Friday, October 8, 2010

Հայաստանի խորհրդարանական ուժերը չեն հավատում հայ-թուրքական գործընթացի վերակենդանացմանը

News.am. 8-10-2010- Հայաստանի խորհրդարանական ուժերը չեն հավատում հայ-թուրքական գործընթացի վերակենդանացման հնարավորությանը: Ինչպես Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցում հայտնել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, հայ-թուրքական գործընթացը նման է «մեռելածին երեխայի», որին անհնար է վերակենդանացնել: Ընդ որում, Սաֆարյանը չի հավատում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հավաստիացումներին, թե Անկարայի եւ Երեւանի միջեւ արդեն մի քանի ամիս բանակցություններ չեն վարվում: «Իտալական թերթերից մեկն օրերս հրապարակել է թուրքական կողմի հայտարարությունը, որում ապացուցվում է փաստը, թե Անկարան եւ Երեւանը բանակցություններ են վարում հարաբերություններ հաստատելու ուղղությամբ»,- ասել է Սաֆարյանը:
Իր հերթին Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, թե հայ-թուրքական գործընթացը լրջորեն հարվածել է Հայաստանի հեղինակությանը: «Այսօր ներդրողները իրենց միջոցներն ուղղում են Վրաստան՝ շրջանցելով Հայաստանը, միջազգային կազմակերպությունները մեր շահերին հակասող բանաձեւեր են ընդունում: Այդ ամենի ֆոնին Թուրքիայի հեղինակությունը բարձրացավ, Անկարան շահեց հայ-թուրքական գործընթացից, այժմ միջազգային հանրությունը առավել լրջորեն է ընկալում Թուրքիայի հավակնությունները ղարաբաղյան հակամարտությունում»,- ասել է Հովհաննիսյանը: Նա ընդգծել է, թե միակ ճիշտ, բայց ուշացած տարբերակը Երեւանի ստորագրության հետկանչն է հայ-թուրքական արձանագրությունների տակից:
Այդ կարծիքը չեն կիսում խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները: Հանրապետական Արտակ Զաքարյանն ու «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարել են, թե Հայաստանը, շնորհիվ այդ գործընթացի, միջազգային հանրության աչքում նախաձեռնող երկրի իմիջ ձեռք բերեց:
Նշենք, որ հոկտեմբերի 10-ին լրանում է Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մեկ տարին:

No comments: