Tuesday, November 23, 2010

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1945-1946 ԹԹ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Դա իր բովանդակությամբ առաջինն է ոչ միայն հայ պատմագրության մեջ
«ԱԶԳ» , 23-11-2010- Առաջին համաշխարհային պատերազմը հստակ սահմանագիծ անցկացրեց Հայկական հարցի միջազգային շահարկումների եւ դրա լուծման հնարավորությունների միջեւ: Երիտթուրքերը, օգտվելով պատերազմական իրավիճակից, ցեղասպանության ենթարկեցին արեւմտահայերին: Չնայած ողբերգական հետեւանքներին, արեւմտահայության բնաջնջումը չհանգեցրեց Հայկական հարցի ամբողջական սպառմանը, այլ փոխադրեց որակական նոր հարթություն, որ պահպանի իր տեղը մեծ տերությունների ծրագրում:
Դրա վկայությունը դարձան 1920 թ. օգոստոսի 10-ին Սեւրի պայմանագրի ստորագրումն ու Թուրքիայի տարածքում «Հայկական ազգային օջախ» ստեղծելու մեծ տերությունների Լոզանի կոնֆերանսում ցուցաբերած նախաձեռնությունը, որն արժանացավ այն ճակատագրին, ինչ Սեւրով մեծ Հայաստան կերտելը: Քանի որ Մեծ եղեռնն արդեն իրողություն էր, ուստի շահարկումներում շեշտադրությունն ընկավ զանգվածային կոտորածների վրա: Դրանով փոխվեց հարցի ավանդական ընկալումը: Այսպիսով, մեծ տերությունների օրակարգում Հայկական հարցին հետզհետե փոխարինեց Հայոց ցեղասպանությունը:
1923-ի հուլիսի 24-ին Լոզանի պայմանագրով մեծ տերությունները ճանաչեցին քեմալական Թուրքիայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունը: Նրանք օրինականացրին նաեւ հայերի նկատմամբ նորաստեղծ Թուրքիայի ղեկավարության թշնամական վարքագիծը: Օրինականացման առումով Լոզանը եկավ լրացնելու 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը, այն տարբերությամբ, որ եթե Կարսում ոտնահարվում էր Մեծ եղեռնի միջազգային ճանաչման համար պայքարելու հայ ժողովրդի իրավունքը, շնորհելով «լիակատար ներում այն զանցանքների ու հանցանքների համար, որոնք բխել են կովկասյան ռազմաճակատում տեղի ունեցած գործողություններից», ապա 1923 թ. մայիսի 31-ի նիստում Լոզանի կոնֆերանսը «հնարավոր չհամարեց քննարկել Թուրքիայից հեռացած որոշ անձանց, մասնավորապես հայերին, ներման ուժով իրենց երկիրն ազատ վերադառնալու իրավունք շնորհելու հարցը»: Փոխարենը քննարկման դրվեց «տեղահանության եւ կոտորածների գործով մեղադրյալների հարցը»: Կոնֆերանսը ոչ միայն ներում շնորհեց մեղադրյալներին, այլեւ ներումը տարածեց 1 օգոստոսի 1914-20 նոյեմբերի 1922 թթ. իրագործված հանցանքների վրա, արդարացնելով թուրք ջարդարարներին:
Ոգեւորված Կարսի եւ Լոզանի պայմանագրերի ընձեռած հնարավորությունից, քեմալական Թուրքիայի ղեկավարները ձեռնամուխ եղան մոռացության մատնելու միջոցով թուրք ժողովրդի հասարակական հիշողությունից ջնջել Հայոց ցեղասպանությունն ու ապակողմնորոշել միջազգային հանրությանը:
Հայկական հարցն անխնա շահարկելու, արեւմտահայության իղձերը մշտապես շահախնդիր շահարկումների առարկա դարձնելու պատասխանատվության գիտակցումով մեծ տերությունները ցեղասպանության հարցում տուրք տվեցին թուրքական նկրտումներին: Ինչ վերաբերում է թուրք ժողովրդին, ապա դրա հոծ զանգվածները քուրդ աշիրաթների հետ սիրահոժար մասնակցել էին հայերի կոտորածներին: Հետեւաբար, տրամաբանական է, որ Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու առումով թուրք հասարակությունը համերաշխ լիներ երկրի ղեկավարների հետ եւ այդ հարցում անվերապահորեն պաշտպաներ պետական դիրքորոշումը, որովհետեւ հանցագործի հոգեբանությունը նրան այլընտրանք չէր թողել:
Մինչ Թուրքիան, մոռացության մատնելով Հայոց ցեղասպանությունը, Հայկական հարցը համարում էր փակված, իսկ ոճրագործության միջազգային պատասխանատվությունից խուսափելու առաջադրանքըՙ կատարված, ահա 1933-ին Վիեննայում լույս է տեսնում Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», որը 1934-36-ին հրատարակվում է ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում: Գրքի միջազգային լայն արձագանքը ահազանգի ներգործություն է ունենում Թուրքիայում: Նրա ղեկավարները սկսում են կասկածանքով վերաբերվել միջազգային հանրությանը, զգալով ոճրագործության համար պատասխանատվության Հայկական հարցի միջազգային օրակարգում պահպանումից բխող անխուսափելիությունը:
Թեեւ Թուրքիային հաջողվում է ձախողել վեպը էկրանավորելու ամերիկյան կինոընկերության նախաձեռնությունը, սակայն 50-ական թթ. Լիբանանում, Իրանում, Հունաստանում եւ այլուր ակտիվանում են աշխարհով մեկ սփռված հայերը: 1965-ին Մեծ եղեռնի 50-րդ տարելիցին Երեւանում կազմակերպվում են հուժկու ցույցեր, որոնց հարյուր հազարի հասնող մասնակիցները «Մեր հողերն ենք ուզումՙ պատմական հայրենիքը» կարգախոսով ցեղասպանության համար դատապարտում են երիտթուրքերին եւ Թուրքիային, իսկ 70-ականներին ասպարեզ է իջնում ԱՍԱԼԱ-ն:
Այս ամենը նպաստում է, որ ապրիլի 24-ը ցեղասպանության զոհերի հիշատակման օր հռչակվի աշխարհի շատ երկրներում: Դրան հետեւում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի սկզբնավորումը, որի ծավալմանը թափ է հաղորդել նորանկախ Հայաստանի Հանրապետությունը, դարձնելով ճանաչումը արտաքին քաղաքականության օրակարգի հարց:
Ներկայումս ավելի քան 20 երկիր պետականորեն կամ խորհրդարանի մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Դա անդառնալի է դարձնում գործընթացի հետագա ծավալումը, իսկ ծավալման պայմաններում ոչ միայն սպառվում են թուրքական ժխտողականության դիրքերը ու սահմանափակվում ոճրագործության միջազգային պատասխանատվությունից խուսափելու Թուրքիայի հնարավորությունները, այլեւ նախադրյալներ են ստեղծվում, որ հետզհետե միջազգայնացվի նաեւ ցեղասպանության հետեւանքների վերացման հարցը:
Մանավանդ որ այդ հարցը «Թուրքիայի բռնի անջատած բուն հայկական տարածքներըՙ Կարսի եւ Արդահանի մարզերը (ներառյալ Սուրմալուն) Հայկական ԽՍՀՄ-ին վերադարձնելու» պահանջով 1945-46 թթ. դրվել է խորհրդա-թուրքական հարաբերությունների առանցքում եւ բուռն քննարկումների առարկա է դարձել ԽՍՀՄ-ի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումներում:
Խնդրո առարկան, ինչ խոսք, եղել է հայկական պահանջատիրությունը: Ընդ որում, պահանջատիրոջ դերում հանդես է եկել այնպիսի գերտերություն, ինչպիսին էր ԽՍՀՄ-ը, այն էլ համայն հայության անունից, որն իր վճռականությունը հաստատել էր կազմակերպելով տասնյակհազարավոր սփյուռքահայերի հայրենադարձությունը:
Պահանջատիրության առումով չափազանց կարեւոր են «հետպատերազմյան Թուրքիայի վերակառուցման առաջարկություն մշակելու եւ ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի քննարկմանը ներկայացնելու» Ստալինի1945-ի փետրվարին Միկոյանին եւ կենտկոմի քարտուղար Մալենկովին տված կարգադրությունն ու 1925 թ. խորհրդա-թուրքական պայմանագիրը չեղյալ համարելու արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Մոլոտովի առաջարկը, որը նա 1945-ի մարտի 15-ին պաշտոնապես ներկայացրել է թուրքական կողմին:
Եթե Վերֆելի վեպը ահազանգի ներգործություն էր ունեցել Թուրքիայի վրա, ապա ԽՍՀՄ-ի պահանջն էլ խուճապի է մատնել նրան, համոզելով, որ Հայկական հարցը միջազգային օրակարգում է, դա չի սահմանափակվում ցեղասպանության ճանաչման նախաձեռնություններով, այլ ենթադրում է դրա հետեւանքների վերացումն ու կատարած ոճրագործության համար պատասխանատվության ստանձնումը:
Ցեղասպանության հետեւանքների վերացման հարցը չափազանց նուրբ է, պահանջում է ավելի քան լուրջ մոտեցում եւ բազմակողմանի ուսումնասիրություն: Չնայած որոշ աշխատությունների առկայությանը, Հայաստանում հարցի ուսումնասիրությունը դեռեւս լիարժեք չէ: Դրա գլխավոր պատճառը դիվանագիտական անհրաժեշտ փաստաթղթերի անմատչելիությունն էր: Թվում է, թե այս բացը լրացնում է օրերս Երեւանում ՀՀ փոխարտգործնախարար, պատմ. գիտ. դոկտ Արման Կիրակոսյանի խմբագրությամբ լույս տեսած «Հայաստանը եւ խորհրդա-թուրքական հարաբերությունները 1945-1946 թթ. դիվանագիտական փաստաթղթերում» աշխատությունը, որն իր բովանդակությամբ առաջինն է ոչ միայն հայ պատմագրության մեջ:
330 էջանոց այս աշխատությունը ռուսերեն է, այսինքնՙ Թուրքիային ԽՍՀՄ-ի ներկայացրած «բուն հայկական տարածքները Հայկական ԽՍՀ-ին վերադարձնելու» պահանջին առնչվող փաստաթղթերը մատուցվում են բնագրով: Կազմված է «Առաջաբանից», առաջին եւ երկրորդ բաժիններից, ունի ծանոթագրություններ, անձնանունների եւ տեղանունների ցուցիչ, ինչպես նաեւ Հայկական հարցի պատմության առանցքային դրվագներն արտացոլող 9 քարտեզ:
Առաջաբանում Արման Կիրակոսյանը հետահայաց անդրադառնում է ռուս-թուրքական հարաբերություններին, բաժանելով դրանք «բարիդրացիության եւ բարեկամության», «վստահության ճգնաժամի» եւ «բարիդրացիության եւ փոխըմբռնման» փուլերի, հակիրճ, բայց բովանդակալից ներկայացնում է Հայկական հարցի պատմությունը, ցեղասպանությանը ներառյալ, ապա եւ միջազգային փաստաթղթերի լույսի տակ մանրամասն շարադրում է «Թուրքիայի կողմից բռնի անջատված բուն հայկական տարածքները Հայկական ԽՍՀ վերադարձնելու» ԽՍՀՄ-ի պահանջի շարժառիթները, զարգացումները, հետեւանքներն ու դրան առնչվող բանակցությունները Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հետ:
Ժողովածուի առաջին բաժնում զետեղված են ԽՍՀՄ փոխարտգործնախարար Կավտարաձեի «Թուրքիային անցած հին հայկական հողերի եւ սփյուռքահայերի հայրենադարձության հավանականության» մասին զեկուցագիր ներկայացնելու պահանջով Հայկական ԽՍՀ արտաքին գործերի ժողկոմիսար Կարապետյանին հղած նամակը, նամակին ի պատասխան գրված հանգամանալից զեկույցը, սփյուռքահայերի դիմումը ՄԱԿ-ին, միջազգային կառույցներին եւ մեծ տերություններին:
Ներկայացված փաստաթղթերից թերեւս ամենակարեւորը Հայկական ԽՍՀ արտգործնախարար Կարապետյանի զեկուցագիրն է, որտեղ նա շարադրում է Թուրքիայի կողմից հայկական տարածքների գրավման պատմությունը, անդրադառնում է ցեղասպանությանը, ապա ԽՍՀՄ արտգործնախարարությանը առաջարկում է հայկական հողերի վերադարձման 3 տարբերակ: Ըստ առաջինի, Հայկական ԽՍՀ-ին պետք է միանային Կարսի մարզը, Արդահանն ու Սուրմալուն, երկրորդ տարբերակը ենթադրում էր 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրով հաստատված ռուս-թուրքական սահմանի վերականգնումը, համաձայն որիՙ Կարսի մարզից զատ պահանջվում էր նաեւ Ալաշկերտի հովիտը Բայազետ քաղաքով, իսկ 3-րդ տարբերակը նախատեսում էր բացի Կարսից, Սուրմալուից, Ալաշկերտից, նաեւ հայկական 6 վիլայեթներից Էրզրումի, Վանի, Բիթլիսի միացումը ԽՍՀՄ-ին:
Կարապետյանի զեկույցը ցույց է տալիս, որ պահանջատիրությունը ի սկզբանե յուրահատուկ է եղել նաեւ հայ բոլշեւիկներին, եւ նրանք երբեւէ չեն հրաժարվել պատմական հայրենիքի տարածքներից: Ժողովածուի երկրորդ մասում ներկայացված են հայկական հողերի վերադարձին առնչվող ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի դիվանագիտական փաստաթղթերն ու Պոտսդամի կոնֆերանսի նյութերը:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալման ներկա փուլում պատմ. գիտ. դոկտ. Արման Կիրակոսյանի «Հայաստանը եւ խորհրդա-թուրքական հարաբերությունները 1945-1946 թթ. դիվանագիտական փաստաթղթերում» ժողովածուն չափազանց կարեւոր ներդրում է Մեծ եղեռնի հետեւանքների վերացման հարցին լուրջ մոտեցումներ մշակելու առումով: Աշխատության մեջ ներառված դիվանագիտական փաստաթղթերը մատնանշում են, որ Հայկական հարցը, անկախ Բրեստ-Լիտովսկի, Մոսկվայի, Կարսի եւ Լոզանի պայմանագրերից, ամենեւին չի սպառվել, ընդհակառակը, պահպանել է իր տեղը մեծ տերությունների ծրագրերում, շարունակելով զբաղեցնել միջազգային օրակարգը, ոչ էլ սահմանափակվում է ցեղասպանության միջազգային ճանաչումով, այլեւ ենթադրում է ոճրագործության հետեւանքների վերացումը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: