Tuesday, October 12, 2010

«Ակոսի» խմբագիրը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հույսեր չունի

News.am. 12-1-02010- Երկկողմ հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունների վավերացման սառեցումը երկու կողմերի համար էլ տհաճ երեւույթ էր: Այդ արձանագրություններն այդպես էլ մեծ արժեք չստացան ոչ Հայաստանի, ոչ Թուրքիայի համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի հայերեն էջի խմբագիր Սարգիս Սերոբյանը՝ մեկնաբանելով անցած տարվա հոկտեմբերի 10-ին արձանագրությունների ստորագրումից հետո ստեղծված իրավիճակն ու հեռանկարները:
«Արձանագրությունների վավերացման համար Թուրքիան նախապայմաններ առաջ քաշեց, այժմ էլ քաշում է: Հակառակ, որ երկու կողմերից էլ նախապայմաններ չպիտի լինեին, երկու կողմն էլ անշուշտ նախապայմաններ ունեին: Հայաստանի կողմը ցեղասպանության ճանաչում է ցանկանում, Թուրքիան՝ ադրբեջանական «օկուպացված» հողերի վերադարձ է պահանջում: Եւ այդ նախապայմանների պատճառով ստորագրությունները մնացին օդի մեջ»,- նշեց Սերոբյանը:
Հարցին, թե երբեւէ կստորագրվե՞ն, արդյոք, հայ-թուրքական արձանագրությունները, Սարգիս Սերոբյանը լակոնիկ պատասխան տվեց. «Դժվար»:
Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները: Դրանք այնուհետ պետք է վավերացվեին երկրների խորհրդարաններում, սակայն թուրքական կողմի ապակառուցողական մոտեցման եւ եւ առաջ քաշված նախապայմանների պատճառով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կասեցրեց արձանագրությունների վավերացման գործընթացը:

No comments: