Saturday, October 30, 2010

Թուրք կուսակցապետ. Հրանտ Դինքի սպանության մեջ իշխանությունների մատը խառն է

News.am. 29-10-2010- Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է թուրքական իշխանությունների քաղաքականության արդյունքում։ Այս մասին, թուրքական NTV-ի եթերում ասել է Թուրքիայի «Ազատություն եւ համերաշխություն» (ÖDT) կուսակցության առաջնորդ Ալփեր Թաշը։
Թուրք կուսակցապետը հիշեցրել է, թե իրենք վաղուց են ասում, որ Դինքի սպանությունը կոլեկտիվ կերպով իրականացված սպանություն է։ «Այդ գործում պետությունն էլ կա։ Դինքի սպանությունն օրինականացնող անուններից մեկն էլ թուրքական կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեքն է։ Հիշյալ գործում դեր ունեն Ստամբուլի նահանգապետը, ոստիկանապետեր, ժանդարմերիան։ Հրանտ Դինքն սպանվել է պետության իրականացրած քաղաքականության արդյունքում»,-նշել է Ալփեր Թաշը:
Թուրք գործիչն անդրադարձել է Դինքի մարդասպանին անչափահասների համար նախատեսված դատարանում դատելու վճռին՝ նշելով, թե պետությունը երեխայից մարդասպան սարքեց։ «Այդ պատճառով Սամասթին դատելուց ավելի կարեւոր է պետության մտածելակերպը դատել եւ պատժել մեղավորներին»-ընդծել է Ալփեր Թաշը։

No comments: