Tuesday, October 5, 2010

«Ջավախք» միության նախագահ. Վաշաձեն իր ցինիզմով գերազանցեց ինքն իրեն

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն Երեւան կատարած իր վերջին այցի ընթացքում գերազանցել է ինքն իրեն եւ դուրս եկել թույլատրելիի է սահմաններից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել հանրապետական պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը՝ մեկնաբանելով Վաշաձեի այն հայտարարությունը, թե ինքը Վրաստանի տարածքում Ջավախք անունով տարածք չգիտի:
«Ես երբեք Վրաստանի հայերի խնդիրների լուծումը չեմ կապել Վաշաձեի այցերի հետ, բայց նրա վերջին հայտարարությունը հարիր չէ ոչ մարդուն, ոչ դիվանագետին, ոչ ազնիվ վրացուն: Դա ուղղակի ցինիզմի գագաթնակետն է: Եթե Վաշաձեն չգիտի, թե ինչ է Ջավախքը, նրան կարելի է աշխարհագրության դասեր տալ եւ Վրաստանի քարտեզի վրա ցույց տալ Սամցխե-Ջավախեթիի շրջանը, որի հիմնական մասը հայաբնակ Ջավախքն է, որտեղ ապրում են հայեր, որոնք Վրաստանի լիիրավ քաղաքացիներ են, վճարում են հարկերը, բայց չեն օգտվում ազգային փոքրամասնությունների իրավունքներից»,- ասել է Թորոսյանը:
Մեկնաբանելով Վաշաձեի այն հայտարարությունը, թե Վրաստանը վերանորոգել է 103 հայկական դպրոց, Թորոսյանը նշել է, որ նախ պետք չէր այդ դպրոցները գոմեր դարձնել, որտեղ կես ժամ կանգնելն անհնար էր: «Հետո, հայկական դպրոցների գերակշիռ մասը վերանորոգվել է Հայաստանի հաշվին, եւ միայն 8-10 տոկոսը՝ Վրաստանի բյուջեի»,- ասել է Թորոսյանը:

No comments: