Wednesday, October 27, 2010

«Ազգ». Հայաստանում իրավապահները թիվ մեկ կաշառակերներն են

Թերթը ներկայացնում է Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդակցությունների ինստիտուտի հարցումների արդյունքները:
«Կառավարության, նախարարությունների, պետական այլ կառույցների գործունեության ու կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդակցությունների ինստիտուտի անցկացրած հարցումները բնակչության մեջ հետաքրքրական արդյունքներ են ցույց տվել:
«Որքա՞ն հաճախ են խախտվում օրենքները հետեւյալ պետական մարմիններում» հարցերի պատասխաններում, 1-10 սանդղակով միջին գնահատականով առաջին երեք տեղերում գտնվում են բուհերը՝ 6 միավոր, հարկային մարմինները եւ դատաիրավապահ մարմինները՝ 5,9-ական միավոր: Դրանց հաջորդում են բուժհաստատություններ՝ՙ 5,7 միավոր, ճանապարհային ոստիկանությունը՝ 5,4 միավոր եւ այլն: Այս նույն հարցին, ենթադրյալ չորս՝ՙ «գրեթե չեն խախտվում», «երբեմն խախտվում են», «հաճախակի խախտվում են», «դժվարացել է գնահատել» պատասխանների մատնանշմամբ, խախտումների առաջատարների ցուցանիշները հետեւյալն են՝ «հաճախակի խախտվում են»՝ 47,8 տոկոս՝ հարկային մարմիններ, 48,5 տոկոս՝ դատաիրավապահ մարմիններ, 48,4 տոկոս՝ բուհեր: Իսկ երկու պատասխանների՝ «հաճախակի խախտվում են» եւ «երբեմն խախտվում են» միավորմամբ, հիմնական օրենքներ խախտողները բնակչության կարծիքով բուհերն են՝ 48,4 տոկոս եւ 22,2 տոկոս, հետո դատաիրավապահ մարմիններն են՝ 48,5 տոկոս եւ 17,8 տոկոս, ապա հարկային մարմինները՝ 47,8 տոկոս եւ 17,7 տոկոս:
«Վերջին 1 տարվա ընթացքում կաշառակերության մակարդակը նվազե՞լ է, մնացե՞լ է նույնը, թե՞ աճել է» հարցին դատաիրավապահ մարմինների վերաբերյալ «աճել է» եւ «մնացել է նույնը» պատասխանները տվել են հարցվողների միասին վերցրած 78,2 տոկոսը: Ընդ որում, 34 տոկոսն ասել է, որ աճել է, իսկ 44,2 տոկոսը՝ որ մնացել է նույնը: Հարկային մարմիններում կաշառակերության վերաբերյալ հարցին այս պատասխանները տվել են հարցվողների համապատասխանաբար՝ 33,6 տոկոսը եւ 38,2 տոկոսը: Բուհերի վերաբերյալ «աճել է» պատասխանը տվել է հարցվողների 37,7 տոկոսը, «մնացել է նույնը»՝ 36,9 տոկոսը:
Փաստորեն, օրենք խախտողների ցանկում երկրորդ տեղը զբաղեցնում են օրենք պաշտպանելուն կոչված դատաիրավապահ մարմինները, ինչը, առանց չափազանցության, մեր երկրի առջեւ ծառացած ամենադժվար լուծելի խնդիրներից է: Ավելին, վերոնշյալ ոլորտն արդեն առաջին տեղն է զբաղեցնում կաշառակերության բարձր մակարդակով: Մեկնաբանություններն այստեղ թերեւս ավելորդ են»,- արձանագրում է թերթը:

No comments: