Saturday, October 9, 2010

Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի հաշմանդամները մտադիր են ապաստան խնդրել Հայաստանից

Panorama.am. 8-10-2010- Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդուն` Անար Մամեդովին պատկանող «ZGAN» հոլդինգի աշխատակիցները ավերել են ղարաբաղյան պատերազմում հաշմանդամ դարձած մարդկանց պատկանող առևտրային կրպակները: Նպատակն այդ տարածքներին տիրանալն է: Այս մասին գրում է «Բիզիմ յոլ» թերթը` նշելով, որ մի խումբ հաշմանդամներ այցելել են խմբագրություն և պատմել նոյեմբերի 7-ին Ադրբեջանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում թեկնածու առաջադրված Անար Մամեդովի անօրինականությունների և պետական կառույցներում իրենց նկատմամբ թույլ տրված կամայականությունների մասին:
«Մենք չենք հասկանում` ղարաբաղյան պատերազմում առողջությունը կորցրած մարդկանց առևտրային կետերը ձեռքներից խլող մեկն ինչպես կարող է ազգի պատգամավոր լինել: Նա աղքատների արյունը ծծող է: Մենք չենք ուզում, որ նա խորհրդարանի պատգամավոր լինի: «ZGAN»-ի ղեկավարության անօրինությունների վերաբերյալ կառավարությանը հղած մեր 3 դիմումներն անպատասխան են մնացել:
Մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ իրավապահ մարմինների ղեկավարները վախենում են Անարից և նրա նախարար հորից: Ավելի ճիշտ` նրա փողերից...: Մենք դիմել ենք Նասիմիի շրջանի դատարան, եթե Ադրբեջանի դատարաններում արդարության չհասնենք, կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մենք պատրաստվում ենք դիմել նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատուն: Մտադիր ենք ապաստան խնդրել Հայաստանից, որի դեմ ժամանակին կռվել ենք»,- ասել են նրանք:
Թերթը գրել է, որ հիշյալ ձեռնարկատերերը իրենց պատկանող առևտրային կետերը վերադարձնելու պահանջով բազմիցս բողոքի ցույցեր են կազմակերպել «ZGAN» հոլդինգի առաջ: Ամեն անգամ ոստիկանությունը կոպտորեն ցրել է ցույցը և նրանց տարել ոստիկանական բաժանմունք: Նրանք պնդում են, որ «ZGAN» հոլդինգն ապօրինաբար իրենցից խլել է «Մայիսի 28» մետրոյի կայարանում իրենց պատկանող առևտրային կետերը:
Նշվում է, որ «ZGAN» հոլդինգ-ը հանդիսանում է ադրբեջանական տնտեսության լիդերը, որը ունի միլիարդավոր դոլարների շրջանառություն: Նրա եկամուտները տարեցտարի մեծ թափ են հավաքում: «ZGAN» հոլդինգն իր մեջ ներառում է տարբեր բնագավառներ. բանկային համակարգ, ապահովագրական, հեռուստատեսային, շինարարական, տրանսպորտային, բեռնափոխադրումների, հյուրանոցային բիզնեսի և տուրիզմի, անշարժ գույքի ոլորտները, չհաշված արտադրական ձեռնարկությունները:

No comments: