Saturday, October 23, 2010

Մեծ քաղաքականությո՞ւն. Ալիևը կրկին ասում է, որ Երևանն իրենցն է, Սարգսյանը հակադարձում է նրան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անցյալ շաբաթ Եվլախ քաղաքում տեղի ունեցած իր ելույթի ժամանակ հայտարարել է. «… ներկայիս Հայաստանը, քարտեզի վրա Հայաստանի Հանրապետություն անունով տարածքը բնիկ ադրբեջանական հողեր են: Դա է ճշմարտությունը… Իհարկե, Զանգեզուրը, Իրևանը, Իրևանի խանությունը մեր հողերն են»:
Այս տարի առաջին անգամ չէ, որ Արբեջանի նախագահը ելույթ է ունենում` մատնանշելով, որ Երևանն ադրբեջանական քաղաք է:
2010 թ. Տալլին կատարած պաշտոնական այցի ժամանակ նա դասախոսություն է կարդացել Էստոնիայի արտգործնախարարությունում` հայտարարելով, որ. «Հայերն ունեն իրենց պետությունը, թեև այդ պետությունն էլ է ստեղծվել պատմական ադրբեջանական հողերի վրա: Դա հայտնի է բոլորին: 1918 թ. Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը որոշում է ընդունել Հայաստանին որպես մայրաքաղաք հանձնել Իրևան քաղաքը: Իրևանը Իրևանի խանության քաղաքն է եղել, որտեղ ապրել են ադրբեջանցիներ»:

Այսպիսով, վերջին տարիներին ադրբեջանական քաղաքականության «երևանյան վեկտորը» առանձնակի ինտենսիվությամբ է մշակվում: Հարկ է նշել, որ նման հայտարարությունները հնչում են միջազգային կառույցների բացարձակ պասիվության ֆոնին և, որպես կանոն, հաջորդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ այլ կազմակերպությունների այս կամ այն հայտարարությանը:

Ալիևի հոկտեմբերի 16-ի ամենավերջին ելույթը հնչել է հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո:

Հոկտեմբերի 15-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջերս Լեռնային Ղարաբաղում անցկացված դաշտային առաքելության արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ էին հանդես եկել:

Այդ փաստաթղթում միջնորդները իրենց թույլ են տվել օգտագործել արտահայտություններ, որոնք մինչ օրս չեն եղել ԵԱՀԿ բառապաշարում: Առաջին` ընդգծվել է, որ գնահատող առաքելությունն անցկացվել է «Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում», երկրորդ` ԼՂՀ մայրաքաղաքն անվանել են Ստեփանակերտ-Խանքենդի (Խանքենդին Ստեփանակերտի ադրբեջանական անվանումն է), և երրորդ` ԼՂՀ իշխանությունները նշված են որպես «փաստացի»:

Բանն այն է, որ միշտ, նույնիսկ առաքելության մեկնարկից մի քանի շաբաթ առաջ, նրանք տարածքներն «ավադաբար» անվանում էին որպես «Լեռնային Ղարաբաղին հարակից», իսկ ԼՂՀ իշխանությունների հասցեին պաշտոնական փաստաթղթերում սովորաբար օգտագործվել է «Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ» ձևակերպումը: Այս արտահայտությունները, առնվազն, դիվանագիտորեն զուսպ էին և չեզոք:

Միջնորդներն այս անգամ իրենց բառապաշարում օգտագործել են հայկական կողմի համար ի սկզբանե և կտրականապես անընդունելի ձևակերպումներ: Ալիևն անհապաղ օգտվել է դրանից` հանդես գալով Հայաստանի նկատմամբ նոր տարածքային անթաքույց հավակնություններով:

Ըստ էության, Մինսկի խմբի համանախագահները, խախտելով այն փխրուն չեզոքությունը, որը մինչ այս նրանց հաջողվում էր ընդհանուր առմամբ այս կամ այն կերպ պահպանել, խրախուսել են Ալիևին ՀՀ-ի և ԼՂՀ-ի հասցեին բառային ագրեսիայի:

Երևանն արդեն չի բացառում ղարաբաղյան կարգավորման ձևաչափի փոփոխության հնարավորությունը, եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառի իրեն: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության համաձայն` «եթե Ղարաբաղի հարցով բանակցությունների ներկայիս ձևաչափը սպառի իրեն, ապա կքննարկվեն այլ տարբերակներ»:

Սփյուռքի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթի գրեթե կեսը նվիրել է իր ադրբեջանցի պաշտոնակցի հայտարարության մեկնաբանությանը:

«Այո՛, Ադրբեջանում ակնհայտ է հակահայկական ֆաշիզմի ծավալումը, որ իրականացվում է ծրագրված կերպով և ամենաբարձր մակարդակով: Խոսքը ոչ թե առանձին տաքգլուխների կամ ազգայնամոլությամբ տառապող հիվանդների մասին է, որոնց կարելի էր անտեսել, այլ պետական գաղափարախոսության, ըստ որի «ներկայիս Հայաստանը ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա»: Այսինքն` ոչ միայն Արցախը, այլև Երևանը, Սևանը, Սուրբ Էջմիածինը «պատմական ադրբեջանական հողեր» են: Ահա այս տրամաբանությամբ և այս համատեքստում է, որ Արցախը հայտնվում է, այսպես կոչված, «պատմական ադրբեջանական հողերի» շարքում: Վերջին անգամ այս մասին «իմացանք» հենց երեկ Ադրբեջանի նախագահի շուրթերից»:

Սարգսյանն ընդգծել է, որ Ադրբեջանում ակադեմիական հումանիտար գիտությունները վերածվել են ռազմաշունչ հայտարարությունների գեներատորի: «Նույնիսկ դժվար է որոշել, թե որտեղ է ավարտվում գիտությունը և սկսվում խամաճիկությունը»:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության թեմային` Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանն ինքն է պատերազմ սկսել, ինքը պարտություն կրել այդ պատերազմում, ինքը խնդրել հրադարարի մասին:

«Ադրբեջանցիները, իհարկե, իրենց դեմքը փրկելու համար ամենուր վայ-հռետորություն են անում, թե հայերն այլ երկրի օգնությամբ են պատերազմում հաղթանակ տարել: Պարզ է. այլապես ինչպե՞ս պետք է բացատրեին փոքրաթիվ հայերից ջախջախիչ պարտություն կրելու փաստը: Բայց այդպես էլ քաջություն չունեն հրապարակավ պաշտոնապես հայտարարելու, թե այդ ի՞նչ երրորդ երկրի մասին է խոսքը: Բա, ասե՛ք: Ասե՛ք, որ փաստերով ցույց տանք, որ ստում եք: Ինչո՞ւ չեք ասում»:
Արիս Ղազինյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից

No comments: