Wednesday, October 6, 2010

ԵՎՐՈՊԱՆ ՀԱՍՏԱՏԱԿԱՄ Է, ԹՈՒՐՔԻԱՆ ՀԻԱՍԹԱՓՎՈՒՄ Է

«ԱԶԳ», 06-10-2010- Եվրոինտեգրման հարցերով Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է, որ Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները գործնականում ընդհատվել են. «Բանակցություններն ընդհատվել են այնպիսի քաղաքական ինտրիգներով, որոնց չի հանդիպել ԵՄ թեկնածու եւ ոչ մի երկիր: Այսպիսի մոտեցումը անարդար է եւ չհիմնավորված: Թուրք ժողովուրդն ավելի ու ավելի է հիասթափվում Եվրոմիության անդամ դառնալու իր ցանկությունից», նշել է Բաղըշը:
Հիշեցնենք, որ 1995-ից Անկարան բանակցություններ է սկսել Եվրոպական միության հետ` ցանկանալով դառնալ վերջինիս լիիրավ անդամ: Սակայն ԵՄ մի շարք երկրները, այդ թվումՙ այնպիսի եվրոպական «հսկաներ», ինչպիսիք են Գերմանիան ու Ֆրանսիան, մինչեւ օրս դեմ են հանդես գալիս Անկարայի լիիրավ անդամակցությանը: Եվրոպայում շատերը չեն ցանկանում ընդգրկել տնտեսապես համեմատաբար թույլ, 75 մլն բնակչությամբ մի երկիր, որի բնակիչների մեծամասնությունն ապրում է Ասիայում: Բացի այդՙ Թուրքիան հրաժարվում է դադարեցնել Եվրոմիության անդամ Կիպրոսի շրջափակումը` չճանաչելով վերջինիս տարածքային ամբողջականությունը: Եթե այս ամենին գումարվի նաեւ առավելապես հայամետ գործիչների առաջ քաշած մյուս նախապայմանը` Հայոց ցեղասպանության ճանաչումը, ապա ակնհայտ է, որ մոտ ապագայում Թուրքիան չի կարող դառնալ «քրիստոնեական ակումբի» անդամ, ինչպես հաճախ անվանում են Եվրոմիությունը Թուրքիայում:

No comments: