Wednesday, October 27, 2010

Մասիս Մայիլյան. Առանց Ղարաբաղի մասնակցության Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ բանակցությունների ձեւաչափը խեղված է

Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության եւ անվտանգության Հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի հարցազրույցը NEWS.am գործակալությանը.

-Հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Ի՞նչ կարելի է սպասել այդ հանդիպումից:
-Պետությունների ղեկավարների անձնական շփումները օգտակար գործողություն են, երբ այդ պետությունները, լինելով հարեւաններ, ունեն լուրջ տարաձայնություններ: Չեմ կարծում, որ Աստրախանի հանդիպմանը բեկում կլինի, քանի որ դրա համար չկան համապատասխան պայմանները, ինչպես ուժի միջազգային կենտրոնների, այնպես էլ հակամարտող կողմերի հասարակությունների մեջ:

-Հաշվի առնելով, որ պահպանվում է եռակողմ հանդիպումների ձեւաչափը, որքանո՞վ է հնարավոր առաջընթաց ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում:
-Աղավաղված բանակցային ձեւաչափը՝ առանց ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչների, արցախյան կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության հիմնական պատճառներից է: Իրական առաջընթացի ճանապարհին այլ խոչընդոտներ էլ կան: Դա, օրինակ, հնացած մեթոդներն ու մեթոդոլոգիան է, որը օգտագործվում է սկսած 1992-ից: Այդ մոտեցումների վերանայման դեպքում, այսինքն հակամարտող բոլոր կողմերի համար հավասար պայմանների ստեղծման դեպքում միջազգային հաստատությունները կկարողանան իրացնել իրենց վերապահված կարեւոր դերը: Քանի դեռ այդ մոտեցումները չեն վերանայվել, մեզ առաջարկելու են պայթյունավտանգ «մադրիդյան սկզբունքներ» եւ իրականությունից կտրված բանակցային ձեւաչափեր:

-Նման ամեն մի միջոցառումից հետո շփման գծում զոհվում են հայ զինվորներ: Ըստ ձեզ, ինչպիսի՞ն կլինեն քաղաքական հետեւանքները, եթե Ադրբեջանը կրկին դիվերսիա անի:
-Փորձը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված խմբավորումների սադրիչ գործողությունները չեն ստանում ԵԱՀԿ քաղաքական գնահատականը: Միջնորդների նման վարքը չի նպաստում լարվածության թուլացմանը: համարժեք միջազգային արձագանքի բացակայության պայմաններում ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների պատասխան գործողությունները շարունակում են զսպիչ դեր կատարել:

No comments: