Friday, October 1, 2010

Ռուս փորձագետ. Ռուսաստանը, միանշանակ, ռազմական օգնություն կցուցաբերի Ադրբեջանին

News.am. 30-9-2010- Ռուսաստանն, անկասկած, ռազմական օգնություն կցուցաբերի Ադրբեջանին: Այս մասին «Ժամանակ» թերթի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ռազմական քաղաքագետների ասոցիացիայի փոխնախագահ Ալեքսանդր Պերենջիեւը: Նրա խոսքով, Ռուսաստանն այսօր շահագրգռված է աջակցել Ադրբեջանին տնտեսական եւ ռազմա-քաղաքական խնդիրներում:
Ինչ վերաբերում է ռուս-հայկական բարաբերություններին, փորձագետի կարծիքով, այստեղ ավելորդ հարցեր չեն կարող լինել: «Մենք ընդհանուր ռազմական կազմակերպության` ՀԱՊԿ-ի կազմում ենք: Հայաստանը մեր այն դաշնակիցն է, որի հետ չկան լուրջ տարաձայնություններ: մենք կարող ենք լուրջ տարաձայնություններ ունենալ Բելառուսի, Ղազախստանի, բայց ոչ Հայաստանի հետ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա չպետք է մոռանալ, որ այդ երկիրը եղել է ՎՈՒԱՄ-ի անդամ եւ հիմա Ռուսաստանը ձգտում է ամեն կերպ Ադրբեջանին դուրս բերել ՎՈՒԱՄ-ից եւ «մերձեցնել» ՀԱՊԿ-ին»,- նշել է Պերենջիեւը:
Անդրադառնալով Թուրքիայի դերին, նա կարծիք հայտնեց, որ այդ երկիրն, անկասկած, փորձում է մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում:
«Մենք հասկանում ենք, որ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է: Իհարկե, Թուրքիան ավելի մեծ երաշխիքներ է տալիս Ադրբեջանին, քան Ռուսաստանը` Հայաստանին: խոսքն առաջին հերթին ֆինանսական օժանդակության մասին է, իսկ այդ հարցում դեռ Թուրքիան է առջեւում: Այսինքն ստացվում է, որ Ռուսաստանը հիմա քաղաքական առեւտրի մեջ է հենց Ադրբեջանի հետ , որպեսզի ինչ-որ կերպ թուլացնի Թուրքիայի ազդեցությունն այդ երկրի վրա եւ շահագրգռի Ադրբեջանին տնտեսական նախագծերով:

No comments: