Wednesday, November 24, 2010

Էրդողանն արդեն Բեյրութում է. հայությունը պատրաստվում է հուժկու հանրահավաքի

HayNews.am. 24-11-2010- Այս պահին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն արդեն Լիբանանում է: Ինչպես HayNews.am-ին փոխանցեց Լիբանանի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանը, «Էրդողանին օդանավակայանում դիմավորել է վարչապետ Սաադ Հարիրին, որից հետո տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն»:
«Լիբանանի ներքին ապահովական ուժերն անում են ամեն ինչ, որպեսզի հայերի և Էրդողանի հեռավորությունը բավական մեծ լինի: Նրա ինքնաթիռը վայրէջք կատարեց ուշացումով, օդանավակայանն ամբողջովին շրջապատված է ուժային կառույցների ներկայացուցիչներով: Բեյրութի հայաշատ վայրերում փակցված հակաթրքական պաստառները հանվել են ոստիկանության ուժերով: Ցավոք սրտի, Էրդողանն այնպիսի քաղաքականություն է վարում, որ Լիբանանի ղեկավարությունը` մասնավորապես սըննի համայնքը նրան դիտարկում է իբրև բարեգործ: Ճիշտ նույն ձևի էլ շիաները դիտարկում են Իրանի նախագահ Ահմադինեջադին: Մենք մեր այսօրվա ցույցերով և վաղվա հուժկու հանրահավաքով մեր պետությնա ղեկավարությանը փորձելու ենք համոզել, որ Թուրքիո վարած քաղաքականությունը կեղծ է»:
Նկատենք, որ Բեյրութի կենտրոնական` Նահատակաց հրապարակում վաղվա հանրահավաքին պատրաստվում են մասնակցել հազարավոր հայեր: Այն կազմակերպում են Լիբանանի երեք ավանդական` Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան, Հայ Հեղափոխական Դաշնակցություն և Ռամկավար Ազատական կուսակցությունները:
ՍԴՀԿ-ից ելույթ հանրահավաքին ելույթ է ունենալու կուսակցության փոխատենապետ Ալեքսան Քեոշկերյանը, իսկ ՀՅԴ-ից` Ավո Կիդանյանը: Հանրահավաքը փակելու է Լիբանանի թեմի սրբազանը:

No comments: