Wednesday, October 27, 2010

Հայ-թուրքական սահմանը բացել ցանկացող թուրքերը գալիս են Հայաստան՝ կոնֆերանս կազմակերպելու և ՀՀ արտգործնախարին հանդիպելու նպատակով

HayNews.am. 27-10-2010- Վաղը՝ հոկտեմբերի 28-ին, իրենց հավաստմամբ, «հայ-թուրքական սահմանը հատած» «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչն ու «Հասարակություն և ժողովրդավարություն» ասոցիացիայի նախագահ Բայբարս Օրսեքը Երևանում կոնֆերանս կկազմակերպեն, որի ժամանակ հիմնականում կքննարկվի փակ սահմանների հարցը:
Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանը «հատելուց» և Facebook սոցցանցում «Բաց սահմաններ Հայաստանի և Թուրքիայի միջև» խմբի ստեղծումից հետո հայ-թուրքական սահմանի բացման օգտին հանդես եկող թուրք երիտասարդ կուսակցականները կոնֆերանս կհրավիրեն Երևանում, ինչպես նաև հանդիպում կխնդրեն ՀՀ արտգործնախարարից, ավելի ուշ նաև Ահմեթ Դավութօղլուից:
Նշենք, որ «Հզոր Թուրքիա» կուսակցության անդամների տարածած հաղորդագրության համաձայն՝ կոնֆերանսը տեղի կունենա վաղը, 13:00-ին, «Մարրիոթ Արմենիա» հյուրանոցում:
Հայաստանից կոնֆերանսի անցկացմանը կաջակցի «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ով HayNews.am-ի հետ զրույցում նշեց, որ «Հզոր Թուրքիա» կուսակցության անդամների Երևան ժամանումը «բխում է մեր շահերից», քանի որ «նրանք կողմ են սահմանի բացմանն առանց նախապայմանների, իսկ Օրսեքը նաև բավական համարձակ հայտարարություններ է արել՝ կապված արցախյան հակամարտության հետ, ինչի արդյունքում էլ արժանացել է ադրբեջանական մամուլի սուր քննադատությանը»: Վերջինս նաև հավելեց, որ թուրք քաղաքական գործիչները դիմել են արտգործնախարարություն՝ խնդրելով հանդիպում Էդվարդ Նալբանդյանի հետ, սակայն ԱԳՆ-ի պատասխանի վերաբերյալ տեղեկություն դեռ չունի:
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ հայ-թուրքական սահմանի Ախուրյանի հատվածը վերահսկող ՌԴ սահմանապահների և «Հզոր կուսակցության» միջև հեռակա վեճ էր ծավալվել: Վերջիններս նշում էին, որ հատել են սահմանը, սակայն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ գնդապետ Անդրեյ Գուզեևը հերքում էր այս տեղեկությունը։

No comments: