Wednesday, October 13, 2010

ԳՅՈՒԼԻՆ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԲՈՂՈՔԵՔ

«ԱԶԳ», 13-10-2010 -Հոկտեմբերի 10-ին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, թե «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահն ու նրա կուսակիցները, հայ-թուրքական սահմանի փակ լինելու դեմ բողոքելով` Ախուրյանի կողմից խախտել են հայ-թուրքական սահմանը եւ լուսանկարվել այնտեղ: Լուսանկարները նույնպես լրատվամիջոցները տարածել էին: Այս լուրին հետեւեցին Հայաստանի սահմանների պաշտպանության ռուս պատասխանատուների հերքումները, թե նման բան չի եղել եւ չէր կարող պատահել: Իսկ հայկական կողմից զարմացած արձագանքներ էին հնչել, թե այդ ինչպե՞ս է հայ-թուրքական սահմանը պահպանվում, որ թուրքերն օրը ցերեկով անցնում են սահմանն ու դեռ լուսանկարվում հայկական կողմում` միաժամանակ թերահավատ, որ այդպիսի բան կարող է կատարվել: Սակայն երեկ այս պատմությունը շարունակություն ունեցավ. «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը թուրքական լրատվամիջոցներում հայտարարել էր, թե իր կուսակիցների հետ իրոք անցել է սահմանը եւ լուսանկարվել: Ու դեռ ավելացրել է, որ լավ կլիներ սահմանը բաց լիներ, իրենք գան ու հայերի հետ թեյ խմեն.«Հայկական մամուլում անհանգստություն է նկատվել սահմանն անցնելու առիթով` կարիք չկա, մենք խաղաղության եւ եղբայրության կողմնակից ենք»: Փաստորեն, եթե սա ճիշտ է, թուրք կուսակցականների այս խումբն այսպես է նշել հայ-թուրքական արձանագրությունների մեկ տարին, սա բազմաթիվ հարցականների առիթ կարող է դառնալ: Ուշագրավ է, անդրադառնալով սահմանն անցնելու վերաբերյալ Հայաստանում ՌԴ անվտանգության ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Անդրեյ Գուզեեւի հերքումներին, որ այդպիսի բան չի եղել եւ չէր կարող լինել, Թ. Բեքլեւիչը նկատել է, թե Հայաստանի եւ ռուս սահմանապահների միջեւ իրենք նպատակ չունեին վեճ առաջացնել, իրենց արածն ուղղակի բողոքի ակցիա է` փակ սահմանի դեմ:
Եթե այս պատմությունը ճիշտ է` ուրեմն Հայաստանի սահմանը թափանցիկ է, ու այնտեղից ով ասես եւ ինչ ասես կարող է անցնել օրը ցերեկով, ու միջպետական պայմանագիրն այս դեպքում թուղթ է, ուրեմն եւ մենք խնդիր ունենք լրացուցիչ ամրացնելու հայ-թուրքական սահմանը: Իսկ եթե սա թուրքերի տեղեկատվական սադրանքների ձեւերից մեկն է` այնքան էլ հաջող չէ, քանի որ դրանից միջպետական սկանդալի հոտ է գալիս:
Թուրք կուսակցական գործիչներն ավելի լավ է գնան Անկարա եւ երկրի ղեկավար կառույցների վարչական շենքերի դիմաց բողոքեն` հայ-թուրքական սահմանը փակ են պահում Էրդողանն ու Գյուլը:

No comments: