Tuesday, October 12, 2010

Հայ–իրանական երկաթուղին կօգնի ավելի վստահ ներկայանալ արցախյան և հայ-թուրքական բանակցություններին. փորձագետ

Tert.am. 11-10-2010- Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ հայ–իրանական քաղաքական հարաբերություններին չեն համապատասխանում երկու երկրների տնտեսական հարաբերությունները։ «Մեր շրջանառությունը կազմում է 500 մլն. դոլար, այն դեպքում, երբ Հայաստանի արտաքին շրջանառությունը կազմում է ավելի քան 5 մլրդ. դոլար։ Կարծում եմ, այստեղ մենք տեղ ունենք ընդլայնելու մեր հարաբերությունները»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետը։
Երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման համար քաղաքագետը կարևորեց հայ–իրանական երկաթգծի կառուցումը։ Նրա տեսակետին համաձայնեցին ասուլիսին մասնակցող մյուս փորձագետները։
«Բնականաբար, եթե մենք ունենանք երկաթգիծ, որով կապվենք Արևելյան շուկաների հետ, Պարսից ծոց դուրս գանք, մենք ավելի վստահ կներկայանանք և ացախյան բանակցություններին, և հայ–թուրքական բանակցություններին, որովհետև մի դեպքում փլուզվում է ամբողջ ադրբեջանական կոնցեպցիան՝ Հայաստանին ճնշել, հարկադրել զիջումների գնալ, մյուս կողմից Թուրքիայի հետ իսկապես առանց նախապայմանների հարաբերությունների կոնցեպցիան այս պարագայում կարող է դառնալ իրականություն»,– հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
«Ամենակարևորն, իհարկե, երկաթուղին է, որի կառուցման համար տարբեր հաշվարկներով մոտ 4 մլրդ դոլար է հարկավոր։ Սա իհարկե կարևոր հանգույց կհանդիսանա Պարսից ծոց, Սև ծով տրանսպորտային օղակի համար, և այստեղ գալիս է երկրորդ հարցը՝ արդյո՞ք կառուցելուց հետո այն իր կառուցումը ֆինանսապես կարդարացնի, եկամտաբեր կլինի, որովետև, կրկին մասնագետների գնահատականներով, երկաթուղին եկամտաբեր է, եթե 1 կմ–ին տարեկան 30 հազար տոննա բեռնափոխադրում է ընկնում, իսկ այսօր Իրան–Հայաստան բեռնափոխադրումներն էականորեն զիջում են այդ թվին»,– ասաց Ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը։

No comments: