Wednesday, October 27, 2010

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՄՈԼԵԳՆՈՒՄ ԵՆ ԹԵՀՐԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Հոկտեմբերի 25-ին Թեհրանի Էմամ Խոմեյնիի անվան մոսալլայում (իսլամական տոների համար ընդարձակ աղոթատեղի) աշխատանքն է սկսել մամուլի, լրատվական գործակալությունների եւ լրատվական կայքերի միջազգային ամենամյա 17-րդ փառատոն-ցուցահանդեսը, որին Հայաստանից մասնակցում են Ազգ օրաթերթը և Պանառմենիան կայքը: Ցուցահանդեսի կարգախոսն է “Մամուլի առաքելության իրականացման ուղիների ու ռազմավարության պարզաբանումը”:
Բացման արարողությանը մասնացել է Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Սեյյեդ Մոհամմեդ Հոսեյնին, մամուլի և տեղեկատվության հարցերով նրա տեղակալ Մոհամմեդ Ալի Ռամինը, ով ցուցահանդեսի պատասխանատուն է: Այս տարի ցուցահանդեսի մասնակիցների թիվն ավելացել է ևս 100-ով, կազմելով 700 տաղավար, ընդ որում նախորդի համեմատությամբ 25-ով ավելացել է նաև մասնակից երկրների թիվը` 55 երկիր:
Ռամինը ցուցահանդեսի կազմակերպչական հարցերի առնչությամբ տված հարցազրույցում, անդրադառնալով օտարերկրյա մասնակիցներին, հայտնել էր, որ 17-րդ ցուցահանդեսն այս առումով դրականորեն տարբերվելու է նախորդներից: Նա շեշտել էր, որ ճիշտ որոշում ընդունելով, չեն հրավիրվելու արևմտյան հավակնոտ և ճշմարտությունից հեռու պարբերականներին, թերևս կլինեն բացառիկ դեպքեր:

Ռամինը արևմտյան ԶԼՄ-ներին մեղադրել էր այն բանում, որ իրենց համարում են այդ ոլորտի անվիճելի արքա: Ցուցահանդեսի պատասխանատուն նշել էր, որ օտարերկրյա պարբերականների հարցում կարևորվել են տարածաշրջանի և հարեւան երկրների ԶԼՄ-ները` նախապատվություն տալով պարսկալեզուներին, ապա մեծ տեղ է տրվել իսլամական երկրների, իսկ վերջում նաև անկախ երկրների առավել նշանակալից լրատվական պարբերականներին:

Ադրբեջանը, որպես հարևան, նաև իսլամական երկրիր, միշտ էլ ցուցահանդեսին մասնակցել է Հայաստանի համեմատ ավելի մեծ պատվիրակությամբ: Ինչպես այս տարի, անցյալ տարի էլ մասնակցում էր ադրբեջանական Trend բազմալեզու կայքը, որի տաղավարում ցուցադրվել էին նաև “Հայերի եղեռնագործությունների” վերաբերյալ գրքեր, որոնք հավաքվեցին ցուցահանդեսի պատասխանատուների պահանջով, ինչի մասին տեղեկացրել էր հայկական կողմը:

Իսկ այս տարի ցուցահանդեսի ադրբջանական մասնակիցները, մասնավորապես Trend գործակալությունը, ցայտուն կերպով ներկայացնում են “Հայկական և ադրբեջեջանական պատվիրակություների միջև բախումները”, ադրբեջանցիներն այսպես են բնութագրում հայկական տաղավարում վայրենաբար Արցախի քարտեզի պատռելը: Trend-ն այս “բախումը” պատճառաբանել էր հետևյալ կերպ. հակական ԶԼՄ-ների նեկայացուցինչներն իբրև Արցախի խորհրդանիշ Լեռնային Ղարաբաղի պատմական հուրշարձաններից մեկի պատկերը տաղավարում փակցնելով, փակցրել էին նաև ինքնակոչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարտեզն ու դրոշը: Ապա հավելել, որ երբ հայերը չհամաձայնվեցին վերջ դենել այդ խայտառակությանը, ադրբեջանցիներն իրենք վերցրին այն: Միաժամանակ նշել է, որ հայ լրագրողները հայտնել են, թե հուշարձանի պատկերը փակցրել էին ցուցահանդեսի կազմակերպիչները, ուստի իրենք էլ հնարավոր են համարել փակցնել քարտեզն ու դրոշը:

Այնուհետև Trend-ն ընդգծել է, որ իրացիներն իրենց հերթին ներողություն հայցելով այդ թյուրիմացության առնչությամբ, նշել են, թե հուշարձանի պատկերն իրենց է տրամադրել հայկական կողմը նախապատրաստական աշխատանքների ժամանակ: Այլ կերպ` Trend-ը հաղթողի կեցվածքով շեշտում է, որ տեղն է դրել թե հայկական, և թե իրանական կողմերին, որոնք արդարացել են իրենց առջև:

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

No comments: