Wednesday, October 27, 2010

Իրանը կրկին հայտարարել է, որ պատրաստ է միջնորդ դառնալ ԼՂ խնդրի կարգավորման հարցում

News.am. 26-10-2010- Իրանի պաշտոնական անձինք Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ կրկին հայտարարել են, որ Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Ինչպես հաղորդում է Trend-ը, այդ մասին հոկտեմբերի 26-ին Թեհրանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին: Նրա խոսքով, Հայաստանի վարչապետի Թեհրան կատարած այցի շրջնակներում Իրանի եւ Հայաստանի միջեւ ստորագրվել է համագործակցության փաստաթուղթ:
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանն իր ասուլիսում հայտարարել էր, թե Իրանը վստահ է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումն անհնար է:
Նրա խոսքով, որեւէ բախում չի նպաստի հակամարտության կարգավորմանը, իսկ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:
Ինչ վերաբերում է Իրանին սահմանակից Ֆիզուլիի շրջանում խաղաղապահների հնարավոր տեղակայման մասին շրջնառվող լուրերին, ապա դեսպանը հայտարարել էր. «Ամերիկացիներն են հավակնում իրենց ուժերն այնտեղ տեղակայել, ինչը մենք թույլ չենք տա»:
Ըստ դեսպանի, թեեւ Ֆիզուլիում խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին պաշտոնական տեղեկատվություն չկա, բայց «Իրանը, որպես հակամարտող երկրների հետ սահմանակից միակ երկիր, բնականաբար, պետք է ապահովի իր ազգային անվտանգությունը»: «Այդ տեսանկյունից, Իրանը շահագրգիռ է, որ նման բան թույլ չտա»,- ասել է նա:

No comments: