Tuesday, October 5, 2010

ՁԵՐ ՎԱԽԵՐԸ ՁԵԶ ՊԱՀԵՔ

ՀՀ ԱԺ պատգամավոր, Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հայտարարությունը Ազգային ժողովի հոկտեմբերի 5-ի նիստում
«Լրագիր» 5-10-2010- ԼՂՀ-ի ճանաչման օրինագիծը 2007թ.-ից ի վեր, երբ առաջին անգամ դրվեց շրջանառության մեջ, լակմուսի թուղթ դարձավ` մեր ներքին վիճակի ու Արցախի խնդրի նկատմամբ Հայաստանի քաղաքականության ողբերգականությունը բացահայտելու համար: Հայ-թուրքական արձանագրությունների կողքին այն ցույց տվեց, որ համազգային հարցերում հորջորջվող ազգային համաձայնությունն ու միաբանությունն ուղղակի միֆեր են` լոկ խոսքեր: Մի կողմ թողնելով ներքաղաքական հարցերում իշխանությունների հետ մեր տակավին անհաղթահարելի տարաձայնությունները` տարիներ շարունակ փորձեցինք համոզել` միասնաբար ու համախոհությամբ մոտեցնել ու հասունացնել Հայաստանի ու այլոց կողմից Արցախի անկախության ճանաչման պահը. քայլ, որը չի արվել Արցախի փաստացի անկախության ողջ 19 տարիների ընթացքում: Բայց` ապարդյուն:
Այսօր իշխանությունների, ինչպես նաեւ` այլ ընդդիմախոսների կողմից Արցախի ճանաչման ու դրա պահի դեմ բերվող հակափաստարկներն են, թե իրենց գերնպատակը Արցախի միջազգային ճանաչումն է, թե միայն Հայաստանի կողմից ճանաչումը ոչինչ չի տա, որ իբր այդ քայլը կձախողի բանակցային գործընթացը, կնպաստի Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսմանը, կբերի Հայաստանի ու Արցախի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, թե իբր Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ այն, ինչ թույլ են տվել Թուրքիան Հյուսիսային Կիպրոսի, ԱՄՆ-ն ու այլք` Կոսովոյի, իսկ Ռուսաստանը` Աբխազիայի ու Հարավային Օսիայի հանդեպ: Հակիրճ ասեմ, որ չեմ հավատում այս բոլորին, որովհետեւ բացի վերջինից` մնացած բոլոր հնամաշ փաստարկները 19 տարի շարունակ բերվել են նախորդ երկու նախագահների պաշտոնավարման օրոք, ովքեր նույնպես խոստանում էին Արցախի միջազգային ճանաչում, բայց մեր սեղանին դրեցին փաթեթային ու փուլային տարբերակներ` փարիզյան, քիվեսթյան ու մադրիդյան սկզբունքներ, ԼՂՀ-ին հեռացրին բանակցային գործընթացից ու սուբյեկտից վերածեցին օբյեկտի:
Մինչ մեր սրտերում ու մտքերում Արցախի ճանաչումն իր տեղը զիջեց այդ հիմնազուրկ վախերին, այդ ընթացքում Արցախի միջազգային ճանաչման փոխարեն սկսվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը` 2005թ. ԵԽԽՎ-ում, 2008թ. ՄԱԿ-ում, 2010թ. Եվրոպական Խորհրդարանում:
Եթե ասվում է, թե Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը կձախողի բանակցությունները, ապա դա ասողները պետք է հիմնավորեն նաեւ, թե ինչո՞ւ միջազգային կազմակերպություններում ընդունված այդ բանաձեւերը նույնքան անգամ չեն տապալել բանակցությունները: Ոչ միջազգային հանրությունը, ոչ մենք չդադարեցրինք դրանք, այնպես չէ±: Դրանք մինչեւ այսօր չեն տապալվել անգամ այն իրողությունից, որ մեր ու միջազգային հանրության համար անթաքույց Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի: Վկան` Ադրբեջանի սպառազինության անթաքույց աճն է, Ալիեւի հաճախակիացող հայտարարությունները պատերազմի մասին, Ադրբեջանի նոր ռազմական դոկտրինան, սաստկացող պրոպոգանդան ու ինֆորմացիոն պատերազմը: Ինչո՞ւ այսքանից հետո բանակցությունները չեն ձախողվում: Ավելին` Ադրբեջանը մեր վրա պահել է ինքնաձիգի փողը, ձեռքը դրել ձգանի վրա, մեզ պարտադրում է իրենից գնել խաղաղությունը, իսկ մենք փոխզիջումներից ենք խոսում ու Մադրիդյան սկզբունքեր խաղում: Ինչո±ւ այս ամենից ու վերջին շրջանի բացահայտ ռազմական դիվերսիաներից հետո Ադրբեջանին չեն պատժում, բայց Արցախի կյանքի ու անկախության անքակտելի իրավունքը ճանաչելու կամ այդ հարցն օրակարգում ներառելու համար մեզ պետք է պատժեն: Պետք չէ սեփական վախերը փաթաթել հասարակությանը, պատասխանատվությունից խուսափելը քողարկել բանակցություններին չվնասելու անհիմն պատճառաբանությամբ, Արցախի ճանաչումը վերածել Կիկոսի մահին: Եթե ժամանակին Արցախն ու Հայաստանը փոքրի, թույլի ու անզորի զգացողություն ունենային, ինչպես այսօր ունեն, անհավասար մարտում չէին հաղթի: Եթե կարծում եք, որ Արցախն իր անկախության 20-ամյա տարեդարձը պետք է նշի չճանաչված անգամ Հայաստանի կողմից, ապա նշանակում է` մենք էլ չենք հասունացել ճանաչելու համար:

No comments: