Monday, October 11, 2010

Թոմաս դե Վաալն առաջարկում է Թուրքիայում ապամոնտաժել Թալեաթ փաշայի հուշարձանը

News.am. 11-10-2010- Ամերիկյան Քարնեգի հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը զեկույց է հրապարակել, որում հայ-թուրքական արձանագրությունները համարում է Հարավային Կովկասում վերջին տարիների ամենադրական նախաձեռնությունը:
«Հայ-թուրքական արձանագրությունները պետք է կենդանի պահվեն, քանի որ գործընթացը դեռ հնարավորություն ունի տարածաշրջանում փոփոխությունների բերել», - իր զեկույցում գրում է դե Վաալը` հավելելով, որ գործընթացը կարող է վերականգնվել 2011 թվականի ամռանը Թուրքիայում կայանալիք ընտրություններից հետո:
Նա նաեւ կարեւոր է համարում ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելը, քանի որ, ըստ Վաալի, հենց դա էր հայ թուրքական հարաբերությունների զարգացումն արգելակող գլխավոր պատճառը եւ միջազգային հանրությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի հակամարտությանը` «բեկելու համար այն տարածաշրջանային փակուղին, որը ստեղծվել է»:
Փորձագետը նշում է նաեւ, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը` 2015 թվականը, կարող է հանդիսանալ այն ժամկետը, մինչեւ որը կարելի է նպատակ դնել բարելավելու հայ-թուրքական հարաբերությունները:
Թոմաս դե Վաալը զեկույցի վերջում կարծիք է հայտնում, որ նույնիսկ փակ սահմանների դեպքում որոշակի լուծումներ հնարավոր են: Նրա կարծիքով` այժմ թուրքական կողմն ավելի զուսպ պետք է լինի եւ չփորձի ղարաբաղյան հակամարտությունում միջնորդի դեր ստանձնել: Դրական քայլերից մեկն էլ այն կլինի, որ Հայաստանը վերականգնի Նախիջեւանի եւ Ադրբեջանի հաղորդակցությունն իր տարածքով, եւ էլեկտրաէներգիա մատակարարի Թուրքիայի սահմանամերձ շրջաններին: Թուրքիան, իր հերթին, պետք է ազատ մուտք ապահովի սահմանամերձ պատմական շրջաններ, ինչպիսին Անին է, որպեսզի հայերը կարողանան անարգել մուտք ունենալ դեպի իրենց պատմական վայրերը: Այն քայլերի մեջ, որոնք, ըստ դե Վաալի, պետք է կատարի Թուրքիան, օսմանյան արխիվների բացումն է եւ Թալեաթ փաշայի հուշարձանի ապամոնտաժումը:
Փորձագետը նաեւ հիշեցնում է, որ Թուրքիայի քաղաքացի են մոտ 50 հազար հայեր, բացի այդ` Թուրքիայում ապօրինի աշխատող Հայաստանի քաղաքացիներ կան, որոնք կարող են կապող օղակ հանդիսանալ երկու հասարակությունների միջեւ: Հաղորդում է «Ազատություն»-ը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին լրացավ Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մեկ տարին: Ստորագրումից հետո Թուրքիան սկսեց արձանագրությունների վավերացումը կապել ԼՂ խնդրի հետ, որը հանգեցրեց նրան, որ այս տարվա ապրիլին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կասեցրեց արձանագրությունների վավերացման ընթացակարգը:


No comments: