկայիս դրությամբ լինելով շրջափակման մեջ, Հայաստանի հետ, այսպես ասած, բախտակից երկիր, նրան հարկավոր է մի երրորդ շուկա՝ ներդրումներ՝ հենց թեկուզ Արցախում։ Եթե վաղը, մյուս օրը Արցախի Հանրապետությունը լինի ճանաչված երկիր, դա Իրանի համար կլինի փրկության օղակ»,– ասաց Մհեր Բաղդասարյանը։

No comments: