Wednesday, October 27, 2010

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրները, «երես են տալիս» Բաքվին, իսկ վերջինս ավելի է լկտիանում. Քաղաքագետ

Panorama.am.27-10-2010- Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրավիճակը սրելու նպատակ ունի: Մեկնաբանելով հոկտեմբերիի 26-ին ադրբեջանական կողմի վարքագիծը այսօր Աստրախանում սպասվող եռակողմ հանդիպումից առաջ, Panorama.am-ին հայտարարել է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ Վահան Դիլանյանը:
«Նախօրեին ադրբեջանական կողմի հրաձգությունը Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումից առաջ, որը բերեց ԼՂՀ Պաշտպանության Բանակի զինծառայողի մահվան, հոկտեմբերի 14-ին ադրբեջանական դիպուկահարի կողմից ՊԲ զինծառայողի սպանությունը, հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի կողմից առևանգված հայ երիտասարդի սպանությունը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների կողմից դիպուկահարներին ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծից հետ քաշելու առաջարկերի մերժումը Բաքվի կողմից որակվում են` որպես սադրանք ռազմական գործողությունների վերսկսկման համար», -հավելել է նա:

Դիլանյանի խոսքով, այդ ագրեսիվ վարքագծով Բաքվի իշխանությունները տեղեկատվական անհրաժեշտ բազա են ապահովում նոյեմբերի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Իլհամ Ալիևի գլխավորած «Նոր Ադրբեջան» կուսակցության բացարձակ հաղթանակի համար:

«Մի բան կարելի է հստակ արձանագրել. միջազգային հանրությունը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ-երկրները, «երես են տվել» ու «տալիս» Բաքվին, իսկ վերջինս էլ ավելի է լկտիանում: Ադրբեջանի նման լկտիացած կառավարության հետ բանակցություններում առաջընթաց լինել չի կարող», -կարծիք է հայտնել նա:

Քաղաքագետի համոզմամբ, այսօր սպասվող Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը բեկում չի արձանագրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ոչ միայն ադրբեջանական իշխանությունների հանցագործ վարքագծի ու խորհրդարանական առաջիկա ընտրություններով պայմանավորված ապակառուցողական կեցվածքի պատճառով, այլև այն պատճառով, որ «բանակցություններում բեկման համար նախագահների նախորդ հանդիպմանը պետք է գոնե ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերվեր, ինչը տեղի չի ունեցել»:

Հիշեցնենք, որ Աստրախանում այսօր կայանալիք եռակողմ հանդիպումից առաջ, հոկտեմբերի 26-ին, ժամը 16:45-ի սահմանում, ինչպես տեղեկացրել էին ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան (Մարտակերտի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա հակառակորդի կողմից ձեռնարկված հերթական հրաձգության արդյունքում զոհվել է Ստեփանակերտ քաղաքից զորակոչված ՊԲ շարքային զինծառայող, 1990թ. ծնված Հարութ Աշոտի Գրիգորյանը:

No comments: