Sunday, October 10, 2010

Փերիո Կրթասիրաց Միության նորությունները

Նավասարդի տոնը Փերիո կրթասիրաց Միությունում
 2010թ. օգոստոսի 11-ին, երեկոյան ժամը 8-ին, Նոր Ջուղայի Փերիո Կրթասիրաց միության կենտրոնատեղիում, Նավասարդի տոնի առիթով տեղի ունեցավ խրախճանքի ուրախ երեկո: Սույն նախաձեռնությունը, Վարչության հովանավորությամբ, կազմակերպել էր միության Կանանց բաժանմունքը:
Օրվա առթիվ բարի գալստյան և շնորհավորանքի արտահայտությամբ հանդես եկավ Կանաց Բաժանմունքի անդամ տկն. Ռիմա Զաքեոսյանը: Նա իր խոսքում անդրադառնալով օրվա տոնին ասաց. ՙՆավասարդը հայոց հին Ամանորն է: Տարեմուտ՝ 4503 հայկական բուն և 1460 հայոց տոմարական թվականը՚:
Շարունակելով իր խոսքն նա նշեց. ՙՀին ժամանակներում հայերը մեծ հանդիսությամբ էին տոնում Նավասարդը: Այդ տոներին մասնակցում էին թագավորն ու նշանավոր իշխանները: Կատարում էին մեծ թվով զոհաբերություններ, կազմակերպում էին խրախճանքերª երգիչների և պարողների մասնակցութեամբ՚:
Տկն. Ռ. Զաքեոսյանը իր խոսքի եզրափակման բաժնում ասաց. ՙԱմանորը քրիստոնեական տեսակետից եկեղեցում որևէ ծիսակատարություն չունի, բացի այդ օրը մատուցվող Ս. Պատարագից՚:
Խրախճանքը տևեց մինչև ուշ գիշեր, վերջում մասնակիցները շնորհակալություն հայտնելով և բարձր տրամադրությամբ թողեցին ՓԿՄ կենտրոնատեղին:

Փերիո Կրթասիրաց միության ՙԷրեբունի՚ պարախմբի մասնակցությունը ՙՄեկ ազգ,
մեկ մշակույթ՚ փառատոնին

Չորորրդ անգամը լինելով, Փերիո կրթասիրաց միության ՙԷրեբունի՚ պարախումբն, այս տարի ևս, իր մասնակցությունը ունեցավ Հայաստանում կայացող ՙՄեկ ազգ, մեկ մշակույթ՚ փառատոնին:
Հուլիս 22-29-ը, 12 հոգուց բաղկացած պարախումբը, պարուսույց տկն. Ալինա Գրիգորյանի գլխավորությամբ և Վարչության անդամներից երեքի օժանդակությամբ, եղել են Երևանում:
ՙԷրեբունի՚ պարախումբը երկու անգամ ելոյթ ունեցավ փառատոնի ընթացքում, որը սփռվեց Հ1 հեռուստաալիքով, առաջինը՝ պարել են բացմանը, երկրորդ անգամª ներկա են գտնվել Արարատ մարզում և ելույթ ունեցել փառատոնի փակմանը:
Փառատոնի ու նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման համար տարվող աշխատանքների վերաբերյալ, Երևանում, հարցազրույց է տվել միության ներկայացուցիչ տկն. Ալինա Գրիգորյանը, ուր ի միջի այլոց ասել է. ՙՍա 4-րդ անգամն է որ Փերիո կրթասիրաց միությունը մասնակցում է փառատոնին: Երեխաները շատ մեծ բավականություն են ստանում մասնակցությունից, ամեն անգամ անհամբեր սպասում են հաջորդ փառատոնին: Այն մեր երիտասարդներին հնարավորություն է տալիս ծանոթանալ տարբեր երկրներից ժամանած ու նաև հայաստանցի իրենց տարեկից հայրենակիցներին, որոնց հետ նամակագրական կապ են հաստատում՚:
Նա ավելացրել է, որ ՙՓառատոնը հատկապես ազգային կարևոր խնդիրների շուրջ միավորիչ ուժ ունի՚:
Ինչ վերաբերում է Հայկական հարցի ուղղությամբ տարվող աշխատանքներին, Ա. Գրիգորյանն ասել է. ՙԻնչպես բոլոր այլ հայկական համայնքներում, մենք էլ Իրանում շատ ջանք ենք թափում այդ ուղղությամ և ես վստահ եմ, որ Թուրքիան, մի օր, անպայման ճանաչելու է Հայոց Ցեղասպանությունը՚:
Ընդհանուր առմամբ, Փառատոնը Հայաստան-Սփյուռք փոխհարաբերության ամրապնդումի և համագործակցության առումով գնահատելի ծրագիր էր, որից հետո օգոստոսի 2-ին, ՓԿՄ ՙԷրեբունի՚ պարախումբն ու նրա պատասխանատուները բարձր տրամադրությամբ վերադարձան Նոր-Ջուղա:

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը և խաղողօրհնեքըª Փերիա գավառի Վերին Խոյգան գյուղում

Նախաձեռնությամբ Փերիո Կրթասիրաց Միության Կենտրոնական Վարչության և Կանանց բաժանմունքի օժանդակությամբ, ուրբաթ, 13 օգոստոսի 2010 թվականին, Վերափոխման Ս. Աստվածածին, խաղողօրհնեքի առիթով, կազմակերպվել էր ուխտագնացություն Փերիա գավառի Վերին Խոյգան և ապա Նամագերտ գյուղեր:
Առավոտյան ժամը 9-ին, Խոյգան գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու շրջափակում հավաքվել էին տեղի և քաղաքներից ժամանած մեծ թվով հավատացյալ հայորդիներ:
Օրվա առիթով Ս. Պատարագ մատուցվեց արժանապատիվ Տ. Խաչատուր քհն. Զարգարյանի ձեռամբ: Պատարագից և օրվա խորհրդի մասին խոսելուց հետո հավատացյալներին բաժանվեց օրհնված խաղողը, որից հետո, կեսօրին, ուխտավորները նախնական համադրության համաձայն հանգրվան գտան երբեմնի հայաբնակ Նամագերտ գյուղի նախկին հիվանդանոցի շենքում: Համատեղ ճաշկերույթի ընթացքին բարի գալստյան և բարեմաղթության արտահայտություններով հանդես եկավ ՓԿՄ Վարչության նախագահª պրն. Հայկ Հայրապետյանը: Նա շնորհակալություն հայտնեց միության Կանանց բաժանմունքինª այդ գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար:
Ճաշկերույթն առավել իմաստավորվեց խմբային և անհատական երգերի և պարերի կատարումներով:
Իրապես գնահատելի է հայկական ավանդական սովորությունների հիշատակելն ու նշելը, որոնք առավել կխթանեն հայ ընտանիքի ազգային, ավանդական և բարոյական նկարագրի պահպանմանը, հատկապս այն հողի վրա, որտեղ չորս դար շարունակ սնվել ու գոյատևել են մեր նախնիները, որոնք և մեզ են փոխանցել այս բոլորը հաջորդ սերունդներին փոխանցելու և նույն ոգով դաստիարակելու հույսով:
Ավանդական տոնակատարության օրն ավարտվեց անմոռանալի պահերով: Ուխտավորները հոգով հարստացած և բարձր տրամադրությամբ թողեցին վայրը:
Վերոհիշյալ տեղեկությունները մեզ տրամադրվել է Նոր- Ջուղայի Փերիո Կրթասիրաց միության Կենտրոնական Վարչության կողմից, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը:
«ԱՐԱՔՍ» թիվ 201
http://araxmag.blogspot.com
/

No comments: