Thursday, October 7, 2010

Աբդուլլահ Գյուլ. Հայկական հարցի և Թուրքիայի ԵՄ անդամակցության միջև կապ չկա

Tert.am. 7-10-2010- Որևէ կապ գոյություն չունի Թուրքիայի ԵՄ անդամակցության և Հայկական հարցի միջև: Այս մասին իտալական Limes ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Հարցազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Թուրքիայի նախագահն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Թուրքիայի համար զգայուն խնդիրներից է Հայկական հարցը: Երկու տարի առաջ Թուրքիայի և Հայաստանի միջև ֆուտբոլային հանդիպմանը մասնակցելու նպատակով այցելեցիք Երևան և հանդիպում ունեցաք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս ամենը հույս ներշնչեց, որ 1993թ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված պատերազմից ի վեր առաջին անգամ երկու երկրների միջև սկսվում է երկխոսություն: Սակայն այժմ դա կանգ է առել, և ոմանք կարծում են, թե Հայկական հարցի կարգավորումը պետք է որպես նախապայման դրվի Թուրքիայի առջև ԵՄ անդամակցության հարցում: Ի՞նչ պատասխան կտաք սրան» հարցին Թուրքիայի նախագահը պատասխանել է.
«Անկարայի ԵՄ անդամակցության և Հայկական հարցի միջև որևէ կապ գոյություն չունի: Բնականաբար, Թուրքիան վարում է տարածաշրջանում խաղաղության և համագործակցության հաստատմանն ուղղված քաղաքականություն, ինչը շատ կարևոր է: Մեր անկեղծությունը հայտնի է. մենք աշխատել ենք Կովկասում կայունության հաստատման համար: Անձամբ ես Հայաստանի հետ նախաձեռնություն սկսելու համար առաջին քայլերն եմ արել: Հայկական հարցը կարգավորման կարիք ունի: Իսկ հիմա հավանաբար լուռ դիվանագիտության ժամանակն է»:
Ի պատասխան այն հարցին, թե «Ի՞նչ նկատի ունենք ասելով «լուռ դիվանագիտություն» ասելով՝ Աբդուլլահ Գյուլը նկատել է. «Լուռ և վճռական դիվանագիտություն»:
«Այսինքն, առանց որևէ հասարակական նախաձեռնության, միայն գաղտնի բանակցություննե՞ր»,- հարցրել է լրագրողը:
«Այն կարծիքին եմ, որ խնդրի կարգավորմանը հասնելու համար դա է պահանջվում ներկա պահին»,- ասել է Թուրքիայի նախագահը:

No comments: